Փոխգնդապետ Արսեն Ղազարյանը, որը մեղադրվում է Խին Թաղեր և Խծաբերդ գյուղերում հայ զինծառայողների գերեվարման գործով, կալանավորվել է:
Ինչպես հյատնում են ՔԿ-ից, Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղում տեղակայված մարտական դիրքն ինքնակամ թողնելու, պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու (որի հետևանքով գերեվարվել են գումարտակի անձնակազմի 62 զինծառայողները), ինչպես նաև՝ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և կաշառք ստանալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով, 380-րդ հոդվածի 1-ին մասով, 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով և 311-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետ, փոխգնդապետ Ա.Ղ.-ին (ներկայումս գտնվում է ՀՀ ՊՆ կադրերի ռեզերվում)։
Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը ս.թ. սեպտեմբերի 14-ին բավարարվել է: Մեղադրյալը կալանավորվել է և տեղափոխվել ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկ:
Գյուղերը կազմակերպված հանձնվել են ադրբեջանական կողմին. Ղազարյանը չի բացառում
Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում զինվորներին գերության համար մեղադրվող փոխգնդապետ Արսեն Ղազարյանի պաշտպանությունը միջնորդելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ արտաքին գործերի նախարարության որոշ ներկայացուցիչների հարցաքննելու համար: Այս մասին ավելի վաղ հայտնել էր փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Իշխանությունները փորձում են Արսեն Ղազարյանին քավության նոխազ դարձնել և նրա կալանավորմամբ մեղմացնել գերեվարված զինծառայողների և նրանց հարազատների զայրույթը։ Ընդ որում, ոչ միայն պարզ չէ, թե կոնկրետ ինչում է փոխգնդապետի մեղքը, այլեւ նրան դեռ մեղադրում են շրջանաձեւ պաշտպանության հրամանը չկատարելու մեջ, որը նա չի ստացել, եւ նման հրաման գոյություն չունի», - նշել է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ պաշտպանությունը միջնորդելու է Նիկոլ Փաշինյանի եւ ԱԳՆ որոշ ներկայացուցիչների հարցաքննությանը, քանի որ «միջադեպի մասին նրանք հայտնել են տեղեկություններ, որոնք քրեական գործում չկան, իսկ քննչական մարմինը թերահավատորեն է վերաբերվում հակառակորդի հարձակման մասին մեր հաղորդագրությանը»:
Իր հերթին փոխգնդապետ Արսեն Ղազարյանը չի բացառում, որ գյուղերը կազմակերպված կերպով հանձնվել են ադրբեջանական կողմին, իսկ իրեն փորձում են կատարվածի միակ պատասխանատուն դարձնել:
«Կտրականապես համաձայն չեմ ինձ առաջադրված մեղադրանքի հետ, քանի որ ամբողջ 44-օրյա պատերազմի ժամանակ անթերի կատարում էի ղեկավարության հրամանները և ամեն ինչ անում, որպեսզի իմ ստորաբաժանման զինվորները չզոհվեն և գերի չընկնեն», - ասաց նա:
Նրա խոսքով՝ իր ստորաբաժանումը Խծաբերդ են ուղարկել առանց որոշակի մարտական խնդրի։
Կապը ղեկավարության հետ եղել է միայն բջջային կապի միջոցով: Դեկտեմբերի 13-ին ադրբեջանական կողմը 10 անգամ գերազանցությամբ հարձակում է գործել։
«Հակառակորդը մեզ տվել է 20 րոպե, որպեսզի մենք վայր դնենք զենքն ու հանձնվենք։ Մեզ հաջողվեց կապ հաստատել ղեկավարության հետ, սակայն մեզ ասացին, որ բանակցություններ են ընթանում, եւ հակառակորդը չի հարձակվի։ Օգնությունը չի ստացվել, հակառակորդը գրոհել է, և երբ զինամթերքն ավարտվել է, մենք նահանջել ենք։ Ինձ մեղադրում են հին Թաղեր գյուղի զինծառայողներին գերեվարելու համար, սակայն այդ ստորաբաժանումը չի եղել իմ հրամանատարության եւ պատասխանատվության ներքո։ Եվ ես չեմ հասկանում, թե ինչպես են զինծառայողները գերի ընկել», - ասել է նա։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: