Վարչապետն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու հարցին
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմային.
"Հայաստանի հետ հարաբերությունների հարցին, հրապարակային անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահը։ Այդ հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն և մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրված ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ։
Մեծ հաշվով խոսքը մեր տարածաշրջանն արևելքն արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է։
Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը։ Եվրամիությունը, Ֆրանսիան և Միացյալ նահանգները նույնպես հետաքրքրված են այս գործընթացով, իսկ Չինաստանի և Հնդկաստանի շահագրգռվածությունը կոմունիկացիոն նախագծերի զարգացման ուղղությամբ հայտնի է",- ասել է Փաշինյանը։