Նոր օրինագիծ. 441 համայնք կմիավորվի 37 համայնքային միավորումներում
Խորհրդարանական մեծամասնությունը ձեռնամուխ է եղել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների սկանդալային փաթեթի քննարկմանը, որով նախատեսվում է համայնքների խոշորացում՝ դրանց միավորման հաշվին: Խորհրդարանական ընդդիմությունը կասկածում է օրենսդրական փոփոխությունների օրինականությանը եւ բոյկոտում քննարկումները։
Մինչդեռ, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, հիմնավորելով օրինագծի ընդունման անհրաժեշտությունը 24-ժամյա արագացված ռեժիմով, հայտարարել է, որ օպերատիվ ընդունումն անհրաժեշտ է, որպեսզի հասցվի ՏԻՄ ընտրություններին, որոնք նշանակված են դեկտեմբերի 5-ին: Նշենք, որ փոփոխությունների ընդունման ընդդիմախոսները վստահ են, որ իշխանությունները շտապ կերպով փոխում են վարչատարածքային բաժանումը՝ առաջիկա ընտրություններում ընդլայնված համայնքներում ավելի բարձր արդյունքների հասնելու նպատակով՝ գյուղական ընտրազանգվածի աջակցության հաշվին:
Սանոսյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է 441 համայնք միավորել 37 համայնքային միավորումներում: Ըստ ներկայացված բարեփոխումների նախագծի՝ նախատեսվում է խոշորացնել 69 համայնք Արագածոտնի մարզում, 105–ը՝ Արարատի, 82–ը՝ Արմավիրի, 62–ը՝ Գեղարքունիքի, 43–ը՝ Լոռու, 30–ը՝ Կոտայքի, 40–ը՝ Շիրակի, 5–ը՝ Վայոց Ձորի, 3–ը՝ Տավուշի մարզերում: Բացի այդ, Էրքենանց գյուղը նախատեսվում է ընդգրկել Սյունիքի մարզի Կապան համայնքի մեջ մտնող բնակավայրերի ցանկում։ Համայնքների ընդլայնման արդյունքում դրանց թիվը երկրում կհասցվի 78-ի, ներառյալ Երևանը։
Խոսելով համայնքների ընդլայնման անհրաժեշտության մասին՝ Սանոսյանն ընդգծել է, որ տարիների փորձը ցույց է տվել, որ 3000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքներում լուրջ խնդիրներ են առաջանում, քանի որ համայնքն ի վիճակի չէ համայնքի շրջանակներում մի շարք ծառայություններ լուծել: «Ես արդեն չեմ խոսում կապիտալ ծախսերի, ենթակառուցվածքների զարգացման եւ այլ կարեւոր ծրագրերի մասին», - հայտարարել է նախարարը: Նա վստահ է, որ բարեփոխումների իրականացումը կնպաստի ապակենտրոնացված զարգացմանը։