23.11.2024
Նոր օրինագիծ. 441 համայնք կմիավորվի 37 համայնքային միավորումներում
prev Նախորդ նորություն

Եզրային վիճակում ենք. Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին պատվաստվել

Պատվաստանյութը 97,5 տոկոսով պաշտպանում է կորոնավիրուսով վարակվածությունից և 98,2 տոկոսով՝ հոսպիտալացումից: Այդ մասին Կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ թվաբանությունը պատկերավոր ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 


«Պատվաստվածների մոտ վարակվածության տոկոսն ավելի ցածր է, քան կրկնակի վարակի դեպքերը: Կրկնակի վարակի դեպքերը կարող են մինչ 3-4 տոկոսի հասնել»,- ասաց նա:


Անդրադառնալով նրան, որ հոկտեմբերի 1-ից քաղաքացիներն աշխատանքի գնալիս կամ պետք է ներկայացնեն պատվաստված լինելու մասին փաստաթուղթ, կամ ամսական երկու անգամ թեստավորվեն, ինչը վճարովի է, Նիկոլ Փաշինյանը նշեց.


«Ինձ զարմացնում է այն, երբ հարցադրում է արվում, թե ինչպես կարելի է մարդկանց համար թեստավորման լրացուցիչ ֆինանսական ծախսեր սահմանել: Մարդկանց համար ամենևին որևէ լրացուցիչ ծախս չի սահմանվում, որովհետև մարդիկ այդ ծախսն անելու կարիքը չունեն, պետությունը հոգում է, որ բոլոր մարդիկ բացարձակապես անվճար ստանան պատվաստում: Քաղաքացին ինքն է ընտրում ծախս անի՞, թե՞ չանի»,- ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ 300 հազարից ավելի պատվաստումների դեպքում չունենք հիշատակման արժանի որևէ բարդություն:


«Փորձում են պատվաստման մեջ դավադրություն տեսնել, սակայն ընդգծեմ, որ Կառավարությունն առաջինն ինքն է պատվաստվել: Այս դահլիճում բոլորը պատվաստված են, եթե չունեն հակացուցում: Ինքս պատվաստված եմ, մեր ընտանիքի անդամները պատվաստված են: Եթե մենք հակամարմինների հետ կապված զգանք, որ կա անհրաժեշտություն նորից պատվաստվելու, մենք դա անպայման պետք է անենք:


Այսօր կարողություններ ունենք օրական մինչև 10 հազար մարդու պատվաստել: Մենք հիմա եզրային վիճակում ենք, ու պետք է կոչ անեմ՝ համաճարակային կանոնները պահել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: