24.11.2024
Նախարար. 2016 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանի տարբեր ոլորտներում աճ է գրանցվել
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Եվրամիության վարկով խթանվել է Հայաստանից արտագաղթը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից պարզել, թե իրենց նախարարությունը ինչպես է ծախսել Եվրամիության տրամադրած մեկ միլիոն եվրոյի վարկը, որը հատկացվել էր 2013 թվականի գարնանը՝ արտագաղթի, կամ այլ կերպ ասած՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար: Ինչպես միշտ, Արտեմ Ասատրյանը հրաժարվել է որեւէ հարցի պատասխանելուց եւ արագ հեռացել է: Բայց հարցը, միեւնույն է, մնում է անպատասխան: Ի վերջո, Հայաստանի հանրությունն իրավունք ունի իմանալու, թե Արտեմ Ասատրյանի ղեկավարած գերատեսչությունն ինչպես հաջողացրեց նշված գումարն այնպես ծախսել, որ դրանից արտագաղթի տեմպերն ավելանան: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2013-ին Հայաստանից արտագաղթել է 31 հազար 200, 2014-ին՝ 41 հազար 600, 2015-ին 43 հազար 400 մարդ: Այսինքն՝ մեկ միլիոնով ոչ թե արտագաղթը կանխել են, այլ լրջագույնս խթանել, որ այն արագ տեմպերով աճի»:

«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է. «Շատ չխորանանք, թե չէ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեզ էլ կմեղադրի քոչարյանամետության մեջ։ Այո, երեկ նա հայտարարեց, թե հատկապես որ շրջանակների վերլուծաբաններն են հոռետես Արցախի հարցի բանակցություններում հայկական կողմի դիրքերի վերաբերյալ. «Այդ վերլուծաբանների կարծիքները ուղիղ ասոցացնում եմ «Համախմբում» կուսակցության հետ», հայտարարել է Աշոտյանը։ Համենայնդեպս, որոշեցինք ստուգել, իսկապե՞ս այդ «Համախմբում» կուսակցությունն է պղտորում ջրերը՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բացասական կարծիքներ հայտնելով։ Օրինակ, լրագրող, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանին դժվար է ասոցացնել «Համախմբում» կուսակցության հետ, եթե իհարկե, այս վերջին երկու-երեք օրերին չի հասցրել գաղտնի անդամակցել կուսակցությանը։ Վերջինս «Ազատության» հետ զրույցում ասել է, որ այսօր բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը, որը պայմանականորեն կարելի է անվանել «ռուսական պլան» կամ «Լավրովի պլան», շատ ավելի վատն է, քան Մադրիդյան եւ Կազանյան կոչված փաստաթղթերը, քանի որ նոր փաստաթղթում Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության հարցը մղվել է հետին պլան. «Լեռնային Ղարաբաղին առաջարկում են միջանկյալ կարգավիճակ, որը հնարավոր է՝ շատ մոտ է անկախության կարգավիճակին, բայց ցածր է անկախությունից։ Բայց, իհարկե, շատ ավելի վերեւ է, քան ինքնավարությունը։ Եվ դրա դիմաց Լեռնային Ղարաբաղին առաջարկում են, որ իր ուժերը դուրս բերի առնվազն հինգ շրջաններից։ Ինչո՞վ է վատ, օրինակ, մադրիդյան փաստաթղթից… մադրիդյան փաստաթղթի առաջին կետում հստակ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվում է նրա բնակչության կամարտահայտության՝ պլեբեսցիտի միջոցով։ Ահա այստեղ է տեղի ունեցել փոփոխություն։ Այսինքն՝ հանրաքվեի հարցը, պլեբեսցիտի հարցը կամ կամարտահայտության հարցը, ինչ բառ ուզում եք օգտագործեք, մղվել է հետին պլան», ասել է վերլուծաբանը։ Ինչ՝ ինչ, բայց հայտնի փաստ է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ոչ միայն բարդ է ասոցացնել «Համախմբման» հետ, այլեւ որքան գիտենք, նա աչքով աչք չունի այդ կուսակցության ղեկավարի՝ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ։ Հենց Օսկանյանի անունը լսում է, մարտի 1-ն է հիշեցնում։ Ահա Նիկոլ Փաշինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսում է ազատագրված տարածքների անվերապահ վերադարձի եւ Ղարաբաղի անկախության բացառման մասին, հայկական կողմից հնչող հայտարարությունները՝ փոխզիջման վերաբերյալ, նման են կապիտուլյացիայի»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երկու տարի առաջ՝ 2014-ի դեկտեմբերին, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ում խոշոր ֆինանսական չարաշահումներ հայտնաբերվեցին, կալանավորվեցին ՀԱԷԿ նախկին կոմերցիոն փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանը, Մանուկ Հարությունյանը, տնօրեն փոխվեց, փոխտնօրեն։ Գործն ԱԱԾ վարույթում էր, եւ այս ընթացքում, չնայած հանրության հետաքրքրությանը, ոչ մի տեղեկություն այս մասին չէին հաղորդում, բայց նաեւ չէին հերքում մեր տեղեկությունները։ Երեկ հանկարծ մի մշուշոտ հաղորդագրություն տարածեց այս գերատեսչությունը, որից հետեւում է, որ արձանագրված չարաշահումները վերաբերել են գնումների գործընթացին, եւ որ «ՀԱԷԿ-ի գործն» ավարտվել է եւ ուղարկվել դատարան։ Նախաքննությամբ պարզվել է, որ նախկին գլխավոր տնօրեն Գ. Մարկոսյանը, կոմերցիոն տնօրեն Ռուբիկ Մովսիսյանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Մ. Մովսիսյանը, վերանորոգման, նախապատրաստման եւ կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Է. Ղազարյանը, «ստեղծելով կազմակերպված հանցավոր խումբ եւ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, կատարել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ պետությանը պատճառելով էական վնաս: ՀՀ ԱԱԾ-ի կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է, պետությանը պատճառված 783 մլն․ 586 հազար դրամի չափով վնասն ամբողջությամբ հատուցվել է»: Ի՞նչ են «կերել» մեղադրյալները, որ այսպիսի գումար է կազմել՝ մոտ 2 մլն. դոլար, եւ ի՞նչ կարողության տեր են նրանք, որ կարողացել են 2 մլն. դոլարը փոխհատուցել»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Իսպանիայում փողերի լվացման կասկածանքով ձերբակալվել է հայ գործարար Արման Մայիլյանը։ Վերջինս ոչ միայն ազգությամբ է հայ, այլ, ըստ էության, հայաստանցի է՝ ծնունդով աշտարակցի։ Հայաստանի լայն հանրությանը թերեւս անծանոթ այս գործարարը շատ սերտ կապերի մեջ է գործող իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Հատկապես սերտ են նրա կապերը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի հետ։ Ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը Արման Մայիլյանի երեխայի կնունքի քավորն է։ Արգամն ու Արմանը հանդիպում են բավականին հաճախ, թե՛ Բարսելոնայում, եւ թե՛ Երևանում։ Բայց գործարարի կապերը հայաստանյան «էլիտայի» հետ չեն ավարտվում քավոր-սանիկությամբ։ Եթե որեւէ պաշտոնյա ցանկանում է անշարժ գույք ձեռք բերել Իսպանիայում, ապա դրա հետ կապված հոգսերը իր վրա է վերցնում հենց Արման Մայիլյանը։ Մեր տեղեկություններով՝ նա արդեն հասցրել է մեր բազմաթիվ «երեւելիների» տների ու բնակարանների տեր դարձնել Իսպանիայում։ Մայիլյանի ֆեյսբուբյան էջի պատին նրա լուսանկարն է, որտեղ ընդգծված երևում է ՀՀԿ-ի կրծքանշանը»։