Հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողություն՝ Իրաքյան Զախո քաղաքում
Հոկտեմբերի 2-ին Իրաքյան Քուրդիստանի Զախո քաղաքում, ՀԱԵ Իրաքի Հայոց Թեմի առաջնորդ Տէր Ավագ արք․ Ասատուրեանի ձեռամբ կատարվել է Սբ․ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողությունը։
Ինչպես հայտնում են Իրաքում ՀՀ դեսպանությունից, արարողությանը մասնակցել են Իրաքում ՀՀ դեսպանության հյուպատոս Ալիկ Ղարիբյանը և Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության հյուպատոս Անդրանիկ Հարությունյանը։
Ըստ ՀԱԵ ծիսակարգի՝ շարականների և սաղմոսների երգեցողության ներքո նախ ջրով, ապա գինով լվացվեցին եկեղեցու հիմքերում զետեղվելիք 16 քարերը Քրիստոսի 12 առաքյալների, Պողոս առաքյալի, երկու ավետարանիչների և Ս. Գրիգոր Լուսավորչի անուններով, որից հետո Սրբազան Հայրը և առընթերակա հայ և քաղդեական եկեղեցիները ներկայացնող բարձրաստիճան հոգևորականները Սբ. Մյուռոնով օծեցին եկեղեցու հիմքերի քարերը, աղոթեցին կառուցվելիք տաճարի անսասանության և օրհնաբեր առաքելության համար:
Օծումից հետո քարերը երեսուներկու խաչքավորների կողմից զետեղվել են եկեղեցու հիմքերում։