Հնդկաստանի հետ համագործակցության ամրապնդումը ՀՀ-ի առաջնահերթություններից է. Միրզոյան
Հնդկաստանը Հայաստանի կարեւորագույն գործընկերներից է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիյամ Ջայշանկարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանի խոսքով՝ սա Հնդկաստանի արտգործնախարարի առաջին այցն է Հայաստան, որը վկայում է երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների միջև ընդլայնվող և խորացող հարաբերությունների մասին:
«Անշուշտ, այս այցը կխթանի հայ-հնդկական համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Դա բխում է մեր երկու երկրների և ժողովուրդների շահերից», - նշել է Միրզոյանը՝ ընդգծելով, որ համագործակցության հետագա ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։
«Դուք կարող եք դա տեսնել Հայաստանի կառավարության ծրագրում, որը նույնպես հաստատվել է Ազգային ժողովի կողմից», - ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը: