25.11.2024
Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից
prev Նախորդ նորություն

Ազգային ժողովը քննարկել է ԿԲ խորհրդի անդամի ընտրության հարցը

Խորհրդարանը հոկտեմբերի 27-ի նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը:


ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է Արտակ Չուբարի Մանուկյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով:


Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները, մասնագիտական հմտություններն ու աշխատանքային ուղին:


ԿԲ խորհրդի անդամի թեկնածու Արտակ Մանուկյանը ներկայացրել է ընտրվելու դեպքում իր գործունեության առաջնահերթությունները: Դրանք վերաբերում են նոր ֆինանսական նախագծերի իրականացմանը, միասնական չափորոշիչների մշակմանը, թվայնացման օրակարգի սպասարկմանն ուղղված աշխատանքներին, կապիտալ շուկայի զարգացման ծրագրերի իրականացմանը եւ դրա համեմատական մոնիտորինգին, ֆինանսական կրթվածության ծրագրերին: Արտակ Մանուկյանը կարեւորել է ոլորտի խնդիրները քննարկելու առումով հանրության հետ երկխոսությունը բարելավելու անհրաժեշտությունը: Կանաչ տնտեսության օրակարգի առաջմղման հարցում թեկնածուն ընդգծել է կանաչ պարտատոմսերի հավելյալ խթանման գործիքակազմի կիրառումը՝ նշելով, որ այս հարցում դեռեւս անելիքներ կան:


Արտակ Մանուկյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել է գնաճի հետեւանքների հաղթահարման հարցում ԿԲ դերակատարությանը, մակրոտնտեսական միջավայրի հսկողությանը, կրիպտոարժույթների կարգավորմանը, ոլորտի արհեստավարժ մասնագետներին երկրում պահելու կարեւորությանը, գնումների գործընթացին եւ այլ խնդիրների: ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հարցն առնչվել է էլեկտրոնային առեւտրաշրջանառությանը եւ վճարման միջոցներին: Նշվել է, որ մայրաքաղաքի փոքր շրջանառություն ունեցող եւ մարզային խանութներում էլեկտրոնային վճարման համակարգը գրեթե չի գործում: Արտակ Մանուկյանը կարծիք է հայտնել, որ այս մասով ավելի ռազմավարական ծրագրեր են իրականացվում: Ըստ նրա՝ թափանցիկության աճին նպաստող կարեւորագույն գործիք է անկանխիկ շրջանառությունը, որն այլընտրանք չունի:


Իրենց ելույթներում օրենսդիրները խոսել են թեկնածուի մասնագիտական որակների, դաշտում առկա խնդիրների մասին, անդրադարձել որոշ ապրանքների գների թանկացման պատճառներին, գնումների գործընթացին եւ մրցույթների անցկացմանը, նվազագույն աշխատավարձի բարձրացմանն ուղղված քայլերին եւ այլն:


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը հայտնելով՝ Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել Արտակ Մանուկյանի մարդկային որակները եւ մասնագիտական կարողությունները: Խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ իրենք կողմ են քվեարկելու առաջադրված թեկնածությանը:


Եզրափակիչ ելույթում ԿԲ խորհրդի անդամի թեկնածու Արտակ Մանուկյանն անդրադարձել է ելույթների ընթացքում հնչած որոշ դիտարկումներին, մասնավորապես գնումների գործընթացի, գների կայունության հարցում ԿԲ դերի վերաբերյալ: Չժխտելով, որ գնաճի հետեւանքով սոցիալական որոշակի լարվածություն կա՝ Արտակ Մանուկյանը կարեւորել է խորհրդարանում ԿԲ-ի, Էկոնոմիկայի նախարարության եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ հանրային քննարկումների կազմակերպումը, որի ընթացքում հանրությունը կստանա հուզող հարցերի պատասխանները:


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 145-րդ 10-րդ մասի համաձայն՝ ԿԲ խորհրդի անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:


ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է քվեարկության անցկացման կարգը, ժամը եւ տեղը: