Եկամտահարկի վերադարձի դիմումները 15-օրվա փոխարեն կքննարկվեն երեք օրում
Եկամտային հարկի վերադարձի համար հիփոթեքային վարկի վարկառու և (կամ) համավարկառու հանդիսացող անձանց կողմից եկամտային հարկի վերադարձման մասին դիմումները կներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով։ Այդ մասին որոշումն ընդունվեց Կառավարության սեպտեմբերի 24-ի նիստում:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց՝ նախատեսվում են նաև հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասին տեղեկանքը բացառապես ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու կարգավորումներ։
«Մենք փոխում ենք համակարգն: առաջին անգամ դիմելու դեպքում նույն փաստաթղթերն են ներկայացվելու՝ մեկ տարբերությամբ. 15 օրվա ընթացքում դիմողին տրամադրվելու է լոգին, փասվորդ, որի միջոցով անձնական գրասենյակ է ունենալու և ամեն եռամսյակի արդյունքներով այդ անձական գրասենյակում ինքնաշխատ եղանակով երկու տվյալ են գեներացվելու, և դիմում է գեներացվելու, որը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու է հարկային մարմին:
Գործող աշխատանքային 15 օրվա փոխարեն՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում վճարված եկամտային հարկը վերադարձվելու է համապատասխան բանկային հաշվին», -ասաց նա։