Քանոնի տիրուհին. Հասմիկ Լեյլոյան
ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանին տասնամյակներ շարունակ տեսել ենք հայաստանյան տարբեր բեմերում՝ կարեւոր ու նշանակալի համերգներին։ Նա համագործակցել է հայ եւ օտարազգի ճանաչված բազմաթիվ երաժիշտների հետ՝ ինչպիսիք են Ջիվան Գասպարյանը, Հիբա Ալ Քավազը, Պեդրո Յուստաշը, Դավիդ Կուչերմանը, Նադիշանան, Վադիհ էլ Սաֆին, իսկ կոմպոզիտոր, երաժիշտ Արա Գեւորգյանի հետ համագործակցությունն ավելի քան 30 տարվա պատմություն ունի։
Հասմիկ Լեյլոյանն ունի միջազգային մեծ ճանաչում եւ ընդգրկված է Հայաստանում, ինչպես նաեւ աշխարհի 21 երկրներում հրատարակված հանրագիտարաններում, նա համերգներով հանդես է եկել ավելի քան 60 երկրում։
Քանոնի հայկական հնչողությունը, կատարողական նոր առանձնատակությունները սերունդներին փոխանցելու համար նա հեղինակել է քանոնի բազմաթիվ ժողովածուներ ու ձեռնարկներ, որոնք նաեւ ներառում են հայկական ժողովրդական եւ դասական ստեղծագործությունների փոխադրումներ քանոնի համար։ Հասմիկ Լեյլոյանն ունի ռադիոյի եւ հեռուստատեսության ֆոնդային անհամար ձայնագրություններ, տասնյակ ձայնասկավառակներ։
«Մի առիթով հարցրին՝ քանոնը հայկակա՞ն գործիք է։ Պատասխանեցի. «Եթե հաշվի առնենք, որ Հայաստանը եղել է ծովից ծով, ուրեմն իր մշակույթով ազդել է նաեւ մյուս ազգերի վրա»։
Քանոնը շատ տարածված գործիք է, արաբական աշխարհն այն նվագում է իր լադերին համապատասխան, պարսիկները՝ իրենց երաժշտությանը եւ այլն։ Հայկականն էլ իր յուրահատկություններն ունի, որ ոչ մի ազգի նման չէ։ Գործիքի՝ մեր լարվածքն ուրիշ է, նրանցը՝ ուրիշ։ Կարեւորը՝ հայկականը պահել-պահպանելն է։
Տարբեր երկրներից ինձ հրավիրում են համերգների. նրանց հետաքրքրում է մե՛րը, հայկակա՛նը, ազգայի՛նը։ Ես երբեք օտարների կատարման ձեւերը չեմ ընդօրինակի, որովհետեւ մենք ունենք մերը։ Մենք այն ազգն ենք, որն ունի իր ազգային դեմքն ու ավանդույթները. Դրանք պետք է պահել-պահպանել եւ զարգացնել, ոչ թե փորձել ընդօրինակել օտարին ու փչացնել մեր ազգային արվեստի, մշակույթի դեմքը։
Քովիդի պատճառով արտասահմանյան շատ համերգներ չեղարկվեցին։ Բայց հիմա էլ առցանց աշխատում եմ։ Արաբական Միացյալ էմիրությունների Արվեստի համալսրանաւոմ առցանց դասախոսություններ եմ կարդում եւ ծանոթացնում հայկական քանոնի կատարման առանձնահատկություններին։ Նաեւ համերգների հրավերներ ունեմ, որոնք գործնական ընթացքի մեջ են, թեեւ քովիդը շատ է խանգարում։ Պայմանավորվում ես ինչ-որ բան, բայց մեկ էլ խափանվում է։
Հիմա մտավորականներին ու արվեստագետներին շատ են մեղադրում, որ բողոքի ձայն չեն բարձրացնում, բայց դա այդպես չէ։ Կան շատ նվիրյալ, իրական արվեստագետներ, որոնք իսկապես անհանգստացած են մեր երկրի համար, պարզապես ազգ, հայրենիք, արժեքներ չգանահատող ու մերժող պատնեշի են հանդիպել եւ այդ պատնեշն ստեղծողների հետ շփման եզրեր բացարձակ չունեն։
Կարծում եմ, որ շատ շուտով Աստծո օրհնությամբ մեր ազգը լիովին կբացի իր աչքերը եւ թույլ չի տա իր հայրենիքի, պետության եւ մշակույթի կործանումը։ Աստված պահապան մեզ եւ մեր երկրին",- ասում է Լեյլոյանը։