ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ եւ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանների մասնակցությամբ սեպտեմբերի 9-ին կայացավ աշխատանքային քննարկում:
Օրակարգում էին 2020 թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում եւ հետպատերամյան շրջանում Արցախում մարդու իրավունքների վիճակին եւ ՀՀ ու ԱՀ մարդու իրավունքների պաշտպանների, ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովի, Սփյուռքի եւ միջազգային կառույցների համագործակցությանը վերաբերող հարցերը:
Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մինչ օրակարգային հարցերին անցնելը տեղեկացրեց, որ առավոտյան բժշկական կենտրոնում տեսակցել է Ազգային ժողովի՝ կալանքի տակ գտնվող պատգամավոր Արմեն Չարչյանին՝ ընդգծելով, որ վերջինիս առողջական վիճակը մտահոգիչ է: Ըստ Թագուհի Թովմասյանի՝ նա անպայման պետք է ազատ արձակվի:
Անցնելով օրակարգային հարցերին՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը կարծիք հայտնեց, որ նման քննարկումները հնարավորություն են տալիս ավելի ընդգրկուն ներկայացնելու ոլորտի խնդիրները հատկապես հետպատերազմյան շրջանում: Վերջինս բարձրաձայնեց Արցախում կապի եւ հաղորդակցության խնդիրը՝ արձանագրելով, որ թեպետ Արցախի պատկան մարմինները եւ կապի օպերատորները միջոցներ են ձեռնարկում, այդուհանդերձ խնդիրը չի լուծվում: Կան սահմանամերձ բնակավայրեր, որտեղ կապը բացակայում է: «Կասկած չկա, որ Ադրբեջանն է դա իրականացնում խլացուցիչների միջոցով»,-ասաց նա: Գեղամ Ստեփանյանը խնդրի լուծման տեսանկյունից կարեւորեց հատկապես ՀՀ մասնավոր ընկերությունների ներգրավումը:
ԱՀ ՄԻ պաշտպանը խոսեց նաեւ ջրի հարցի մասին: «Եթե ադրբեջանական գործոնը Ստեփանակերտի պարագայում այդքան արտահայտված չէ, ապա համայնքների դեպքում պատկերն այլ է»,-ընդգծեց զեկուցողը:
Գեղամ Ստեփանյանը խոսեց նաեւ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության եւ աշխատանքային խնդիրների մասին: Նրա դիտարկմամբ՝ այս փուլում պետք է իրականացվեն թիրախային կարճաժամկետ ծրագրեր, վիճակը կայունանալուց հետո՝ զարգացման ծրագրեր:
ՀՀ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ ակնհայտ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում խնդիրները նույնաբնույթ են: Թաթոյանն անդրադարձավ կյանքի իրավունքի խնդիրներին, սեփականության իրավունքի զանգվածային խախտումների դեպքերին, ազատ տեղաշարժի սահմանափակումներին, ջրի եւ սանիտացիայի հասանելիության իրավունքի պաշտպանությանը:
Խոսելով քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրներից՝ ՀՀ ՄԻՊ-ը բարձրաձայնեց սահմանամերձ համայնքների բնակիչների խնդիրը. վերջիններս վարկեր են վերցրել, անասուններ գնել, սակայն ադրբեջանցիները գողացել են: Այդ մարդիկ այդուհանդերձ շարունակում են մարել այդ վարկերը:
Արման Թաթոյանը վստահեցնում է՝ եթե մենք մարդու իրավունքների պաշտպանության ամուր երաշխիքներ չներդնենք, Ադրբեջանը շարունակելու է իր անօրինությունները: Նա համոզված է՝ պետք է բոլոր խողովակներով, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության ձեւաչափով ներկայացվեն Ադրբեջանի վայրագությունները:
Հանդիպման ավարտին սերտ համագործակցության եւ խնդիրները համակողմանի քննարկելու պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: