VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապրակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին ընդառաջ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ակտիվ քայլեր է իրականացնում վարչապետին հավուր պատշաճի դիմավորելու համար։ ՌԴ հայ համայնքից երեկ տեղեկացանք, որ Տողանյանն անձամբ զանգում եւ խնդրում է, մասնավորապես, մոսկվաբնակ հայ գործարարներին, ՌԴ-ում ազդեցիկ հայազգի մարդկանց՝ համաձայնել ներկա գտնվելու Փաշինյանի` հայ համայնքի հետ նախատեսվող հանդիպմանը։ Տեւական ժամանակ է, ինչ խոսվում է, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է փոխել դեսպան Տողանյանին` նրա փոխարեն նշանակելով պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, սակայն փաստ է, որ Տողանյանը, չնայած նախկինների կողմից էր նշանակվել այս պաշտոնին` 2017 թվականի մարտի 10-ին, բայց Հայաստան-Ռուսաստան այս բարդ հարաբերությունների շրջանում բավականին նրբորեն է կատարել իր պարտականությունները` հարթելով որոշ սուր անկյուններ եւ հնարավորն անելով, որպեսզի այդ հարաբերություններն էլ ավելի չսրվեն: Հիմա էլ, փաստորեն, կաշվից դուրս է գալիս, որ Փաշինյանի մոսկովյան այցը չձախողվի: Նշենք, որ առաջիկայում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպում, թեեւ կոնկրետ օրվա մասին դեռ տեղեկատվություն չկա>:
«Փաստ» օրաթերթը գրում է. Հարավկովկասյան տարածաշրջանում վերջին մի քանի ամիսների ընթացքում լուրջ աշխարհաքաղաքական զարագացումներ ու վերադասավորումներ են տեղի ունենում, որոնք ուղղակիորեն իրենց ազդեցությունն են ունենում և, ենթադրաբար, հետագայում նաև ունենալու են ՀՀում ընթացող քաղաքական և աշխարհաքաղաքական գործընթացների վրա։ Բոլորս ականատես ենք դառնում մեծ խաղացողների տակտիկական փոփոխությունների։ Ահա այս ֆոնին ՀՀ-ում իր դիրքերն է վերանայում նաև ԱՄՆ-ը, որն, ըստ էության, ընթացիկ զարգացումներում դիտորդի կարգավիճակից փորձում է դուրս գալ։ Այս առումով ուշագրավ են նաև Հայաստան կատարվող այցելությունները: Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին ՀՀ-ում է գտնվում ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպաններից մեկը (մեր աղբյուրի փոխանցմամբ, խոսքը, կարծես, Մարի Յովանովիչի մասին է), որը բավական ակտիվ քաղաքական հանդիպումներ է ունենում հայաստանյան առանցքային քաղաքական ուժերի ու առանձին գործիչների հետ։ Մենք տեղեկություն ունենք, որ դեսպանը հանդիպումներ է ունեցել նաև ընդդիմադիր ուժերի հետ, լսել նրանց մտահոգություններն ու ստեղծված իրավիճակի վերաբերյալ առկա կարծիքները։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը երեկ անցավ դարձյալ լարված ու թշնամական մթնոլորտում։ Ընդդիմադիրները, որոնցից ոչ բոլորն էին ներկա դահլիճում, դարձյալ փորձեցին Նիկոլ Փաշինյանին նեղը գցել՝ հիշեցնելով նախկինում արած իր հայտարարություններն ու հակասական գործողությունները։ Դարձյալ հիշեցրին, որ դավաճան է եւ կապիտուլյանտ, բայց բանը շշանետումներին չհասավ, քանզի շշերն այս անգամ եւս հավաքել էին սեղաններից։ Փաշինյանը որոշ հարցեր խորամանկորեն շրջանցում էր` չէր պատասխանում, որտեղ մեղքը նախկինների վրա գցելու փոքրիկ շանս էր տեսնում, անցնում էր հակահարձակման՝ «դավաճանն ու կապիտուլյանտը դուք եք»։ Երբեմն ընդդիմադիրների նյարդերը տեղի էին տալիս: Օրինակ, գերիների մասին հարց ուղղած Հռիփսիմե Ստամբուլյանի նյարդերը չդիմացան, եւ նա միկրոֆոնը խփեց սեղանին, դուռը շրխկացրեց ու դուրս եկավ։ Պարզ է, որ ընդդիմությունը լեզվակռվի մեջ միշտ պարտվելու է Փաշինյանին, որովհետեւ «կռուտիտի» եւ արգելված գծեր հատելու հարցում նա անգերազանցելի է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմի մեկ տարվա տարելիցի կապակցությամբ «Հայաստան» դաշինքը սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում նախատեսել է թեմատիկ երեք ֆորում անցկացնել։ Մեր տեղեկություններով, առաջին ֆորումը նվիրված է լինելու «Պատերազմի պատճառներին», երկրորդը` «Արտաքին մեկուսացում, աշխարհաքաղաքական նոր միջավայր, մարտահրավերներ, միջազգային կառույցներ», իսկ երրորդը՝ «Քննիչ հանձնաժողովի անհրաժեշտություն, հետպատերազմյան ապաքինում․ սոցիալական, անվտանգային, հոգեբարոյական խնդիրներ» թեմաներին, որոնց հրավիրվելու են տարբեր փորձագետներ: Նախատեսվում է ուղիղ հեռարձակում կազմակերպել քննարկումներից: Իսկ ԱԺ-ում մտադիր են կազմակերպել «Տեղահանվածների խնդիրները» թեմայով կլոր սեղան-քննարկում: Թե այս միջոցառումները կոնկրետ որ օրերին կկայանան, դաշինքից չասացին: Ըստ ամենայնի՝ մտահոգություն ունեն, որ իշխանությունները կխափանեն իրենց միջոցառումները։ Իսկ նոյեմբերի 11-ին «Հայաստան» դաշինքը նախատեսել է հանրահավաք կամ «այլ մասշտաբային» միջոցառում իրականացնել։ Այս ծրագրերը նախնական են, եւ հնարավոր է, որ դեռ փոփոխություններ կրեն»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել՝ օգոստոսի 25-ին Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու մասով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՔԾ-ն հարցաքննության է հրավիրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին, որից հետո կայացրել է որոշում: Թե ինչ որոշում է կայացրել ՀՔԾ-ն, հայտնի կդառնա այսօր։ Բանն այն է, որ, առկա փաստերի համաձայն, հենց Սարգսյանն է հարվածել Մանուկյանին: Ի դեպ, այսօր Գեղամ Մանուկյանին կրկին անգամ հրավիրել են ՀՔԾ, որպեսզի ծանոթանա քրեական գործի նյութերին: Արդյոք ՀՔԾ-ն այս գործը կուղարկի դատարան, թե Աժ մյուս միջադեպերի նման գործը կկարճի, պարզ կլինի այսօր: Սակայն դատելով, թե ինչ ցուցմունք է տվել Գեղամ Մանուկյանը, ակնհայտ է մեկ բան, որ քրեական գործը կկարճվի: Հիշեցնենք՝ ArmLur.am-ը հրապարակել էր տեսանյութ, որտեղ ակնհայտ երեւում է, որ Գեղամ Մանուկյանին ծեծի է ենթարկում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Եվ, ահա, ՀՔԾ-ում կոնկրետ ցուցմունք են ուզում Գեղամ Մանուկյանից, որ նա, ըստ էության, ցուցմունք տա Հայկ Սարգսյանի դեմ, սակայն, ըստ մեզ հասած տեղեկությունների, Գեղամ Մանուկյանը ՀՔԾ-ում նշել է, որ սա Նիկոլ Փաշինյանի կողմից հրահրված զանգվածային խուլիգանություն էր: Ակնհայտ է որ ՀՔԾ-ում իրավաբանությունը կպարտվի «դուխ»-ին, եւ քրեական գործ քննող քննիչը չի համարձակվի Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, վերլուծաբան Թևան Պողոսյանի հետ զրուցել ենք այն կետի մասին, ուր հասել ենք 44-օրյա պատերազմից մեկ տարի անց, անդրադարձել նոր սպառնալիքներին, տարածաշրջանային մարտահրավերներին: Խոսելով առկա ճգնաժամի մասին՝ «Փաստի» հետ զրույցում Թևան Պողոսյանը նախ նշեց. «Մենք պարտվել ենք պատերազմում և այս ընթացքում պետք է գիտակցեինք, թե ինչպես պետք է հաղթահարել մեծագույն ճգնաժամը, որը ես մի քանի ճյուղի եմ բաժանում: Խոսքը բարոյահոգեբանական, անվտանգության, նաև սոցիալ-տնտեսական ճգնաժամերի մասին է: Լավագույնն այն կլիներ, որ նոյեմբերի 11-12-ին գործող իշխանությունները հեռանային՝ փորձելով գուցեև գիտակցված ու ինքնակամ հայ ազգին կոչով դիմելու հնարավորություն ձևավորել: Այսինքն, խնդրելով ձևավորել հակաճգնաժամային ազգային միասնական կառավարություն, որ կարողանայինք և՛ նոր բանակցող, և՛ ճգնաժամային ու հակաճգնաժամային նոր կառավարիչներ բերել, որովհետև պետք էր գիտակցել՝ եթե այդ ճգնաժամից դուրս չգանք, այն միայն խորանալու է: Ցավոք, այդ ճանապարհով չգնացին՝ գալով ու հասնելով հունիսի 20: Մեծ հաշվով, պարտությունների շղթայի շարունակության ճանապարհով ենք գնում, որովհետև պարտվածից ավելին չեն ուզում, քան ավելի ու ավելի այլոց շահերի ամրապնդում պարտադրելն է: Թշնամին հասկանում է, որ իր համար լավագույն իրավիճակն է ձևավորվել՝ փորձելով մինչև վերջ հասնել իր նպատակներին, չէ՞ որ նույն թշնամին ժամանակին իր սեփական օրինակով դաս է քաղել: Երբ 1994-ին մենք մինչև վերջ չճնշեցինք, չգնացինք՝ հասնելու այն ամենին, ինչը մեզ պետք էր, թշնամին ժամանակն օգտագործեց: Ալիևն իր ռևանշիստական միտումները պահեց ու 26 տարի հետո պատրաստված էր իր նախաձեռնությունն իրականացնելու տեսանկյունից: Ինքն իր սեփական դասը քաղած՝ շատ լավ հասկանում է, որ այսօրվա դրությամբ չի հասել Երևանի գրավմանը, ինչն իր ազգային երազանքն է: Հիմա փորձելու է մաքսիմալ ճնշումներով հասնել մի իրավիճակի, որ հայկական կողմերը միգուցե դասեր քաղելու ճանապարհով զարգանալու և ազգային երազանքի շրջանակներում հայրենիքը վերականգնելու շանս չունենան»: Թևան Պողոսյանի խոսքով, սա բնական մոտեցում է, ինչը լավ իմանալով՝ մեր ազգային գիտակցության մեջ պետք է լիներ «ի՞նչ պետք է անել» հարցի պատասխանը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծելու առումով նոր խնդիրների առաջ է կանգնել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, սկզբնական շրջանում նախատեսված է եղել հանձնաժողովում փորձագետներ ընդգրկել ՊՆ-ից ու ԳՇ-ից, սակայն նրանք չեն համաձայնել հետագա զեկույցի իշխանական սցենարին, ինչից հետո իշխանությունը ստիպված է եղել դիմել ընտրություններից առաջ և հետո Նիկոլ Փաշինյանի մեկնած ձեռքը սեղմած քաղաքական ուժերից մի քանիսին։ Մասնավորապես, թերթին տեղեկություններ են հասել, որ իշխանությունն այս պահին դիտարկում է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանին որպես «փորձագետ» հանձնաժողովում ընդգրկելու հարցը։ Ի դեպ, վերջինս տարբեր մարզերում իշխանական՝ ՔՊական թեկնածուների գովքով է զբաղված և փորձում է ամեն գնով արդարացնել Հայաստանի և Արցախի պարտությունը։ Ի դեպ, մեր աղբյուրը հայտնել է նաև, որ հանձնաժողովում իշխանությունը դիտարկում է նաև Դավիթ Սանասարյանի, Նորիկ Նորիկյանի թեկնածությունները։ Արդյունքում, իշխանությունը ցանկանում է նաև «փորձագետների» միջոցով էլ ավելի մեծացնել իր ներկայությունը ստեղծվելիք հանձնաժողովում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կապան խոշորացված համայնքի իշխանական թեկնածուն` Դավիթ Դանիելյանը, խոստանում է կառուցել Կապանը: Տեղացիներն ասում են, որ ծնունդով կապանցի Դավիթ Դանիելյանը 4 տարի չէր հիշում Կապանի մասին, ոչինչ չէր անում հարազատ քաղաքի համար, հիմա` ընտրությունների նախօրեին, հանկարծ հիշել է եւ ոսկե սարեր է խոստանում: Իսկ Դանիելյանը, որն ընդամենը 29 տարեկան է, ավարտել է Երեւանի Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան, մասնագիտությամբ նկարիչ է, 2017-ից Նկարիչների միության անդամ է եւ միայն 2020 թվականին է ընդունվել Գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրայի բաժինը, որպեսզի բարձրագույն կրթության վկայական ստանա: Նրա կենսագրությունը կազմված է մի քանի տողից․ 2019թ․ մայիսին նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի օգնական, 2021թ․ հունվարից` ՀՀ ՊՎԾ ղեկավարի օգնական, իսկ հունիսի 20-ի ընտրություններով ՔՊ ցուցակով դարձել է պատգամավոր: Թե օգնականի փորձառությամբ մարդն ինչպես է սահմանամերձ համայնքը` Ադրբեջանի հետ սահմանակից Կապանը ղեկավարելու, միայն նրան առաջադրող «Քաղպայմանագիր» կուսակցությունը կիմանա: Իսկ կապանցիները նրա մասին այն գիտեն, որ այս տարիներին միայն ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակել եւ երեւաններում կյանքը վայելել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այս օրերին ջանք չի խնայում Գորիսի համայնքապետի ընտրություններում հաղթանակ ապահովելու համար: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Խաչատրյանի վրա պարտավորություն է դրված. պետք է Գորիսում «հեղափոխություն» իրականացնի: Ըստ մեր տեղեկությունների՝ նաեւ դա է պատճառը, որ Արմեն Խաչատրյանն է երաշխավորել հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի նախկի պետ Վլադիմիր Աբունցի թեկնածությունը համայնքապետի ընտրություններում: Երեկ Խաչատրյանը Աբունցին խորհրդարան է «տարել», խմբակցության տարբեր պատգամավորների հետ հանդիպում կազմակերպել. խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եւ խմբակցության քարտուղար Նազենի Բաղդասարյանի հետ առանձին է հանդիպումներ կազմակերպել: Մենք տեղեկացանք, որ գորիսեցիները Աբունցին գիտեն՝ որպես մաքսատան աշխատակից, որն այդ համակարգում է եղել դեռեւս 1998 թվականին: Աբունցը Սյունիքի տարածաշրջանային մաքսատանը եղել է բեռների զննման մաքսային տեսուչ, այնուհետեւ՝ ավագ տեսուչ, գլխավոր տեսուչ, մաքսատան բացթողնման բաժնի պետ: Ըստ իշխանության մեր աղբյուրների՝ Աբունցին վերջերս են ՔՊ-ական «դարձրել» ու ներգրավել քաղաքական կուսակցության ու պրոցեսների մեջ, քանի որ տեւական ժամամակ Գորիսում ուժեղ թեկնածու են փնտրել: Ի վերջո, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն առաջարկել է իր մտերիմներից Վլադիմիր Աբունցին: Թե արդյոք գորիսեցիները իրենց ձայնը կտան Աբունցին, դժվար է ասել, քանի որ հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրությունները խոստանում են թեժ լինել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մի ամբողջ օր գրել-ջնջելուց հետո՝ երեկ՝ աշխատանքային օրվա ավարտին, վերջապես հարկ համարեց Հայաստանի տարածքով Նախիջեւան մեկնած ադրբեջանական օդանավի՝ դեռ առավոտից աղմուկ հանած թեմային անդրադառնալ: Հաղորդագրությունն այն մասին էր, որ ադրբեջանական ավիաընկերություններից մեկին պատկանող օդանավը Հայաստանի օդային տարածքը հատել է՝ դեռ մի քանի տարի առաջ կնքված «Բաց երկինք» պայմանագրի համաձայն: Հայաստանի օդային տարածքը փաստացի երբեք էլ փակ չի եղել Ադրբեջանի համար, ուղղակի դեռեւս 2013-2014 թթ. Ադրբեջանն ինքն իր նախաձեռնությամբ է դադարել օգտվել Հայաստանի օդային տարածքից, որպեսզի մեր օդային տարածքից օգտվելու համար ստիպված չլինի հարկեր վճարել: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ՝ ամբողջ օրը, փորձեց ճշտել, թե Քաղավիացիայի կոմիտեն ադրբեջանական կողմից արդյոք գանձում կատարել է մեր օդային ուղիներից հակառակորդ երկրի ավիաընկերությանն օգտվելու հանարավորություն տալու համար: Կոմիտեի քաղաքային հեռախոսահամարներին զանգերը, սակայն, զարմանալի զուգադիպությամբ անարձագանք մնացին: Չգիտես՝ ինչ հրաշքով, հերթական զանգերից մեկին արձագանքեց Կոմիտեի գլխավոր քարտուղար Միքայել Զալինյանը: Նա մեր հարցը լսելուց հետո որոշեց, որ առցանց ինչ-որ թրեյնինգի է մասնակցում: Նա ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց հարցադրումը՝ նախընտրելով առցանց թրեյնինգին մասնակցել: Երեկոյան կողմ մեր խմբագրություն Քաղավիացիայի թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանը զանգահարեց:
«Բաց թողած զանգերը տեսա, հետ զանգեցի, բայց Ձեր հարցի հասցեատերը ես չեմ: Ենթադրում եմ՝ գումարների հարցով «Հայէրոնավիագացիա» ՓԲԸ-ն է զբաղվում»,- ուղղորդեց մեզ: «Հայէրոնավիագացիան» էլ, պարզվեց, գումարային փոխանցումներին հարցին պատասխանելու լիազորություն «վերեւներից» չի ստացել: «Ինձ, մեզ արգելել են խոսել այդ թեմայով: Ինչքան էլ փորձեք ինֆորմացիա ճշտել, չի ստացվի, դրան պետք է կոմիտեն պատասխանի»,- հարցի պատասխանն իր վրայից գցելով՝ ասաց Սեւակ անունով ներկայացած ՓԲԸ-ի աշխատակիցը: Պարզեցինք նաեւ, որ Կոմիտեն՝ լրատվական ծառայություն, տիկին Տաթեւիկ Ռեւազյանն էլ մամուլի քարտուղար չունի: Ռեւազյանի օգնական Լիլիթի հետ կապ հաստատեցինք, խոստացավ ճշտել հարցի պատասխանն ու հետ զանգել: Ինչպես սպասվում էր, ոչ միայն հետ չզանգեց, այլեւ անպատասխան թողեց մեր բոլոր զանգերը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ավիափորձագետ Նավիկ Խաչատրյանը բացատրեց՝ որեւէ երկրի օդային ուղիներով թռիչք իրականացող ավիաընկերությունն ավիացիոն ծախսերի համար վճարում է անում: «Գումարի չափը ձեւավորվում է՝ ըստ օդանավի քաշի, նրա անցած կիլոմետրի ու ինչ-որ գործակցի բազմապատկման: Գումարը ստանում է «Հայէրոնավիգացիան», որ Կոմիտեին է ենթարկվում: Կոմիտեն էլ իր հերթին այդ գումարը բյուջե է փոխանցում»,- մանրամասնեց Խաչատրյանը: Ենթադրելի է, որ ադրբեջանական ավիաընկերությունը, գործող կարգի համաձայն, ՀՀ օդային ուղիներից օգտվելու համար որոշակի հարկ վճարել է, ինչը, սակայն, Կոմիտեն ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում է: Հուսանք՝ Էդմոն Մարուքյանի ասած «սիրուն աղջկա» ղեկավարած կառույցը ադրբեջանական կողմից դրամական համապատասխան փոխանցումները ստացել է, ոչ թե բարի կամք դրսեւորել ու օդը բացելով՝ ասել՝ էստի համեցե՛ք: Ի դեպ, սա աննախադեպ բան է, երբ պատերազմից հետո հայկական կողմը սիրահոժարություն է դրսեւորում Ադրբեջանի նկատմամբ՝ գաղտնի պահելով, թե ինչի դիմաց»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել աշխատող քաղաքացիների համար պատվաստման սերտիֆիկատի կամ 14 օրը մեկ COVID19-ի բացասական արդյունքը հավաստող ՊՇՌ տեստի ներկայացման պարտադիրությունը: «Փաստ» թերթը գրավոր հարցմամբ դիմել էր առողջապահության նախարարություն՝ խնդրելով պատասխանել՝ արդյո՞ք հեռավար աշխատողներին ևս վերաբերում է առողջապահության նախարարի հրամանը: Մեր հարցման հաջորդ օրը տարածվեց հաղորդագրություն, որ անցկացվել է առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի առցանց հանդիպում-քննարկում, որի ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, «հանդիպման մասնակիցները բարձրաձայնել են, որ հանրային առողջության և համաճարակաբանության տեսանկյունից հեռավար աշխատողներին բացառությունների ցանկում ներառելը նպատակահարմար չէ»: Միևնույն ժամանակ, մենք ստացել ենք նաև մեր հարցման պատասխանը, ուր մասնավորաբար գրված է. «Այն դեպքում, երբ աշխատողն աշխատանքն իրականացնում է հեռավար եղանակով, ԱՇԽԱՏԱՎԱՅՐ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ օրը (ընդգծումը մերն է-խմբ.), և հաջորդիվ՝ յուրաքանչյուր 14 օրը մեկ, ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության կամ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 10-ի թիվ 2688-Լ հրամանով սահմանված սերտիֆիկատ»։ Ուշադրություն դարձրեք «հեռավար եղանակով» ու «աշխատավայր ներկայանալու օրը» արտահայտությունների համադրմանը: Հեռավար եղանակով աշխատողը, որպես կանոն, աշխատավայր չի ներկայանում, առավել ևս, եթե աշխատավարձն էլ ստանում է անկանխիկ: Այսինքն, ըստ այս պատասխանի, ստացվում է, որ հեռավար եղանակով աշխատողը չի ներկայացնում նշյալ փաստաթղթերը, եթե ԱՇԽԱՏԱՎԱՅՐ չի ներկայանում: Սա՝ ԱՆ գրության տրամաբանությամբ: Այդ դեպքում, ի՞նչ էր նշանակում վերը նշված պաշտոնական հաղորդագրությունը, արդյո՞ք չկա հակասություն: Մի խոսքով, հերթական անգամ գործ ունենք ոչ թե պարզ ու հստակ պատասխանի, այլ նոր հարցեր առաջացնող գործելաոճի հետ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում այս տարվա 8 ամիսներին ծնվածների թիվն ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2020 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ծնվածների թիվը կազմել է 22 հազար 858, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն ավելացել է՝ դառնալով 23 հազար 440: Բայց, մյուս կողմից, ավելացել է նաեւ մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 289-ից հասնելով 321-ի: Հայտնի իրողություն է, որ երեխաների մեռելածնության հիմնական պատճառները երկուսն են՝ սոցիալ-տնտեսական վատ պայմանները եւ առողջապահության ցածր մակարդակը։ Բերված թվերը վկայում են այն մասին, որ Հայաստանում շատացել են այն ընտանիքները, որոնք ի վիճակի չեն իրենց ծննդկանին ապահովել անհրաժեշտ կալորիականությամբ հարուստ սննդով։