VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապրակումները:
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լեւոն ՏերՊետրոսյանի աջակիցների շրջանում բավականին տեսանելի է դարձել ոչ միայն օրվա իշխանություններին ուղղված քննադատությունը, այլ` իշխանավորների նկատմամբ բացահայտ հեգնանքն ու ծաղրը: Հետաքրքիր է, թե ինչպես առաջին նախագահի հետեւորդները հիմա հասկացան, որ իշխանավորները չեն փայլում իրենց բարձր ինտելեկտով եւ պարբերաբար սփռող «մտքի փայլատակումներով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Վահե Հակոբյանն ու Արմեն Գեւորգյանը ապօրինի գույքի բռնագանձման օրենքի շրջանակներում հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, դատախազության` ապօրինի գույքի բռնագանձմամբ զբաղվող վարչությունում ուսումնասիրություններ են կատարվում այս պատգամավորներին պատկանող որոշ գույքերի օրինականության վերաբերյալ։ Հիշեցնենք․ օրերս արդարադատության նախարարը հայտարարեց, որ ապօրինի գույքի հետ կապված՝ շուրջ 300 գործ է քննվում: Ըստ որոշ լուրերի, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործն էլ է «բացվել» ապօրինի գույքի ուսումնասիրության ընթացքում»:
«Իրավունք» թերթը գրում է. «Մեր օրերում հայտնի ֆիլմի մոտիվներով ոչ թե Նաջարյանն է փոշմանել, այլ Արարատի մարզպետ Թեւոնյան Ռազմիկը: Դեռեւս սեպտեմբերի 9-ին հրաժարական տված պաշտոնյան` երեկ հետ վերցրեց իր հրաժարականի դիմումը: Մինչդեռ որդին` ՔՊ-ական պատգամավոր Սեդրակ Թեւոնյանը լրատվամիջոցների հետ զրույցում պնդել էր, թե հոր հրաժարականը պայմանավորված է բացառապես մեծ տարիքով: Իսկ թե ինչպես ավագ Թեւոնյանը ընդամենը մի քանի օրում հաղթահարեց տարիքային խնդիրները, թերեւս նույնիսկ ռուս պրիմադոննա Ալլա Պուգաչովան կնախանձեր: Ինչեւէ, ակնհայտ է, որ Արարատում իշխանության սցենարները փոխվել են, մինչդեռ մարզում ակտիվորեն շրջանառվում էին խոսակցություններ, թե Ռազմիկ Թեւոնյանին փոխարինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արտաշատի տարածաշրջանային կառույցի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, որն այժմ զբաղեցնում է «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պաշտոնատար անձանց հարազատները պատերազմ են հայտարարել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ չորս տասնյակից ավելի պաշտոնատար անձանց հարազատները թույլ չեն տալիս դատախազության համապատասխան վարչությանը ուսումնասիրություն սկսել իրենց գույքի առնչությամբ: Ասել է թե՝ առաջիկայում դատական գործերի տեղատարափ է սկսվելու: Ի դեպ, ArmLur.am-ը գրել էր, որ առաջին հայցը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի զավակները՝ Անի Սարգսյանը եւ Նարեկ Սարգսյանն են նախաձեռնել, դատի են տվել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը: Վերջիններս պահանջում են վարչության դատախազ Տ. Դավթյանի կողմից 2020թ. հոկտեմբերի 7-ին կայացված, հայցվորին պատկանող գույքի առնչությամբ «Ուսումնասիրություն սկսելու մասին» որոշումը վերացնել: Ինչպես հայտնի է, դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը, որի ղեկավարը արդարադատության նախկին փոխնախարար Սրբուհի Գալյանն է, պետք է զբաղվի ապօրինի գույք ունեցող պաշտոնյաների բացահայտմամբ, սակայն արդյունքների փոխարեն դատական հայցերի շարան է ստացել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ին Մեղրիում սպասվող ՏԻՄ ընտրություններում հետաքրքիր «ռասկլադ» է ձեւավորվել։ Մեղրիի մեր աղբյուրների կարծիքով, ամենաթույլ թեկնածուն ՔՊ-ական Արարատ Թումանյանն է՝ համայնքապետի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարը, որն այդտեղ նշանակվեց ամիսներ առաջ, երբ ձերբակալվեց քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Մխիթար Զաքարյանը։ Ասում են՝ մրցակցությունն ընթանալու է Մանե Թանդիլյանի եւ Մեսրոպ Առաքելյանի ղեկավարած «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Հայրապետյանի եւ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետացու Բագրատ Զաքարյանի միջեւ։ Իշխանական թեկնածուն զիջում է անգամ Սամվել Բաբայանի Ազատական կուսակցության ցուցակով առաջադրված Խաչատուր Անդրեասյանի վարկանիշին։ Բանն այն է, որ «Ապրելու երկրի» թեկնածուն ոչ վաղ անցյալում ընդդիմադիր էր՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի համակիրը, նա եւ հայրն ակտիվ աշխատանքներ են տարել խորհրդարանական ընտրություններում, հիմա էլ Զաքարյանի շրջապատն է նրա օգտին աշխատելու։ Ասում են՝ Հայրապետյանն էլ կազմել է ավագանու ցուցակը»:
«Իրավունք» թերթը գրում է. «Ի տարբերություն հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների, որին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու, ԲՀԿ-ականներն ակտիվորեն պատրաստվում են նոյեմբերի 14-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններին: «Իրավունքի» ունեցած հավաստի աղբյուրների համաձայն, մասնավորապես` Ստեփանավան խոշորացված համայնքում «Բարգավաճ Հայաստանը» կառաջադրի իր քաղաքապետի թեկնածուին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում պատգամավորները բաժանվել են մի քանի թեւերի: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ նույնիսկ կան անձինք, որոնք «սեւ ցուցակում» են գտնվում: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներսում այդքան էլ մեծ դերակատարում չունի, ուղղակի կերպար է, որին խմբակցությունը, մեղմ ասած, «չի ենթարկվում»: Նույն կարգավիճակում է նաեւ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, որը նախկին խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի պես ուժային մեթոդներ չի կիրառում, անգամ չի կազմակերպում քվեարկությունները: Իհարկե, մեծ հաշվով, բոլորն իրականացնում են գործադիրից եկող հրահանգները, սակայն լոկալ հարցերում խմբավորումների ղեկավարներն են գործում. Տեղեկացանք, որ Անդրանիկ Քոչարյանը, Խաչատուր Սուքիասյանը ունեն իրենց խմբերը: Մի խումբ կա, որ ենթարկվում է Մարիա Կարապետյանին, մի խումբը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերահսկողության տակ է, կան մարդիկ որոնք տարբեր հարցեր քննարկում են Հրաչյա Հակոբյանի հետ: Այսինքն՝ 72 հոգուց բաղկացած խմբակցությունը բաժանվել է «մասերի»: Իսկ, ահա, ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը «սեւ ցուցակում» է, թիմում գրեթե բոլորը խնդիրներ են ունեցել Թորոսյանի հետ, երբ նա նախարար էր կամ վարչապետի աշխատակազմի ղեկավարը: ԱԺ-ում կարծես անկախ ուղղություն լինի կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, որին եւս թիմը չի ընդունում նույն Թորոսյանի նման վարքագիծ ունենալու պատճառով: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մեկուսացած է թիմից ու իրեն դեռ նախարարի կարգավիճակում է զգում` վերեւից նայելով մեծամասնությանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում պետական բնակարանաշինության ծրագրով իրականացվող շինաշխատանքներին վերջին օրերին իրանական անձնագրերով անձանց են ներգրավել։ Անհայտ ծագման բանվորների թիվն այս պահին շատ մեծ չէ՝ մոտ 2 տասնյակ, սակայն տեղացիներին անհանգստություն է պատճառել նրանց ներկայությունը։ Նրանք ոչ մի կերպ չեն հասկանում, թե ինչու են օտարներին աշխատանքի վերցրել, երբ, հատկապես պատերազմից հետո, Արցախում զբաղվածության խնդիրը սուր է դրված։ Աստղաշենի համայնքապետ Արթուր Գրիգորյանը հաստատեց, որ իրենց համայնքում ընթացող բնակարանաշինության աշխատանքներին օտարերկրացիներ են մասնակցում: «Ասում են՝ պարսիկներ են»,- ասաց նա եւ չպատասխանեց հարցերին, թե երբ են եկել, մնում են գյուղո՞ւմ, թե՞ գնում-գալիս են: Հարցին, թե կասկածներ կան, որ իրանական անձնագրերով Արցախ տեղափոխված ադրբեջանցիներ են, ասաց․ «Դա էլ չգիտեմ, հարցրեք կառուցապատող ընկերությանը, կառավարությանը, իրենք թող էդ բոլոր հարցերին պատասխանեն։ Ես նման իրավասություն չունեմ»։ Մեզ չհաջողվեց կապվել ո՛չ Արցախի քաղշիննախարարի, ո՛չ նախագահի մամուլի խոսնակի հետ։ Նշենք, որ կառուցապատողը «Կապավոր» ընկերությունն է, որի սեփականատեր Արման Հակոբջանյանը նախագահ Արայիկ Հարությունյանի մտերիմն է, իրականացնում է Արցախի շինաշխատանքների 70 տոկոսը, տենդերներ շահում: Նաեւ ասում են, որ ՀՀ իշխանությունների սիրելի գործարար Խաչատուր Սուքիասյանի գործընկերն է։ Հորեղբորորդին Արցախի ԱԱԾ տնօրենն է, նախկինում՝ ոստիկանապետ։ Պատերազմի ողջ ընթացքում նա եւ Քյարամյանը ստվերի պես ուղեկցում էին Հարությունյանին: Այսինքն՝ բացառված է, որ Հարությունյանը տեղեկացված չլինի նրանց գործունեությունից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հասկացանք, պատերազմ էր, դժվար է... անցածն էլ հաստատ չենք կարող հետ բերել, բայց կարելի է, չէ՞, ավելի մեղմ խոսել։ Պետք չի ցավն ավելի խորացնել։ Չէ՞ որ ինքը մեր ընտանիքները փշրել է, այո, հենց այդպես, փաստորեն, փշրեց մեր ընտանիքները։ Ի՞նչ ներողություն։ Էդքան տղերքին տարավ, մատաղ արեց, հետո ասեց` ներողություն, ինչ` հետ բերե՞ց էդ տղերքին ներողությունով, իհարկե` ոչ։ Նա, վերջապես, մեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետն է, թող մի քիչ սթափ խոսի, նա երկրի ղեկավար է։ Թող 10 չափի` նոր խոսի։ Նրա ամեն բառը պիտի քաշ ունենա։ Եթե երկրի վարչապետն է սխալ խոսում, ես ո՞նց կարամ մտնեմ մի տեղ ու ճիշտը պահանջեմ»,- երեկ կառավարության շենքի մոտ սեպտեմբերի 21-ի «գունագեղ» միջոցառման դեմ ակցիա անող զոհվածներից մեկի մայրն է ասել «Հրապարակի» լրագրողին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի քաղաքացիները լուրջ երկընտրանքի առաջ են կանգնած՝ պատվաստվել, թե ոչ։ Այս դաշտում ապատեղեկատվությունը շատ է՝ հատկապես ոչ մասնագիտական դաշտից եկող, որը շատ հաճախ մարդկանց գցում է շփոթության մեջ։ Մարդիկ կանգնում են հարցի առաջ՝ պատվաստվել արդյոք, թե չպատվաստվել, եւ նրանց մեծ մասն ընտրում է երկրորդ տարբերակը։ Այս խնդրի շուրջ բազմաթիվ քաղաքացիներ դիմել են անգամ «Ժողովուրդ» օրաթերթին՝ նշելով, որ իրենք տրամադրված գնում են բժշկի՝ քննարկելու պատվաստման տարբերակը, հիասթափված հետ են վերադառնում։ Բանն այն է, որ շատ բժիշկներ նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվել, սպասել եւ այդպես իրենց պացիենտների մի մասին շփոթության մեջ են գցում։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանի հետ, որը հաստատեց, որ բժիշկների կողմից էլ կա տարածվող ապատեղեկատվություն։ «Ես գտնում եմ, որ սա ամենացավալին է այս գործընթացում. բժիշկներն իրենք, շատ լավ տեղեկացված լինելով, երբեմն իրենց սուբյեկտիվ կարծիքն են արտահայտում, եւ սա մարդկանց գցում է բնական շփոթության մեջ։ Իսկ երբ բժիշկն է սկսում տարակուսել, բնական է, որ ոչ մասնագետը կսկսի տարակուսել»,- ասաց մասնագետը՝ նկատելով, որ ԱՄՆ-ում բուժաշխատողների 90 տոկոսից ավելին պատվաստված է, իսկ Հայաստանում այս թիվը բավականին ցածր է։ «Բայց մեր պատվաստումային ընդգրկվածությունը հաշվի առնելով՝ վստահ կարող եմ ասել, որ բուժաշխատողների շրջանում թիվը նույնպես բարձր չէ։ Իսկ եթե բուժաշխատողն ինքը չի գնում վստահ պատվաստման, նա չի կարող վստահ խոսել պատվաստման արդյունավետության մասին։ Սա ցանկացած պատվաստանյութի եւ ցանկացած կանխարգելիչ երեւույթի մասին է»,- հայտարարեց մասնագետը»: