25.11.2024
Տարաձայնությունները պետք է կարգավորվեն երկխոսության միջոցով. Իրանի և Ադրբեջանի ԱԳՆ-ներ
prev Նախորդ նորություն

Երևանն ու Դելին քննարկել են Հյուսիս-հարավ և Պարսից ծոց-Սև ծով միջանցքների հարցերը

Հյուսիս-հարավ և Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքների հարցերը եղել են Հայաստանի և Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունների հիմնական թեմաներից մեկը: Այդ մասին Երևանում հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը, որը նախօրեին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:


Հայաստանի և Հնդկաստանի համար, նշել է նա, տրանսպորտային միջանցքները շատ կարևոր են և գերակայություն է տրվում դրանց։ «Նաև գնահատում ենք Հայաստանի մասնակցությունը դրանում, որը կավելացնի լրացուցիչ տարբերակներ, հնարավորություններ այն նախաձեռնությանը, որը քննարկվում է։ Կապակցվածությունն այսօր շատ կարևոր հարց է միջազգային հարաբերություններում։ Մենք բոլորս ավելի մեծ կապակցվածության կարիք ունենք, որովհետև նոր արտադրողական կենտրոններ են ի հայտ գալիս աշխարհում»,- ասել է Սուբրամանյամ Ջայշանկարը, որի հետ համակարծիք է հայկական կողմը:


Հայաստանի ԱԳ ղեկավար Արարատ Միրզոյանի նշել է, որ և՛ Հայաստանը, և՛ Հնդկաստանը հետաքրքրված են միջազգային տրասնպորտային միջանցքներին վերաբերող նախաձեռնությունների կյանքի կոչմամբ։


Նա հայտնել է՝ անդրադարձել են մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցին, դա վերաբերում է նաև Հյուսիս-հարավ միջանցքին։ «Քննարկել ենք Չաբահար նավահանգստի շուրջ տեղի ունեցող վերջին դրական զարգացումները, ինչպես նաև արդեն Հայաստանից դեպի հյուսիս՝ Վրաստանով դեպի Ռուսաստան, և գուցե նաև Սև ծովով դեպի Եվրոպա հետագա տարանցիկ փոխանցումների հարցը։ Սա մեր օրակարգի կարևոր բաղկացուցիչն է»,- ասել է Միրզոյանը։


Կողմերը Երևանում կայացած բանակցությունների ժամանակ անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։


Պաշտոնական Դելին, Սուբրամանյամ Ջայշանկարի խոսքով, աջակցում է ԵԱՀԿ մինսկի խմբի շրջանակում հարցի խաղաղ հանգուցալուծմանը: «Խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, ոչ թե ուժի կիրառման միջոցով։ Մենք աջակցում ենք ԵԱՀԿ մինսկի խմբի գործընթացին։ Կարծում եմ՝ սա ամենակենսունակ եղանակն է առաջ ընթանալու»,- ասաց Հնդկաստանի արտգործնախարարը։


Արարատ Միրզոյանը հավելել է, որ Նյու Յորքում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ այլ հանդիպումներ ևս նախատեսված են: «Առնվազն գործընթացը շարունակելու և նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն ձեռք բերվել է», - տեղեկացրել է Միրզոյանը՝ հավելելով, որ նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների այցը տարածաշրջան: «Մոտ օրերս մենք արդեն ավելի հստակ դիրքորոշում կիմանանք այս հարցի վերաբերյալ»,- հայտնել է ՀՀ ԱԳ նախարարը։