Համայնքների ընդլայնման արդյունքում կլինեն անձնակազմի կրճատումներ, սակայն նախկին բոլոր աշխատակիցներն ապահովված կլինեն աշխատանքով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով, այսօր համայնքների ընդլայնման բարեփոխումների շրջանակներում լայնորեն տարածվում է այն կարծիքը, թե իշխանությունները մտադիր են «փակել գյուղերը»: «Նման բան տեղի չի ունենում, ոչ մի գյուղ մտադիր չենք փակել, բոլոր ցուցանակներն ու անվանումները պահպանվում են։ Տարբերությունը կլինի միայն այն, որ նախկինում, երբ մարդիկ գալիս էին համայնքապետարան, նրանք տեսնում էին 17 մարդ, իսկ հիմա տեսնելու են 2-4-ը՝ կախված բնակչության թվից», - հայտարարել է նա։
Նախարարը վստահեցրել է, որ չնայած անձնակազմի կրճատմանը, բոլոր այն ծառայությունները, որոնք տրամադրվել են մինչեւ համայնքի ընդլայնումը, կշարունակեն տրամադրվել: «Պետք չէ որևէ տեղ գնալ, որպեսզի որևէ հարցման, տեղեկանքի և այլ ծառայությունների պատասխան ստանաք։ Բոլոր այն հարցերը, որոնք տեղում լուծվել են, կշարունակեն տեղում լուծվել», — հայտարարել է նա։
Սանոսյանը վստահեցրեց, որ տեղում տրամադրվող պետական ծառայություններն ընդհակառակը կընդլայնվեն։ «Խոշորացված համայնքների կենտրոններում ստեղծվելու են բնակչության սպասարկման գրասենյակներ, որոնք մատուցելու են բազմաթիվ ծառայություններ եւ կապվելու են բոլոր համայնքային վարչակազմերի հետ էլեկտրոնային կապի միջոցով։ Ժամանակի ընթացքում քաղաքացիները կկարողանան, չլքելով գյուղը, գրանցել իրավաբանական անձ, ամուսնություն կամ անշարժ գույք, մենք հեշտացնում ենք մարդկանց կյանքը», - հայտարարել է նա։
Անդրադառնալով երկրում համատարած գործազրկության պայմաններում կրճատումների մասին պատգամավորների հարցերին՝ Սանոսյանը նշել է, որ համայնքների վերջին լայնածավալ խոշորացման ժամանակ 2016 թվականին կրճատվել է շուրջ 1400 մարդ, որոնցից 1200-ը աշխատանքի են տեղավորվել: Սանոսյանը պատգամավորների ուշադրությունը հրավիրել է ծառայությունների եւ հնարավորությունների ընդլայնման վրա՝ նշելով, որ այդպիսով կձեւավորվեն նոր աշխատատեղեր: