ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է կոնգրեսական Քեթրին Քլարկի հետ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հոկտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի օգնական, կոնգրեսական Քեթրին Քլարկի հետ։ Քեթրին Քլարկը Ներկայացուցիչների պալատի կարևոր հանձնաժողովներից մեկի՝ հատկացումների հանձնաժողովի անդամ է։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին՝ Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։ Իր հերթին կոնգրեսական Քլարկը բարձր է գնահատել ամերիկայահայության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։
Դեսպան Մակունցը ներկայացրել է կորոնավիրուսային ներկա իրավիճակը Հայաստանում, համավարակի դեմ պայքարում ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական հետագա համագործակցության խորացմանը միտված հարցեր: Այդ կապակցությամբ կոնգրեսական Քեթրին Քլարկը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել օրենսդիր մարմինների միջև համագործակցության խթանման ուղղությամբ: