24.11.2024
Ադրբեջանի «դարի գործարքն» այլևս միայն պատմական անախրոնիզմ է. փորձագետ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Եվ դո՞ւ, Իշխա՛ն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ խոսվում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանի՝ խմբակցությունից դուրս գալու մասին։ Զաքարյանն օրերս խմբակցության ղեկավարությանը հայտնել է, որ որոշումն արդեն կայացրել է եւ, ըստ ամենայնի, առաջիկայում կհրապարակի։ Պրոցեսը, որը սկսվել էր ամիսներ առաջ, գուցե` նոր ԱԺ-ի կազմավորման առաջին իսկ պահից, պարզապես սառեցվել էր Արթուր Վանեցյանի շնորհիվ։ Մեր տեղեկություններով, նա նախատել էր Զաքարյանին, հորդորել խմբակցությունը լքելու դեպքում մանդատից հրաժարվել։ Սակայն Զաքարյանի ՔՊ-ական ընկերները` Խաչատուր Սուքիասյանի ղեկավարությամբ, ավելի համառ են գտնվել: Մեր աղբյուրների պնդմամբ՝ իշխանությանը հաջողվել է Զաքարյանին պոկել ընդդիմությունից, եւ առաջիկայում նա կհայտարարի, որ գործունեությունը շարունակելու է «անկախ պատգամավորի կարգավիճակում»: Նման դեպքերը ՀՀ ԱԺ-ում բազմիցս եղել են, եւ որքան էլ տվյալ անձին խորհրդարան տարած քաղաքական ուժը փորձել է մանդատը վերցնել «դավաճանի» ձեռքից, դա գլուխ չի եկել: Ամենատիպիկ օրինակը Խաչատուր Քոքոբելյանի օրինակն էր, որը «Ժառանգության» հետ կոալիցիայով մտավ, ապա տարանջատվեց նրանից եւ մանդատն էլ չհանձնեց: Ի դեպ, լուրեր կան, որ մանդատից հնարավոր է հրաժարվի նաեւ Իզմիրլյան ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը։ Լուրեր կան, որ պատգամավորը որոշել է ընդունել ՔՊ նախապայմանը` հրաժարվել մանդատից, ազատ արձակվել եւ վերադառնալ հիվանդանոց` մասնագիտական աշխատանքի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018թ. դեկտեմμերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, Տավուշի մարզում ամենամեծ թվով քվերներն էր ստացել: Սակայն 2021թ. հունիսի 20-ին կայացած ԱԺ ընտրություններին նա չմասնակցեց, կարծես թե Սիփան Փաշինյանը ընդհատակ է անցել: Իջեւան քաղաքում տեղեկություն էր տարածված, թե Սիփան Փաշինյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԺ նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը տեղափոխվել է Ուկրաինա, ուր Վիգեն Բադալյանի՝ Վիվառոյի Վիգենի աջակցությամբ բուքմեյքերական ընկերություն է բացել: Այդ գործում նա այնքան է հաջողել, որ նրա ընկերությունը ճանաչվել է Ուկրաինայի լավագույն բուքմեյքերական ընկերությունը: Հավանաբար նկատի են ունեցել, որ Սիփան Փաշինյանի նորաբաց ընկերությունը ամենամեծ թվով խաղադրույքներն է ընդունել ազարտային խաղերի սիրահարներից»:


«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող եւ հրապարակախոս Վանո Սիրադեղյանի աճյունը գտնվում է հարեւան Վրաստանում: Ավելի վաղ հարցի շուրջ, թե երբ է ՀՀ տեղափոխվելու Սիրադեղյանի աճյունը, մեկնաբանություն էինք ստացել որդուց՝ Խաչատուր Սիրադեղյանից, որը մասնավորապես ասել էր. «Տեղափոխման գորընթացը այս պահին ընթանում է: Բայց թե երբ արդեն հայրիկիս աճյունը վերջնականապես կլինի հայրենի երկրում, ցավոք, հստակ նշել չենք կարող: Բայց այն, որ հայրիկիս աճյունը անպայման բերելու ենք, դա քննարկման ենթակա չէ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել։ Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ իրավապահ մարմինների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ իշխանությունների ներկայացուցիչները բարեխոսում են, որ Ստեփան Գալստյանի խափանման միջոցը փոխվի, քանի որ նա քավության նոխազ է իրականում։ Այսինքն՝ ամեն ինչ արվում է, որ Զինված ուժերի շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանին ազատ արձակեն, սակայն այդ բարեխոսումները դեռեւս արդյունք չեն տվել, եւ Ստեփան Գալստյանը շարունակում է մնալ կալանքի տակ։ Մեկ այլ հետաքրքիր հանգամանք եւս. ԱԱԾ-ն տարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տան զենքերը, որոնք նա նվիրատվություն էր ստացել։ Երկար ժամանակ է, ինչ նրան զենքերը չեն վերադարձնում: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԱԾ-ն դրանք փորձաքննության է տվել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, կառավարության որոշմամբ, Հովհաննես Հարությունյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից։ Ազատման որոշումը չզեկուցվող հարցերի մեջ էր, այդ պատճառով նիստի ժամանակ չհայտարարվեց։ Մինչդեռ նախկինում, երբ նոր մարզպետ էր նշանակվում, նիստի օրը հայտարարվում էր ե՛ւ գործող մարզպետի ազատման, ե՛ւ նորի նշանակման մասին։ Նշենք․ մամուլում գրվել է, որ Հարությունյանի փոխարեն Շիրակի մարզպետ է նշանակվելու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Նա հոկտեմբերի 29-ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, սակայն մեկ շաբաթվա ընթացքում կարող է հետ վերցնել դիմումը։ Թե ինչու նոր մարզպետի նշանակումը տեղի չունեցավ, թերեւս սպասում են՝ մեկ շաբաթը լրանա, մանդատից զրկվի, նոր նշանակեն։ Հարցին, թե նշանակվելո՞ւ եք մարզպետ, նախօրեին Բաղդասարյանն ասել էր․ «Իսկապես չգիտեմ, չունենք դեռ որոշում»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Կապան` ՔՊ թեկնածուի հոր հոգեհանգստին: Վաղ առավոտից քաղաքում աննախադեպ աժիոտաժ է եղել, ոստիկանական ավտոմեքենաների հոծ ներկայություն։ Կապան համայնքում ՔՊ-ի թեկնածու Դավիթ Դանիելյանի հայրն օրերս կորոնավիրուսից մահացել էր: Ու թեեւ Փաշինյանի` Կապան այցի հիմնական նպատակը Դանիելյանի հոր հոգեհանգստյան արարողությանը մասնակցելն էր, սակայն դրանում սյունեցիները նաեւ քարոզչական քայլ էին տեսնում` հանուն իշխանական թեկնածուի։ Հիշեցնենք, որ ՔՊ թեկնածուի մրցակիցը գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանն է, որն առաջադրվել է «Շանթ դաշինք» կուսակցությամբ։ Հիշեցնենք նաեւ, որ 2018 թվականին Կապանում նույնպես համայնքային ընտրություններ էին, եւ կրկին Փարսյանն էր առաջադրվել, իսկ ՔՊ-ն այսօրվա փոխմարզպետ Նարեկ Բաբայանին էր առաջադրել, եւ անգամ Նիկոլ Փաշինյանն անձամբ մասնակցեց քարոզարշավին, բայց պարտություն կրեցին: Սա ՔՊ-ի առաջին պարտությունն էր, ընդ որում` այն պահին, երբ երիտասարդ իշխանություններն իրենց ռեյտինգի պիկին էին»:


«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, 2021 թվականի հոկտեմբերի 17-ին Մեղրի համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ, դիտավորությամբ խախտվել են ՀՀ օրենսդրության պահանջները: Մասնավորապես, մեզ հասած ճշտվող լուրերի համաձայն, Մեղրի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած եւ անցողիկ շեմը հաղթահարած՝ Սամվել Բաբայանի հիմնած «Ազատական» կուսակցության ավագանու թեկնածուները չեն հանդիսանում տվյալ կուսակցության անդամներ եւ նրանց՝ կուսակցության շարքերն ընդունելու վերաբերյալ առկա չէ «Ազատական» կուսակցության գործադիր մարմնի որոշումը: Արդյունքում, այդ ընտրություններին «Ազատականը» անկուսակցական թեկնածուների թույլատրելի 30 տոկոսի փոխարեն փաստացի ներկայացրել է 100 տոկոս անկուսակցականների ցանկ:  «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, վերը նշվածի մասին կա ԿԸՀ-ին ուղղված դիմում: «Ազատական» կուսակցության իրավաբանական վարչությունից հաստատեցին «Իրավունքի» տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհաղորդելով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մենք աջակցում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու գաղափարին։ Իհարկե, մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը այս ծրագրերը գործնական հարթության վերածելու համար»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ այն համապատասխանում է բոլորի շահերին։ Նկատենք՝ այս գաղափարին առայժմ դեմ է արտահայտվում միայն Վրաստանը, սակայն Մոսկվան ու Անկարան վստահ են, որ Թբիլիսին ի վերջո կհամաձայնի դրան։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին եւս մեկ անգամ հստակ ներկայացրեց Վրաստանի դիրքորոշումը. «Վրաստանը ուներ քաղաքական կամք աշխատելու Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ անկախ Ռուսաստանից, սակայն Վրաստանում դեմ են այդ ձեւաչափին, եւ կարծում եմ` տարածաշրջանային ձեւաչափը՝ 3+3 տեսքը, երբեք չի կայանա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան հարցով ԵԽԽՎ համազեկուցողները, որոնք մի քանի օր է՝ Երեւանում են եւ հանդիպումներ են ունենում տարբեր շրջանակների հետ, խորհրդարանական ընդդիմության հետ երեկ ունեցած հանդիպմանը չեն թաքցրել իրենց զարմանքը գործող իշխանությունների կողմից լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող սահմանափակումների վերաբերյալ։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը նրանց հայտնել է, թե 30 տարվա պատմության մեջ առաջին անգամ ՀՀ իշխանությունները որոշել են լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակել խորհրդարանում, որը նիստի օրերին քրեակատարողական հիմնարկ է հիշեցնում: Ասել է, որ ՔԿՀ-ներում ավելի հեշտ է տեղաշարժվելը, քան լրագրողներին են թույլատրում խորհրդարանում։ Համազեկուցողների աչքերը կլորացել են՝ նրանք հետաքրքրվել են, թե երբ է կայացվել այդ որոշումը, ում կողմից, ինչպես է դրսեւորվում եւ այլն: Ապա խնդրել են ընդդիմադիր պատգամավորներին գրավոր տարբերակով իրենց տրամադրել այդ որոշումը։ Վարդեւանյանը հանդիպմանը ներկայացել է պատրաստ եւ տեղում նրանց է փոխանցել փաթեթը, որում ընդգրկված են եղել այս եւ բոլոր մյուս խնդրահարույց որոշումներն ու օրենքները` մամուլի հետ կապված։ Համազեկուցողներին են ներկայացվել նաեւ դատական համակարգի, մարդու իրավունքների եւ այլ ոլորտների խնդիրներ, որոնք, բնականաբար, իշխանական պաշտոնյաներն ու պատգամավորները չեն ներկայացնում համազեկուցողներին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ զինված ուժերի զինծառայողների պատվաստումային գործընթացն ընթանում է՝ ՀՀ առողջապահության եւ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արձակած հրամանների, հրահանգների եւ մեթոդական ուղեցույցների պահանջների համաձայն: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են Պաշտպանության նախարարությունից՝ մեր այն հարցին ի պատասխան, թե վերջին շրջանում զինվորականների շրջանում ինչ քանակի պատվաստումներ են իրականացվել: Նախարարությունը, սակայն, չի հստակեցրել, թե ժամկետային, պայմանագրային ու սպայական անձնակազմի զինծառայողների քանի տոկոսն է պատվաստվել, այսինքն՝ զերծ է մնացել թվեր տրամադրելուց ու հրապարակելուց: «Ներկա պահին կորոնավիրուսային հիվանդության տարածման եւ կանխարգելման նպատակով մեծ թվով զինծառայողներ պատվաստվել են (հստակ թիվը չի նշվում՝ հաշվի առնելով տեղեկատվության գաղտնիությունը)»,- ասված է ՊՆ պաշտոնական գրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկություններով՝ հատկապես հոկտեմբեր ամսվա երկրորդ կեսին՝ Առողջապահության նախարարության հորդոր-հրահանգից հետո, պաշտպանական գերատեսչությունը հանձն է առել մեծ զինվորականների շրջանում մեծ թվով պատավաստումներ իրականացնել՝ պատվաստումային պատկերը որոշակիորեն փոխելու համար: Այլ կերպ ասած՝ որպեսզի պատվաստման թվերը խայտառակ ցածր չլինեն, պետական գերատեսչությունները լծվել են դա պարտադրանքի լեզվով տարածելու պետծառայողների, այդ թվում՝ զինվորականների վրա»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդու քրեական գործով հնչել է «օրենքով գող» Պզոյի անունը: Մեզ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդուն՝ Նվեր Մուրադյանին, մեղադրանք է առաջադրվել, որ նա 2019 թվականի օգոստոսի 14-ին՝ Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտա 1 հասցեի մոտակայքում, այնուհետեւ Երեւան քաղաքի Սիմոն Վրացյան 90 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի դիմացի հատվածում, ապա նաեւ շենքի ներսում կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով եւ իշխանության ներկայացուցիչներին ու հասարակական կարգի խախտումը խափանող այլ անձանց դիմադրություն ցույց տալով: Մեզ հայտնի դարձավ, որ Նվեր Մուրադյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել եւ իրավապահներին ցուցմունք է տվել, որ դեպքի օրն իր հյուրերի հետ գտնվել է «Հուկաման» ակումբում, քանի որ գինովցած է եղել, խնդրել է իր ընկերներին մոտենալ՝ իրեն պատկանող ավտոմեքենան վարելու համար: Արմեն Ղազարյանն /Պզո/ իր հյուրերի կազմում չի եղել, սակայն նրան տեսել է ոստիկանության Կենտրոնական բաժնում: Ակումբում որեւէ անձի հետ տարաձայնություններ չի ունեցել, «Դոլյա վառավսակայա» երգն ակումբում հնչել է, սակայն ինքն այն չի պատվիրել, երգեր պատվիրելու կապակցությամբ վեճի առաջացումը բացառում է:


Իր հյուրերին ճանապարհելուց հետո դուրս գալով ակումբից՝ նկատել է հավաքված մի խումբ մարդկանց, հետաքրքրասիրությունից դրդված ցանկացել է մոտենալ եւ հասկանալ, թե ինչ է կատարվում, սակայն իր ընկերները համոզել են՝ չմոտենա: Դրսում ոչ ոքի չի քաշքշել կամ հարվածել, հայհոյանքներ չի հնչեցրել: Այնուհետեւ հիշել է, որ իր երկու հեռախոսներից մեկը թողել է բարում, վերադարձել է այն վերցնելու նպատակով, ինչից հետո դուրս է եկել: Դրանից հետո այդ օրն առաջին անգամ իրեն են մոտեցել պարեկապահակային ծառայության աշխատակիցները, որոնք, առանց ձեռնաշղթաներ կիրառելու, իրեն բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժանմունք: Ճանապարհին եղել է վրդովված՝ բերման ենթարկելու հետ կապված, քանի որ չի հասկացել իրեն բերման ենթարկելու պատճառը: Բաժնում հայհոյանքներ է հնչեցրել, ինչի համար իրեն անհարմար է զգում, սակայն, իր նշելով, նման վարքի պատճառներն այնտեղ նկարահանված տեսանյութից հասկանալի է: Առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ ոչ ոքի չի հարվածել, Հյուիսիային պողոտայում խուլիգանական գործողություն չի կատարել: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ անգամ գործը մտել է դատարան, եւ Երեւան քաղաքի դատարանը Նվեր Մուրադյանին մեղավոր են ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեված արարքում եւ նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Դատական ծախսերի հարցը համարվել է լուծված»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սկսնակ ֆերմերները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում. անասնակերը ոչ միայն թանկացել է, այլեւ չկա: Այս ոլորտում ամիսներ առաջ արձանագրված դեֆիցիտի եւ գնաճի խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում, թեեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ կառավարությունը մտադիր է էժան գնով համակցված կերեր տրամադրել ֆերմերներին: Ինչպես տեսնում եք, Էկոնոմիկայի նախարարությունից դեռ ձայն-ծպտուն չկա, այնինչ ֆերմերները լուրջ խնդիրների առաջ են կանգնել անգամ անասնակերի ներկրման հարցում. նրանց մի մասը փորձել է Վրաստանից անանսակեր՝ խոտ ներկրել, սակայն պարզվել է, որ մեկ հակ խոտ բերելու համար գանձվելու է 900 դրամ, այս պատճառով չեղարկվել է այդ գործընթացը: Մեր հանրապետությունում այս պահին դժվար է խոտ գտնել. եթե կա, ապա այն արժե մինչեւ 2000 դրամ: Մասնագետներն ասում են, որ այն ձմռան ամիսներին է՛լ ավելի է թանկանալու: Բացի այս, կոմբիկորմի գինն է նաեւ բարձրացել, իսկ ճագարի կերի 25 կիլոգրամանոց պարկը 5500 դրամից դարձել է 5700 դրամ: Անասնակերի թանկացման այս ֆոնին շուտով կլսենք նաեւ մսամթերքի գնի բարձրացման մասին: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց, թե երբ կարող են ֆերմերները կառավարությունից էժան գնով համակցված կեր ձեռք բերել: Մեր հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց. «Շրջանառության մեջ ենք դրել, հուսով եմ՝ մինչեւ ամսվա վերջ գործիքը պատրաստ կլինի»: