Արցախյան հարցը չպետք է դառնա ներքաղաքական պայքարի առարկա. Վիգեն Խաչատրյան
Իշխող մեծամասնության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն անպարկեշտ է համարում Արցախի հարցով իշխանությունների և ընդդիմության հրապարակային բանավեճը։
Ելույթ ունենալով այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, Խաչատրյանը նշել է, որ եթե դասական սխեմայով առաջնորդվենք, ընդդիմությունը պետք է մշտապես հանդես գա այլընտրանքային առաջարկներով, որոնք պետք է ենթադրեն ավելի արդյունավետ լուծումներ: Այդ գործողությունները ընդդիմությանը թույլ են տալիս հետագայում հավակնել իր ընտրազանգվածի ավելացմանը և իշխանության գալուն։
Սակայն, ըստ պատգամավորի, այդ այլընտրանքային առաջարկները չպետք է վերաբերվեն Արցախյան հարցին։ Եթե այս հարցի վերաբերյալ այլընտրանքային մոտեցումներ կան, ապա դրանք պետք է իշխող ուժի հետ քննարկվեն ոչ հրապարակային։ Այդ առաջարկները հրապարակավ հնչեցնելը պատգամավորը թույլատրելի է համարում միայն այն դեպքում, եթե հաջողվել է հասնել միասնական մոտեցման։
«Արցախյան հարցը չպետք է դառնա ներքաղաքական պայքարի առարկա։ Արցախյան հակամարտության կարգավորման մոտեցումները չպետք է մանիպուլյացիաների մեխանիզմ դառնան, քաղաքացիների աչքում հավանելու կամ միավորներ վաստակելու միջոց։ Դա անընդունելի է, կան նույն արդյունքներին հասնելու բազմաթիվ այլ եղանակներ», - հայտարարել է նա։
Ինչ վերաբերում է Արցախյան հարցին, ապա ընդդիմության գործառույթի մեջ պետք է լինի միայն հարցը լուծելու պահանջը։ Ընդդիմությունը կարող է հանդես գալ կարգավորման վերաբերյալ առաջարկներով, բայց չպետք է դրանք հրապարակային հնչեցնի, եթե այդ առաջարկների վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ ձեռք չեն բերվել։