24.11.2024
Ստեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել է
prev Նախորդ նորություն

Հայաստանում խստացվել են շենքերի սեյսմակայունության պահանջները

Հայաստանում գործում է շինարարության թույլտվությունների տրամադրման նոր կարգ. առանց սեյսմիկ ծառայության եզրակացության քաղաքաշինության կոմիտեն թույլտվություններ չի տալիս: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում պետբյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։


Փիլոյանը նշել է, որ եթե խորհրդային տարիներին շենքերի սեյսմակայունությունը գնահատվել է 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում, ապա այժմ պահանջները խստացվել են, և նոր շենքերը պետք է պահպանվեն նաև 8 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում: Բացի այդ պահանջից, նոր շենքերի կառուցման ժամանակ պարտադիր պետք է նախատեսվի ապաստարանների կառուցում։


Նրա խոսքով՝ ԱԻՆ-ն իր առջեւ խնդիր է դնում գնահատել հանրապետության ողջ տարածքում շենքերի սեյսմակայունությունը, սակայն այդ ամբողջ գործընթացն ապահովելու համար ֆինանսական հնարավորություններ միաժամանակ ողջ տարածքում չկան: Ուստի, ԱԻՆ-ը փուլ առ փուլ գնահատում է երկրի բնակֆոնդի սեյսմակայունության։ Անցած տարվա ընթացքում այդ ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել միայն մայրաքաղաքի տարածքում։


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ բյուջեի նախագծով նախատեսվում է կրճատել նաև սեյսմիկ պաշտպանության միջոցառումների ֆինանսավորումը (6.3%): Ընդ որում, 31.8%-ով աճել է քաղաքականության մշակման, մոնիտորինգի և կառավարման ծրագրի ֆինանսավորումը։ «Զավեշտալի իրավիճակ է ստեղծվում», - կարծում է նա։