Հայաստանը ՌԴ հետ կապող ճանապարհը շարունակում է մեծամասամբ փակ մնալ հեղեղվելու վտանգի պատճառով, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում ոչ միայն ավտոտրանսպորտի, այլ նաև բեռնափոխադրողների համար: Վերին Լարսի անցակետի փակվելը գյուղատնտեսական սեզոնի ամենաթեժ պահին զգալիորեն հարվածել է հատկապես միջին և փոքր բիզնեսին, բայց ՀՀ ու Վրաստանի կառավարությունները լատավեսական կանխատեսումներ չեն տալիս:
Վրաստանից վերադարձած ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Գագիկ Բեգլարյանը հայտարարել է, որ ավտոմոբիլային երթևեկությունը Վերին Լարսով այսօրվանից վերսկսվում է ցերեկային ժամերին, իսկ մաքսիմում 4-5 օրից այն կլինի 24 ժամ ռեժիմով: Սակայն նա զգուշացրել է, որ սպասվում է լեռնային մեծ զանգվածների տեղաշարժ, ինչը կարող է կրկին փակել այդ ճանապարհը: Իր հերթին վարչապեը
Հովիկ Աբրահամյանը կոչ է արել սկսել բանակցություններն այլընտրանքային ճանապարհ բացելու շուրջ:
Նախարարը նշել է, որ այժմ ամենաօպտիմալ տարբերակներ են բեռների փոխադրումը Ռուստավի-Սադախլո և Թբիլիսի-Գեգուտի ուղղություններով, ինչպես նաև Մցխետա-Ստեփանցմինդա-Լարս և Թբիլիսի-Բակուրցիխե-Լագոդեխի մայրուղիներով:
ՀՀ փորձագիտական շրջանակներում առաջարակվում է գործարկել նաև կախեթական ուղղությունը՝ դուրս գալով դեպի Դաղստան:
VERELQ-ի հետ զրույցում Վրաստանի հարցերով փորձագետ
Ջոնի Մելիքյանը հայտարարել է, որ ռուս-վրացական ճանապարհի խոցելիությունը ստիպում է հայկական կողմին անընհատ բարձրացնել այլընտրանքային ուղիների որոնման հարցերը: Ելնելով քաղաքական կոնյուկտուրայից մոտակա ժամանակներս չի կարելի հույս դնել աբխազական երկաթգծի վերագործարկման վրա: Մելիքյանն առաջարկում է քննարկել կախեթական ուղղությունը՝ դեպի Դաղստան: Նրա խոսքով, հայկական կողմը պետք է աշխատի այդ ուղղությունը բացելու համար, քանի որ այն կապոհովի անխափան ելք դեպի ԵԱՏՄ շուկա:
Նախարարությունում, սակայն, VERELQ-ին տեղեկացրեցին, որ կոնկրետ այդ ուղղությունը քննարկման չի դրվել և չի ուսումնասիրվել: Հայտնեցին նաև, որ Գագիկ Բեգլարյանի այցի ընթացքում քննարկվել է Եվրոպական տարանցիկ միջանցքի, Մցխետա-Ստեփանցմինդա-Լարս և Թբիլիսիճ-Բակուցիխե-Լագոդեխի ուղղությունների կարևորությունը, ինչպես նաև ամենաարդյունավետն է համարվել Ռուստավի-Սադախլո և Թբիլիսի-Գեգուտի և Խաշուրի-Ախալցխա ուղղությունը: Գյուղատնտեսության նախարարությունից էլ հայտնեցին, որ Լարսի փակումը փոխադրողների համար լուրջ վնասներ չի առաջացրել, քանի որ առկա իրավիճակում նրանք իրենց ապրանքները սպառել են վրացական շուկայում: Իսկ մյուսների համար, ովքեր ունեին շտապ առաքելու պայմանագրեր, կազմակերպվել է լաստանավային փոխադրում՝ Փոթիից Նովոռոսիյսկ, ինչը 300 կմ-ով կրճատել է ճանապարհը: Ու չնայած այն ավելի թանկ է, սակայն փոխադրողների կողմից որևէ դժգոհություն չի արտահայտվել:
Տնտեսագետներն իրավիճակը տեսնում են ավելի վատատեսական գույներով, մասնավորապես այն պատճառով, որ չկան երաշխիքներ, որ Լարսը եղականային պատճառներով կրկին չի փակվի: Տնտեսագետ
Վահագն Խաչատրյանի խոսքով ՝ մեկ ավտոմեքենայի կորուստը 1000 դոլար է: Իսկ այդպիսի վիճակը չի կարող ապահովել հայկական տնտեսության անխափան աճ: Սակայն այս պահի դրությամբ և մոտակա ժամանակներս Հայաստանը Լարսի այլընտրանք չի ունենա: