22.11.2024
Պեսկով. Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հնարավոր է հանդիպեն Երևանում
prev Նախորդ նորություն

Շառլ Ազնավուր. «Թուրքերին պետք է ասել, որ ճշմարտությունը ճանաչելու ժամանակն է»

«Ես ապրիլի 24-ին անպայման Երևանում եմ լինելու՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Չի կարելի անտեսել այն ամենը, ինչ տեղի է ունեցել: Թուրքերին պետք է ասել, որ ճշմարտությունն ասելու ժամանակն է»: Այդ մասին աշխարհահռչակ երգիչ, շանսոնյե Շառլ Ազնավուրը հայտարարել է ռուսական Առաջին ալիքի "Պոզներ" ծրագրի եթերում:

Երգչի կարծիքով, թուրքերը հրաժարվում են Հայոց ցեղասպանություն ճանաչել երկու պատճառով. «Նրանք չեն կարող ճանաչել այդ փաստը, քանի որ նրանց մոտ գլխավոր բառը պատիվն է, և դա կարելի է հասկանալ: Բայց նաև մեկ այլ պատճառ կա. մարդիկ շատ հարստացան այն ամենի հաշվին, ինչը հայերին էր պատկանում»:

Ամեն դեպքում, Ազնավուրը թուրքերի հանդեպ ատելություն չի զգում, և դա նրան սովորեցրել է ցեղասպանության ժամանակ ամբողջ ընտանիքին կորցրած մայրը. «Մայրս թուրքերի հանդեպ ատելություն չուներ, նա միշտ ասում էր, որ թուրքերի մեջ էլ լավ մարդիկ կան»:

Երգիչը բարձր է գնահատել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայտարարությունն այն մասին, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարում մարդկության դեմ իրականացված ամենասարսափելի հանցագործություններից է: «Հռոմի Պապն այն եզակի մարդկանցից է, որն առանց որևէ բանից վախենալու ճշմարտությունն է ասում»,- հայտարարել է Շառլ Ազնավուրը:

Նշենք, որ ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայությունը հիշատակում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է բազմաթիվ երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի 44-ի նահանգների կողմից:

Երևանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին ամենաբարձր մակարդակով մասնակցելու մասին հայտարարել են Ֆրանսիան, Ռուսաստանը, Սերբիան և Կիպրոսը: Այդ օրերին Երևան է ժամանելու ԵԽԽՎ նախագահ Էնն Բրասերը, Եվրոպայի խորհրդի նախագահ Թյորբյորն Յագլանդը և Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավար Ժոզեֆ Դոլլը:

Ապրիլի 24-ին Երևանում կլինի նաև Իսրայելի Քնեսեթի պատվիրակությունը: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Օբաման, ըստ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզի, դեռևս չի հաստատել ապրիլի 24-ին Երևան մեկնող պատվիրակության կազմը: