VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում պասիվ վիճակում հայտնված առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, ում Նիկոլ Փաշինյանը շարքային պատգամավոր դարձրեց, ակնհայտորեն դիսկոմֆորտի մեջ է եւ ուզում է օր առաջ գլուխը պրծացնել խորհրդարանից՝ գործադիր տեղափոխվելով։ Վերջին օրերին, օգտվելով վարչապետի՝ առողջապահության նախարարին ուղղված դիտողությունից, սկսել է նրա դեմ աշխատել: Այս օրերին համացանցում գրոհ է սկսվել նախարարի դեմ` ինչպես ֆեյքերի, այնպես էլ լուրերի տեսքով, թե Փաշինյանն ուզում է ազատվել Ավանեսյանից ու Թորոսյանին վերադարձնել։ Այս մտադրությունների մասին մատնում է նաեւ Ֆեյսբուքում Թորոսյանի ակտիվությունը` 2 օր առաջ նա այցելել էր Գյումրու ԲԿ եւ լուսանկարներ հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է ԲԿ ղեկավարությունն ուղեկցում իրեն»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, կարելի է ասել, պարապուրդի է մատնված: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իշխանական պատգամավորները, թողած իրենց բուն օրենսդրական գործառույթները, լծվել են տարբեր համայնքապետերի ընտրությունների կազմակերպչական ու անցկացման բուն պրոցեսին: Ըստ մեր տեղեկությունների՝ մի հատվածն անգամ մարզերից չի էլ գալիս Երեւան խորհրդարանի աշխատանքներով զբաղվելու համար. գիշերուզօր քարոզարշավ են իրականացնում: Կարելի է ասել՝ ԱԺ ՔՊ խմբակցության գործունեությունը ԱԺ-ում «դադարեցվել» է, ոչ ոքի չի հետաքրքրում օրենսդրությունը: Իշխանության մեր աղբյուրներից տեղեկացանք նաեւ, որ տեւական ժամանակ է՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խմբակցության նիստ չի հրավիրել, քննարկումներ չկան, քանի որ ոչ ոքի չի էլ կարողանալու «բռնացնել» բերել ԱԺ, ինքն էլ կորոնավարակի դեմ է բուժվում: Պարապուրդ բառի ապացույցը նաեւ թվերն են. ԱԺ պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ 85 նախագծերից միայն մեկն են հեղինակել իշխող խմբակցության պատգամավորները., մյուսները կառավարության եւ ընդդիմադիրների նախագծերն են»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրելու երկիր» կուսակցությունն աշխատում է թեկնածուներ առաջադրել առաջիկայում Հայաստանի մի շարք համայնքներում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Նորաստեղծ կուսակցությունը թեեւ համակիրների ու թեկնածուների մեծ բազա չունի, բայց նախկին ԼՀԿ-ական Մանե Թանդիլյանի ու «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանի համատեղությամբ հիմնադրված կուսակցությունը թեկնածուներ կարողանում է գտնել: «Ապրելու երկրի» Մեղրիի թեկնածուն, օրինակ, Արմեն Հայրապետյանն է, որ 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին առաջադրվել է ԼՀԿ-ի ցուցակով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խորհրդարանական վերջին՝ 2021-ի արտահերթ ընտրություների ժամանակ էլ «Հայաստան» դաշինքին է աջակցել: Ավելին՝ ըստ մեզ հասած լուրերի՝ Մեղրիի նախկին քաղաքապետը՝ ձերբակալված Մխիթար Զաքարյանը, ու նրա շրջապատն ամեն ինչ անում են Հայրապետյանին օգնելու համար: Մեզ հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հաստատեց՝ Հայրապետյանն, այո, թեեւ անկուսակցական է եղել, բայց 2018-ին ԼՀԿ-ի հետ է համագործակցել: «Որեւէ խնդիր չեմ տեսնում, որ նախկինում՝ 2018-ի ընտրություններին, այլ կուսակցության հետ ինչ-ինչ համագործակցություն է ունեցել: Այդ մասով տարբեր շահարկումներ են եղել, բայց ավելին մեկնաբանելու հարկ չկա»,- հավելեց նա: Առաքելյանը չհերքեց, որ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին Հայրապետյանը սատարել է «Հայաստան» դաշինքին, բայց բացառեց ու սուտ տեղեկություն անվանեց լուրը, թե Մեղրիի նախկին քաղաքապետ Զաքարյանն ինչ-որ կերպով աջակցում է իրենց թեկնածուին: Հավելենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության թիկունքոմ կանգնած է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի շուրջ տեղի ունեցող քրեական գործընթացներից: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ՝ ինչու ցուցմունք չի տալիս նախկին նախարարը: Բանն այն է, որ երեկ նախկին նախարարի փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե. «Պարոն Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ որեւէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության եւ միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր եւս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից եւ տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար»: Ապա փաստաբանական թիմը հավելել է. «Պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված եւ անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» եւ «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին: Պարոն Տոնոյանը պայքարելու է՝ հանուն արդարության, իր անմեղության եւ բարի համբավի վերականգման համար»: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարարի լռությունը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձի հետ: Բանն այն է, որ Տոնոյանն իր մտերմիկ շրջապատում ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել այն ողջ գործընթացից, ինչի մեջ մեղադրում են իրեն: Իսկ վերջինս մեղադրվում է շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու եւ կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Նույն գործով մեղադրյալ է նաեւ բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Պատրոն Դավո մականունով հայտնի Դավիթ Գալստյանը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանն աշխարհաքաղաքական առումով կարևոր զարգացումների կիզակետում է հայտնվել։ Արցախյան պատերազմի արդյունքում տարածաշրջանում փոխվել է նախկինում առկա ուժերի հարաբերակցությունը, և նոր խմորումներն անխուսափելի են։ Պարզ է, որ Հայաստանի պարտությունից հետո Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ջանք գործադրելու են, որպեսզի հասնեն իրենց տարածաշրջանային նպատակներին՝ առաջին հերթին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը և, ըստ այդմ, նաև Հայաստանի վրա թուրքական ազդեցության տարածմանը։ Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահի կողմից առաջարկվել է տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափը, որի մեջ պետք է ներառվեն տարածաշրջանային երեք խոշոր պետությունները՝ Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը և հարավկովկասյան երեք հանրապետությունները։ Սակայն հասկանալի է նաև, որ այսպիսի ձևաչափի անվան ներքո թուրք-ադրբեջանական տանդեմը ձգտում է սեփական պանթուրքական ծրագրերն առաջ տանել, իսկ այդ ծրագրերը ձեռնտու են նաև Իսրայելին՝ Իրանի դեմ գործողություններ ձեռնարկելու տեսանկյունից։ Բնականաբար, իրադարձությունների զարգացման թուրքական սցենարին կտրականապես դեմ է Իրանը, որը հայտարարություններով, զորավարժությունների անցկացմամբ ու այլ ձևերով շարունակում է ուղերձներ հղել, թե թույլ չի տա կտրել Հայաստանով անցնող իր հյուսիսային սահմանը։ Ուստի առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել, որ տարածաշրջանային հիմնական պայքարը գնում է Հայաստանով անցնող ճանապարհների ու կոմունիկացիոն ուղիների համար, սակայն Երևանի ձայնը ոչ ոք չի ցանկանում լսել։
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մի քանի օր առաջ հերթական անգամ հայտարարել է, որ իր որդին 44-օրյա պատերազմի ընթացքում ստացել է բեկորային վիրավորում՝ ձեռքերի մեջ բեկորներ են եղել: Սակայն այդպես էլ չի ներկայացվում որևէ ապացույց նշվածի մասին, բացի Քոչարյանի հայտարարություններից: Մեր տեղեկություններով, Ա. Քոչարյանի որդին մարտկոցի կազմում իսկապես գտնվել է Արցախում, սակայն իր պարտադիր զինվորական ծառայությունը պատերազմի ժամանակ անցկացրել է Հայկազովի ռեզերվային բրիգադում, որը տեղակայված է եղել Շուշիի մատույցներում, իսկ թշնամու՝ Շուշիին մոտենալուց հետո տեղափոխվել է Ստեփանակերտի ռազմական ոստիկանություն, որտեղ մնացել է մինչև պատերազմի ավարտը: Ի դեպ, դրանից հետո Վազգեն Քոչարյանին ուղարկել են Դիլիջանի զորամաս: Ճիշտ կլինի, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հազարավոր խեղված ճակատագրերի ֆոնին կա՛մ չշահարկի իր որդու անունը, կա՛մ էլ հիմնավոր ապացույցներ ներկայացնի որդու վիրավորվելու հետ կապված»:
«Հրապարակ» թերթը գրում է. «2020 թվականի դեկտեմբերից Ղազախստանում եւ Ղրղզստանում Հայաստանը դեսպան չունի, վերջինը Գագիկ Ղալաչյանն էր, ում 2020-ի վերջին հետ կանչեցին, նշանակեցին ԱԳ նախարարի տեղակալ, եւ ով այս տարվա մայիսին նախարար Արա Այվազյանի հետ դիմում գրեց եւ ազատվեց պաշտոնից: Երեկ տեղեկացանք, որ միջինասիական երկրներում մոտ մեկ տարի դեսպան չունենալուց հետո Ղազախստանում ՀՀ դեսպանի թեկնածու է գտնվել. ԱԳ փոխնախարար Արմեն Ղեւոնդյանը, ով Արա Այվազյանի հեռանալուց հետո դիմում գրեց, որպեսզի ԱԳՆ աշխատակազմը չմեղադրի դավաճանության մեջ, ապա անմիջապես դիմումը հետ վերցրեց եւ շարունակեց աշխատել: Նա 2002-2007թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղարն է եղել, 2007-2018թթ.՝ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, 2010-2018թթ.՝ ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների եւ կառույցների հետ համագործակցության վարչության պետ, 20182020թթ.՝ Բելառուսում ՀՀ դեսպան, 2020թ․՝ մեկ ամիս Մոլդովայում ՀՀ դեսպան, իսկ նոյեմբերի վերջից` արտգործնախարարի տեղակալ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես ոլորտի մասնագետներն են փաստում, այս իշխանությունները ձախողել են նաև գյուղատնտեսական հողակտորների ոռոգման գործընթացը։ Նշենք, որ 2018 թվականից հետո արդեն 5 անգամ փոխել են տվյալ միջոցառման գլխավոր պատասխանատու համարվող Ջրպետկոմի նախագահին, սակայն դրանից ոռոգման վիճակը, որպես կանոն, ավելի է վատացել։ Բացառություն չէր նաև վերջին նախագահ Կարեն Սարգսյանը, որը «լավ» աշխատանքի համար նշանակվեց մարզպետ։ ««Փաստ» թերթի տեղեկություններով, այս տարվա ոռոգման ձախողման հարցում ամենահետաքրքիրը կուլիսային մեղավորների «նշանակումն» է։ Բանն այն է, որ ոլորտի գլխավոր պատասխանատուի անմիջական «շեֆ» համարվող տարածքային կառավարման նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը փորձում է մեղավորներ փնտրել՝ բացատրելով, որ մինչ իր նշանակումը սխալ է կառավարվել ջուրը, այդ իսկ պատճառով չեն կարողացել կազմակերպել պատշաճ ոռոգում։ Նշենք, որ ոռոգման անփույթ կազմակերպման հետևանքով Հայաստանում առկա գրեթե բոլոր ջրամբարներում առկա ջուրը նվազագույն թույլատրվող ծավալից պակաս է։ Ի դեպ, քչերին է հայտնի, որ ջրամբարներում նվազագույն ծավալից պակաս ջուր թողնելը ուղիղ սպառնալիք է ջրամբարի ազդեցության տակ գտնվող բնակավայրերի համար, քանի որ նվազագույն ծավալ ապահովելը նպաստում է պատվարի ամրությանը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանը երբեք չի ունեցել տեղեկատվական հոսքերից այս աստիճան վախեցած ու տեղեկատվական հոսքերի դեմ թույլատրելի ու անթույլատրելի գործիքներով, հնարավոր ու անհնար միջոցներով այսքան պայքարող իշխանություն: Ընդ որում, ոչ թե արտաքին, այլ առավելապես ներքին տեղեկատվական հոսքերի դեմ: Վերջին շրջանում նաև մեր հանրությունն է բավական ակտիվորեն սկսել օգտվել Տելեգրամ- ալիքներից՝ որպես այլընտրանքային տեղեկատվության միջոց։ «Փաստ» թերթի տեղեկություններով, հայաստանյան գործող իշխանությունների համար իսկական «գլխացավանք» է դարձել «Տելեգրամը»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները հնարավոր տարբերակներ են մտածում վերահսկողություն սահմանել նաև ՀՀ-ում լայն տարածում ստացած Տելեգրամալիքների վրա։ Խնդիրն այն է, որ վերջին շրջանում քաղաքական դիսկուրսի ու քննադատության հարթակը Ֆեյսբուքից ինչ-որ չափով տեղափոխվել է տելեգրամյան տիրույթ, իսկ Տելեգրամ-ալիքները, որպես կանոն, հնարավոր չէ «բլոկել» ֆեյսբուքյան էջերի նման, կամ ֆեյքային գրոհներ կազմակերպել։ Հատկապես վերջին հանգամանքը շատ է տխրեցնում իշխանություններին, քանի որ ֆեյքային ինդուստրիան մինչ այժմ լիարժեք աշխատեցնում են Ֆեյսբուքում։ Մյուս կողմից՝ ըստ էության, չեն կարող արգելել երկրի ներսում «Տելեգրամի» գործունեությունը, այնպես որ, հայաստանյան իշխանությունները կանգնած են դիլեմայի առաջ՝ կա՛մ հանդուրժել ու հաշվի նստել առկա վիճակի հետ, կա՛մ կտրուկ, «կացնային» միջոցներ ձեռնարկել խնդիրը կարգավորելու նպատակով։ Սակայն մինչ այժմ որևէ «խելքը գլխին» բան դեռևս չեն կարողանում մտածել: Ի դեպ, մեր տեղեկություններով, իշխանության վերին օղակներին մասնագետները ոչ մեկ անգամ հուշել են, որ անիմաստ ժամավաճառությամբ են զբաղվում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կորոնավարակից մահերի աճը եւ պատվաստումների ոչ բավարար քանակը կարող է ստիպել իշխանություններին անցնել ավելի կտրուկ քայլերի: Մեզ տեղեկություններ են հասնում այն մասին, որ պարտադիր թեստավորման 14-օրյա ժամկետը կարող է դառնալ 10 օր, այսինքն՝ ամսական 3 անգամ: Սա նշանակում է, որ եթե մինչ այժմ չպատվաստված քաղաքացիները հույս ունեին, որ 14-օրը մեկ թեստ հանձնելով՝ կարող են խուսափել պատվաստումից, ապա հիմա ստիպված կլինեն ամեն 10 օրը մեկ թեստ հանձնել։ Պարտադիր թեստավորում չանող աշխատակիցների ու նրանց գործատուների համար նախատեսված են խոշոր տուգանքներ, մի քանի անգամ կրկնվելու դեպքում նաեւ քրեական հետապնդում կարող է իրականացվել: Մեր ճշտող հարցին՝ ինչպես են վերահսկելու նման մասշտաբների տեղեկությունները, մեզ փոխանցեցին, որ օգնելու են նաեւ ուժային կառույցները, որոնք գործի կդնեն նաեւ իրենց տեխնիկական միջոցները: Մեզ հավաստիացրին, որ իրավական որեւէ խնդիր լինել չի կարող, քանզի վարակված լինելու եւ վարակ տարածելու հանրային վտանգավորությունը պարտավորեցնում է պետությանը կտրուկ քայլերի գնալ: Դիվանագիտական խողովակներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ մի շարք արեւմտյան երկրներ հասկացնել են տալիս, որ իրենց կառավարությունները պատրաստվում են սեւ ցուցակներ գցել այն երկրներին, որոնց իշխանությունները չեն կարողանում ապահովել պատվաստումների որոշակի տոկոս, իսկ սեւ ցուցակ կոչվածը կարող է լինել մուտքերի արգելք, ֆինանսական ու տնտեսական այլ բնույթի սահմանափակումներ: Օր օրի տարածվող համավարակը իշխանություններին փաստացի կանգնեցրել է խնդրի առաջ։ Մի կողմից՝ մահացությունների թիվն ու բուժման կարիք ունեցող մեծ թվով քաղաքացիները, մյուս կողմից՝ փակ սահմանների վտանգը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, մեր տեղեկություններով, նոր մեթոդներ է մշակում, որպեսզի հանրությանը ստիպի ամեն գնով պատվաստվել։ Ու սկսել են հենց իրենցից՝ բուժհաստատություններից։ Մեզ ասացին, որ նախարար Անահիտ Ավանեսյանը քովիդով հիվանդների բուժման համար դոտացիոն գումարներ ստացող բժշկական կենտրոններին հրահանգ է իջեցրել, որ այն ԲԿ-ները, որոնց աշխատակիցների 90 տոկոսը եւ ավելին պատվաստված չի լինի, հաջորդ ամսվանից 30 տոկոսով պակաս ֆինանսավորում, ըստ այդմ` աշխատավարձ կստանան։ Եվ խոսքը միայն քովիդով հիվանդ բուժող բաժանմունքներին չի վերաբերում, այլ ամբողջ անձնակազմին։ Փոխարենը, այն ԲԿ-ները, որոնց աշխատակիցների 90 տոկոսից ավելին պատվաստված կլինի, հակառակը՝ կստանան աշխատավարձի 30 տոկոսի չափով պարգեւավճար։ Սրանով նախարարությունը փորձում է բժիշկների շրջանում պատվաստման բարձր ցուցանիշ ապահովել, որպեսզի նրանց օրինակով շարքային քաղաքացիներն էլ պատվաստվեն։ Սրանով նաեւ մասամբ կլուծվի այն խնդիրը, որի մասին շատերն են ասում` հակապատվաստումային քարոզարշավը հիմնականում հենց բժիշկներն են անում։ Իսկ պատվաստված բժիշկը դժվար թե նման քարոզչություն անի: Մենք առողջապահության նախարարությունից այս թեմայի առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք, սակայն այնտեղից մեզ ասացին՝ չեն մեկնաբանում տեղեկությունը։ Ինչը խոսում է այն մասին, որ տեղեկատվությունը ստույգ է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական համակարգի եւ մասնավոր ոլորտի այն աշխատողներին, որոնք չեն պատվաստվի կամ թեստավորվի եւ տեղեկանքներ չեն ներկայացնի գործատուին, գործատուն իրավունք կունենա չթույլատրել ներկայանալ աշխատանքի, չվճարել աշխատավարձ, ինչպես նաեւ ազատել աշխատանքից։ Օրենսդրական նման փոփոխություններ է մշակել կառավարությունը՝ առաջարկում է լրացումներ կատարել Աշխատանքային օրենսգրքում, «Հանրային ծառայության մասին» օրենքում, որոնցով սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ ծառայողին աշխատանքի չթույլատրելու եւ զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերը: Խոսքն այն դեպքերի մասին է, երբ աշխատանքի ներկայանալիս աշխատողի կողմից չեն ներկայացվում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը։ Գործատուն նաեւ իրավունք կունենա աշխատանքից ազատել աշխատակցին, եթե ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին 12 ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատողն իր աշխատանքային պարտականությունները չի կատարել։ Սույն կարգավորումները չեն տարածվի հանրապետության նախագահի, ԱԺ պատգամավորների, վարչապետի, համայնքի ղեկավարների եւ ավագանու անդամների, ՄԻՊ-ի, ՍԴ դատավորների, անկախ պետական մարմնի անդամների, ինքնավար մարմինների անդամների, Վիճակագրության խորհրդի անդամի, դատավորների, գլխավոր դատախազի պաշտոնների վրա: Ահա հասարակության եւս մի դասակարգում սեւերի ու սպիտակների»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայտնի իրողություն է, որ Հայաստանում կյանքն օր օրի թանկանում է: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ միայն սննդամթերքի գներն այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 15.4 տոկոսով բարձրացել են: Բայց զուգահեռ նկատենք, որ պարենի համաշխարհային գներն են բարձրացել, ինչը նշանակում է, որ թանկացումներ արձանագրվել են ամբողջ աշխարհում: Եւ Հայաստանն այս առումով անմասն չի մնացել: Մյուս կողմից՝ նկատենք, որ Հայաստանում բեռնափոխադրումների սակագներն են բարձրացել: Ըստ մասնագետների՝ հենց թանկացած բեռնափոխադրումներն են պատճառը, որ մեր հանրապետությունում ոչ միայն սպառողական շուկայում է գնաճ արձանագրվել, այլեւ ոչ պարենային ապրանքներն են թանկացել: Օրինակ՝ բենզինի գինն է զգալի բարձր. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրն այսօր կազմում է 500 դրամ: Հանրապետությունում երկաթուղային բեռնափոխադրումները նվազել են 9.9 տոկոսով, որից բեռների արտահանումը նվազել է 14.2 տոկոսով, իսկ ներմուծումը պակասել է 23.5 տոկոսով: Կտրուկ նվազել են նաեւ երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումները. անկումը կազմել է 4.6 տոկոս: Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքր թիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ 4 տոկոս աճ է արձանագրվել. ներմուծման դեպքում 67.9 տոկոս է աճը կազմել: Իսկ, ահա, արտահանումը նվազել է, այն էլ՝ 20.8 տոկոսով: