24.11.2024
Իտալիան վստահությամբ է նայում Հայաստանի հետ հարաբերությունների ապագային. նախագահ
prev Նախորդ նորություն

Նվազեցնել ռնգեղջյուրի որսագողությունը. Rhisotope ծրագրի առաջին փուլը հաջողությամբ ավարտվեց

Հաջողությամբ ավարտվեց Ռոսատոմի Rhisotope գործընկերային ծրագրի առաջին փուլն՝ ուղղված ճառագայթային տեխնոլոգիաների միջոցով Հարավային Աֆրիկայում ռնգեղջյուրների որսագողության դեմ պայքարին. ռադիոիզոտոպների ներմուծում կենդանու եղջյուրի մեջ: Նախագծի վերջնական նպատակն է համակարգերի միջոցով աշխարհի օդանավակայաններում հայտնաբերել ռնգեղջյուրների ապօրինի շրջանառությունը:

"Ռոսատոմ" պետկորպորացիայից հայտնում են, որ նախագծի առաջին փուլն ուղղված էր ապացուցելուն, որ եղջյուրներում ներարկվող կայուն իզոտոպները չեն ներթափանցում կենդանիների մարմիններ: Դա ապացուցելու համար Rhisotope նախագծի երկու գլխավոր հերոսները՝ ռնգեղջյուրներ Իգորը և Դենվերը չորս ամիս գտնվել են մասնագետների հսկողության ներքո: Կենդանիներին պահել են առանձին ճամբարում, որտեղ նրանց ուշադիր հետևել են: Բարձր ոևակավորում ունեցող ռեյնջերները ամեն օր հավաքել ու հետազոտել են կենդանիների արտաթորանքները և արյան նմուշառումներ արել:

Փորձանմուշների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կենդանիների եղջյուրներից ռադիոիզոտոպի շարժ չի գրանցվել:

Գիտական տեսանկյունից, առաջին փուլի հաջողությունը ցույց է տալիս, որ նախագծի համար մշակված հատուկ տեխնիկայով եղջյուր մտնող ռադիոիզոտոպները կմնան եղջյուրի մեջ և չեն ներթափանցի կենդանու մարմին:
Հետազոտական նախաձեռնությանը մասնակցում են Հարավային Աֆրիկան, Ավստրալիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը:


Ռոսատոմը դարձել է յուրահատուկ ծրագրի առանցքային գործընկերը: Այժմ թիմը պատրաստ է անցնել երկրորդ փուլին, որը նվիրված է ճառագայթային չափաբաժինների մոդելավորմանը, որը ոչ միայն տեսանելի կդարձնի եղջյուրը գոյություն ունեցող ճառագայթային մոնիտորներին ամբողջ աշխարհում, այլև, միևնույն ժամանակ, ոչ մի վնաս չի հասցնի կենդանուն:

«Գիտական համագործակցությունը պետք է դուրս գա սահմաններից, ժամային գոտիներից ու մայրցամաքներից, եթե ցանկանում ենք փրկել մեր ընդհանուր տունը և լուծել բնապահպանական խնդիրներ: Մենք շատ ուրախ ենք,
որ այս նախագիծը կընդգրկվի Հարավային Աֆրիկայի և Ռուսաստանի միջև հաջող
նախաձեռնությունների ցանկում»,-ասաց Հարավային Աֆրիկայում Ռուսաստանի դեսպան Իլյա Ռոգաչովը:

Հետազոտական ծրագրի ավարտից հետո նախագիծը կտարածվի ամբողջ Աֆրիկայում և  այլ մայրցամաքներում:
Բնապահպանական կազմակերպությունները կկարողանան անվճար վերապատրաստում անցնել: Նախագիծը կարող է կիրառվել նաև անհետացող այլ տեսակների փրկության համար:

«Rhisotope նախագիծը հասել է իր առաջին կարևորագույն փուլին՝ կարգավորող մարմնին, կենդանիների էթիկայի համալսարանական հանձնաժողովին և ռնգեղջյուրի բարօրության համար շահագրգիռ կողմերին ապացուցելու, որ այն լիովին անվտանգ է կենդանիների համար»,- ասում է նախագծի հիմնադիր, Վիթս համալսարանի ճառագայթման և առողջության ֆիզիկայի բաժանմունքի տնօրեն, պրոֆեսոր Ջեյմս Լարկինը:

Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում Ռոսատոմի գործադիր տնօրեն Ռայան Կոլյերը վստահ է, որ միջուկային գիտությունը հիմնարար դեր կխաղա ռնգեղջյուրների և ընդհանրապես մոլորակի պաշտպանության գործում: «Մենք աներևակայելի հպարտ ենք, որ առանցքային դերակատարում ունենք այս զարմանահրաշ նախաձեռնության մեջ, որը կօգնի փրկել այս անհավատալի կենդանիներին անխուսափելի անհետացումից»,- ասաց նա:

Rhisotope նախագծի մասին
Rhino նախագիծը՝ WITS համալսարանի, աշխարհի առաջատար միջուկային գիտնականների, հետազոտողների,
հարավաֆրիկյան ռնգեղջյուրների սեփականատերերի և աշխարհի լավագույն անասնաբույժների
նախաձեռնությունն է` ուղղված ռնգեղջյուրի որսագողությունը զգալիորեն նվազեցնելուն: Տեղադրելով ռադիոակտիվ նյութը ռնգեղջյուրի եղջյուրում, մենք անհնար ենք դարձնում այդ եղջյուրի փոխադրումը աշխարհի
օդանավակայաններով ու ստեղծում արդյունավետ միջոց` նվազեցնելու պահանջարկը և պաշտպանելու ռնգեղջյուրներին: Սա հսկայական քայլ է այդ անհետացող տեսակը պաշտպանելու գործում: Եթե եղջյուրի նկատմամբ հետաքրքրությունը նվազի, դրա հետ մեկտեղ կնվազի որսագողությունը: Այս երկու խնդիրները անքակտելիորեն կապված են:

Նախագծի նպատակն է ստեղծել հուսալի և արդյունավետ միջոցներ` զգալիորեն նվազեցնելու որսագողերի թիվը և եղջյուրների համար ռնգեղջյուրների սպանդը:

Rhisotope նախագծի շրջանակում կմշակվի ռնգեղջյուրի պաշտպանության արդյունավետ գործիք: Ռնգեղջյուրի առևտուրը դարձել է խոշորագույն հանցավոր սինդիկատների համար ևս մեկ եկամտի աղբյուր: Թեև ռնգեղջյուրի եղջյուրի առևտուրն անօրինական է և միջազգայնորեն արգելված, կան շատ երկրներ, որոնք նպաստում են եղջյուրների ապօրինի վաճառքին: Շնորհիվ այս նախագծում Ռոսատոմի ներդրած միջազգային միջուկային ու ճառագայթային փորձի, այն զգալի ավանդ կունենա ռնգեղջյուրների փրկության և պաշտպանության գործում՝ նվազեցնելով որսագողերի և վերջնական օգտագործողների կողմից ռնգեղջյուրի եղջյուրների նկատմամբ
հետաքրքրությունը՝ առկա ճառագայթային տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործման միջոցով: Դա թույլ կտա որսագողության դեմ պայքարի խմբերին աշխատել ավելի արդյունավետ, ինչպես նաև կօգնի Հարավային Աֆրիկայի միջազգային և իրավապահ մարմիններին հետևել ռնգեղջյուրների թրաֆիքինգի ալիքներին՝ օգտագործելով օդանավակայաններում ու նավահանգիստներում միջուկային անվտանգության առկա հնարավորությունները: