ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցրել է՝ իշխանությունն ամեն ինչ անելու է, որ 1999 թ.-ի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում: Նա այդ մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում ԱԺ այգում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ տեղի ունեցած հիշատակի արարողությունից հետո:
Նրա խոսքով, Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հիմնական պատճառները, հիմնական մասնակիցների հետ կապված հարցերը բաց են մնացել: «Ավելորդ եմ համարում հիմա անուններ հնչեցնել, բայց վստահեցնում եմ, որ բոլորս այդ հարցերի պատասխանները կստանանք նաև իրավական առումով», - ասել է նա, բայց միևնույն ժամանակ հավելել, որ հանցագործության հիմնական դերակատարները պատժված են, նրանք գտնվում են բանտում:
«Մենք այսօր խնդիր ունենք և հարց ունենք ՝ հասկանալ պատճառները, իրականում այն դրդողները, այն մարդիկ, որոնք այդ ամենից, միգուցե, քաղաքական, միգուցե, ոչ քաղաքական շահ են ունեցել: Իսկ այդ մարդկանց շահագրգռվածությունը մեր հանրությունը գիտի, և ես չեմ կարծում, որ իրավասու եմ հիմա բարձրաձայնել դա»,-ասել է ԱԺ նախագահը:
Այնուհետև նա խոստացել է ամեն ինչ անել Հոկտեմբերի 27-ի սպանությունների պատվիրատուների բացահայտման համար, որպեսզի նրանք հայտնվեն ճաղերի հետևում:
«Դրա մեջ, կարծում եմ, որևիցե մեկը պետք է կասկած չունենա: Այն, ինչ տեղի ունեցավ, մեր պետականության ողնաշարը կոտրել էր: Այն ամենը, ինչը տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ին, դրա հետևանքն այդ օրվանից մինչև օրս քաղում ենք: Մենք պետք է հենց դրանից զգույշ լինենք, մտածենք այն բանի մասին, որ ինչ-որ պահի դադարեցվի այդ պրոցեսը, որովհետև այդ թափանիվը, որը սկիզբ առավ 1999-ի հոկտեմբերի 27-ին, մինչև օրս, ցավոք, պտտվում և իր հետևանքն է ունենում», - ասել է նա:
Նաիրի Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ իրականացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ 21 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ են գնացել 8 պետական գործիչներ` ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը: