25.11.2024
ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը ցավակցել է Ֆրանսուա Օլանդին՝ Նիսի ահաբեկչության կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Նիս քաղաքում տեղի ունեցած ոճրագործության կապակցությամբ:

«Խորապես ցնցված եմ երեկ երեկոյան Նիսում տեղի ունեցած սարսափելի ոճրագործության լուրից, որին զոհ դարձան տասնյակ անմեղ մարդիկ:

Վերջին մեկուկես տարվա ընթացքում Ֆրանսիան բարբարոսական գործողությունների թիրախ է դառնում արդեն երրորդ անգամ: Դրանք հարված են ոչ միայն Ֆրանսիային, այլև ողջ մարդկությանը: Սա նաև ազդակ է ավելի վճռականորեն համախմբելու մեր բոլորի ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի կառավարությանը, զոհվածների հարազատներին Ձեր երկրին պատուհասած ողբերգության կապակցությամբ և վստահեցնում, որ վշտի այս ծանր պահին Հայաստանը և հայ ժողովուրդը կանգնած են բարեկամ Ֆրանսիայի կողքին»,- ասված է ցավակցական հեռագրում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Նիսի անգլիական լողափում հուլիսի 14-ի երեկոյան Բաստիլի գրավման օրը նշելու համար հավաքված մարդկանց ամբոխի մեջ մեծ արագությամբ մխրճված բեռնատարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 84-ի, եւս 18 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Վիրավոր է ավելի քան 120 մարդ: