Խորհրդարանական ընդդիմությունը որոշել է բոյկոտել արտահերթ նիստը
Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը բոյկոտելու մասին։
Մինչ քննարկումներն սկսելը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է մի հարց, որը հակասում է Սահմանադրությանը և Սահմանադրական դատարանի որոշմանը: Խոսքը «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում մի շարք համայնքների միավորում նախատեսող փոփոխությունների փաթեթի մասին է։
«Մենք այն (փոփոխությունների փաթեթը) հանցագործություն ենք համարում, ուստի դրա շրջանակներում քննարկվող հարցերն անօրինական են», – հայտարարել է նա՝ ընդգծելով, որ խմբակցությունը հետամուտ է լինելու իրավական գնահատականի և կոչ է անում նախագահին ուշադրություն դարձնել օրինագծին:
Իշխանությունները չեն կարող ճիշտ առաջնահերթություններ սահմանել, վստահ է Մինասյանը։ Նրա խոսքով՝ ընդդիմությունն արդեն 12-րդ օրն է, ինչ պահանջում է Սյունիքի իրավիճակի վերաբերյալ փակ քննարկումներ անցկացնել՝ ԱԱԾ տնօրենի, ԱԳՆ եւ ՊՆ ղեկավարների մասնակցությամբ: Սակայն ոչ մի գործողություն չի ձեռնարկվել։ Ավելին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ սիրախաղերը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները վկայում են երկրի անվտանգության բարձր սպառնալիքների մասին։
«Վերոգրյալից ելնելով՝ «Հայաստան» խմբակցությունը հայտարարում է, որ չի մասնակցելու այդ ապօրինություններին», - հայտարարեց Մինասյանը, որից հետո խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը:
Իր հերթին «Պատիվ ունեմ» ընդդիմադիր երկրորդ խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ փոփոխությունների փաթեթը, որը նախատեսում է համայնքների խոշորացում իրենց միավորման միջոցով, քաղաքական նախագիծ է, որը կոչված է վերացնելու իշխանություններին ոչ պիտանի համայնքապետերին: Հաշվի առնելով դա, ինչպես նաեւ «Հայաստան» խմբակցության թվարկած պատճառները, մեր խմբակցությունը եւս չի մասնակցի այդ քննարկմանը», - հայտարարել է Մամիջանյանը: