24.11.2024
ՀԱՍԱԿ Քաղաքական դպրոցի շրջանակներում Սիլաևը ուսանողների հետ քննարկեց նոր մարտահրավերները
prev Նախորդ նորություն

ՀՀ իշխանությունները կասկածի տակ են դնում Արցախի սուբյեկտայնությունը. հայտարարություն

Արցախի ԱԺ երեք խմբակցություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում նշվում է.


«Անցյալ տարվա ավերիչ պատերազմից հետո հայկական երկու հանրապետություններում սեպտեմբերի 2-ի և սեպտեմբերի 21-ի պետական տոները լավագույն առիթ էին մեր ժողովրդին ու աշխարհին փոխանցելու հանրությանը հուզող հիմնախնդիրների լուծման հնարավորությունների և Արցախի ու Հայաստանի միջև կապերի անխախտելիության մասին սպասված ուղերձները:


Բայց, ինչպես կանխատեսելի էր Հայաստանի ու Արցախի գործող իշխանություններից, ամեն ինչ կատարվել է ի վնաս հոգեբանական բարդ վիճակում գտնվող հանրությանը ճգնաճամից դուրս բերելու համար: Երևանի կենտրոնական հրապարակում սեպտեմբերի 21-ի երեկոյան կազմակերպած, իրենց իսկ բնորոշմամբ, «գունագեղ միջոցառման» իրականացումն այն դեպքում, երբ առկա էր հանրային հիմնավորված դժգոհություն, խոսում է այն մասին, որ օրվա իշխանությունների համար «ասածից հետ չկանգնելու» տղայական մոտեցումն ավելի նախապատվելի տեղ ունի, քան պետականամետ վարքագիծը: Հանրության համար զարմանալի էր այն դիրքորոշումը, որ նա արտահայտվեց սեպտեմբերի 2-ին, երբ համապատասխան հրավերների առկայության պարագայում այդպես էլ Հայաստանի բարձրագույն ղեկավար կազմից որևէ պաշտոնյա ներկա չգտնվեց համահայկական նշանակություն ունեցող Արցախի Հանրապետության օրվա միջոցառումներին և Ստեփանակերտ ժամանեց միայն խորհրդարանական պատվիրակությունը:


Սպասելի էր, որ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար, ինչպես նախորդ տարիներին, հրավեր ուղարկվեր Արցախի խորհրդարանական պատվիրակությանը, սակայն այս պարագայում ևս արհամարհվել են արարողակարգային պահանջները:


Պետականության ավանդույթներն ամրապնդելու ընձեռված հնարավորությունները մերժելով՝ ՀՀ գործող իշխանությունները կասկածի տակ են դնում Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը:


Նման վերաբերմունքը, մինչ այդ նկատված թերացումների հետ մեկտեղ, հղի է լուրջ վտանգներով և, անկախ դրդապատճառներից, էապես վնասում է միջազգային ճանաչման ձգտող Արցախի Հանրապետության վարկանիշին, ինչպես նաև բացասական ազդակներ հաղորդում կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային կառույցներին»:


Հայտարարությունը ստորագրել է ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցությունը,


ԱՀ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունը,


ԱՀ ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունը: