Հայաստանում կներդրվի օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության նոր համակարգ
Հայաստանի միգրացիոն ծառայության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ այսօր տեղի ունեցավ միջգերատեսչական հանդիպում օտարերկրացիներին արդյունավետ և պարզեցված աշխատանքի թույլտվության համակարգի ներդրման թեմայով:
Նոր համակարգը գործարկվելու է 2022 թ-ի հունվարի 1-ից:
Առաջիկայում նախագիծը կդրվի հանրային քննարկման: Օտարերկրացուն ներկայում աշխատանքի թույլտվություն տալիս է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ինչի հիման վրա օտարերկրացին դիմում է Ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչություն՝ աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու նպատակով: Նոր համակարգով այս գործընթացները միավորվում են ու ամբողջությամբ դառնում են էլեկտրոնային: Այդպիսով, դյուրացվում է գործատուի բեռը, քանի որ աշխատանքի թույլտվություն օտարերկրացուն տրվում է գործատուի դիմումի հիման վրա և այն պարագայում, երբ թափուր հաստիքը չի համալրվում ՀՀ քաղաքացի թեկնածուով: Նոր հարթակի ներդրմամբ կրճատվում են գործընթացի ժամկետները, դյուրացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը, միևնույն հարթակում էլեկտրոնային եղանակով հասանելիություն են ստանում ոլորտի պետական կառույցները:
Քննարկմանը մասնակցում էին Աշխատանքի և սոցիալական հարցերի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաև Միգրացիոն ծառայության, ՄԱԿ ՄՄԿ-ի աշխատակիցները, նախագծի հեղինակ փորձագետներն ու էլեկտրոնային համակարգի հեղինակ ծրագրավորողները:
Հանդիպման ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում համակարգի գործարկման տարբեր սցենարների շուրջ: Ներկաները կիսվեցին իրենց փորձառությամբ, հնարավոր բարդություններով, հայտնեցին իրենց մտահոգությունները, իսկ նախաձեռնության հեղինակները առաջարկեցին բարձրաձայնված հարցերի հնարավոր արդյունավետ լուծումներն ու ի գիտություն ընդունեցին հնչած առաջարկները: Մինչև տարվա վերջ Միգրացիոն ծառայությունը կնախաձեռնի հանդիպումների շարք օտարերկրացի ներգրավելու փորձառություն ունեցող գործատուների հետ: Մասնագետները կներկայացնեն համակարգի գործառույթները, կարձանագրեն նաև շահառուների առաջարկներն ու կարծիքները: