24.11.2024
Փաշինյանն աշխատանքից ազատել է հանրային խորհրդի քարտուղարության պետին
prev Նախորդ նորություն

ՀԱՍԱԿ Քաղաքական դպրոցի շրջանակներում Սիլաևը ուսանողների հետ քննարկեց նոր մարտահրավերները

Ռուս քաղաքագետը հայ ուսանողների հետ քննարկեց հայ-ռուսական հարաբերությունները
Սեպտեմբերի 23-ին «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը հերթական հանդիպումն անցկացրեց Քաղաքական առաջնորդների դպրոցի Քաղաքական ակումբի շրջանակներում: Այս անգամ հյուրը ՌԴ ԱԳՆ համակարգում գործող միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ինստիտուտի քաղաքական հետազոտությունների վերլուծական լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաևն էր, ով այս օրերին Երևանում է և իր խիտ օրակարգում ժամանակ գտավ հանդիպելու երիտասարդների հետ:

Դիմելով Դպրոցի մասնակիցներին՝ Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներին, ռուս փորձագետը հայտարարեց, որ այս ձևաչափը իր համար, որպես հետազոտողի, շատ կարևոր է, քանի որ հնարավորություն է տալիս հասկանալ, թե ի՞նչ են նրանք մտածում Հայաստանում Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում ձևավորված իրավիճակի մասին և այս ամենի հետ փոխկապակցված հայ-ռուսական հարաբերությունների ապագայի մասին:

«Ինձ հետաքրքիր է լսել, թե ինչ կարծիք ունեք այս գործընթացների և Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների ապագայի մասին», - ասաց նա:

Իր խոսքում ռուս քաղաքագետը վերլուծեց այն իրավիճակը, որը ձեւավորվել է 44-օրյա պատերազմից հետո հայ-ռուսական համագործակցության համատեքստում: Նա վստահություն հայտնեց, որ մարտահրավերները, որոնց բախվել են Ռուսաստանը և Հայաստանը պատերազմից հետո, ստիպում են մեզ նոր հայացք նետել հայ-ռուսական հարաբերություններին ու միությանը, ինչպես նաև հեռանկարներին.

«Այսօր Ռուսաստանի դիրքի առանձնահատկությունն այն է, որ նա շատ ավելի ներգրավված է ղարաբաղյան հակամարտությունում, քան մինչ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը: Ռուսաստանի համար Հայաստանի պարտության գինը կայանում է նրանում, որ նա այժմ անմիջականորեն ներգրավված է ղարաբաղյան հակամարտությունում: Ռուսաստանը բազմիցս պնդել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, սակայն պատերազմը սկսվեց, և Ռուսաստանը ստիպված էր ամենալուրջ ազդանշաններն ուղարկել բոլոր նրանց, ովքեր ներգրավված էին այդ ռազմական գործողություններում: Բայց չնայած այս բոլոր ազդանշաններին, գործն ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց: Եվ սա հարված էր Մոսկվայի հեղինակությանը», - ասաց նա:

Ըստ Սիլաեւի, հայ-ռուսական միությունը Ռուսաստանի համար միշտ կարեւոր է եղել, այդ թվում և Հարավային Կովկասում իր ներկայության տեսանկյունից: Ռուսաստանի համար նաև կարևոր է, որ Հայաստանը, նրա դաշնակիցը, ուժեղ լինի բոլոր ոլորտներում.

«Մոսկվայի համար այս ամենն այժմ շատ ավելի կարևոր է, քան մինչ նոյեմբերի 9-ին էր», - ընդգծեց նա:
Հանդիպումը բավականին ակտիվ էր, դպրոցի մասնակիցները երկար ժամանակ բաց չէին թողնում Նիկոլայ Սիլաևին:




Ըստ հանդիպման մոդերատոր, կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանի, Ռուսաստանը և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Արցախի բնակիչների անվտանգության երաշխավորն է, և այսօր հատկապես կարևոր է նման հանդիպումների կազմակերպումը, որպեսզի անկեղծ, բաց զրույց տեղի ունենա մեր հասարակությունների միջև.

«Այսօր երիտասարդները շատ բաց են, նրանք չեն վախենում զգայուն ու սուր հարցեր բարձրացնել, և այս հանդիպմանը մենք լսեցինք շատերին: Միայն անկեղծ լինելով միմյանց հետ և քննարկելով զգայուն հարցերը մենք կկարողանանք հաղթահարել ժամանակավոր թերությունները, որոնք առաջանում են հայ-ռուսական հարաբերություններում: Դա միանգամայն բնական է, քանի որ ցանկացած դաշնակցային հարաբերություններ լի են հարցերով», - ասաց նա:

Կոստանյանը նաև հավելեց, որ այսօր մենք բոլորս զուրկ ենք միմյանց լսելու ունակությունից և զգայուն չենք մեր հասարակությունների տրամադրություններին: Բայց մենք կարող ենք ճշմարտությունը գտնել միայն քննարկումների միջոցով, և նույն կերպ մենք պետք է համակողմանի ամրապնդենք նաև հայ-ռուսական հարաբերությունները:

Կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը հանդիպումը եզրափակող իր խոսքում նշեց, որ ժամանակն ապացուցեց, որ Քաղաքական առաջնորդների դպրոցները կարևոր են, քանի որ դրանք հնարավորություն են տալիս երիտասարդներին ստանալ այլընտրանքային կրթություն, ինչպես նաև հնարավորություն են ընձեռում նրանց ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի փորձագետների հետ քննարկել ընթացիկ իրադարձությունները: Եվ նա խոստացավ, որ ՀԱՍԱԿ-ը կշարունակի քաղաքական առաջնորդների դպրոցներ անցկացնել, ընդ որում ոչ միայն Երևանում, այլև մայրաքաղաքից դուրս, որպեսզի մարզերում բնակվող երիտասարդները կարողանան մասնակցել այս հանդիպումներին: