VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝
Արթուր Բաղդասարյանը, որը մինչեւ վերջերս հանդես էր գալիս որպես ՕԵԿ նախագահ, իսկ այժմ «Հայկական վերածնունդի» առաջնորդ, 2008-ին փետրվարի 29-ին
Սերժ Սարգսյանի հետ դաշինք կազմելուց հետո սրընթաց հարստացավ: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ի, Սերժ Սարգսյանի եւ ՀՅԴ-ի դաշինքը փաստացի դարձավ հաջորդած իրադարձությունների՝ Մարտի 1-ի քաղաքական դատավճիռը: ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց պարզել, թե ինչպես է ստացվում, որ իրենք խորհրդարանում հայտարարում են բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու մասին, սակայն իրենց առաջնորդը խոշոր գործարար է: Ի պատասխան՝ տիկին Բիշարյանն ասաց. «Ձեր հարցադրումը, անկեղծ ասած, ծիծաղելի է: Արթուր Բաղդասարյանին այսպես համեմել որեւէ բիզնեսներով եւ այլն, անհաջող քայլ է, որովհետեւ Արթուր Բաղդասարյանը ինքը քաղաքական գործիչ եղել է, մնում է եւ լինելու է»»:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Պարզվում է, ՀՅԴ խմբակցության գործարար պատգամավորներին վերնախավը նախօրոք ինստրուկտաժ է անում, որպեսզի զգուշանան լրագրողների հարցերից և հանկարծ չվրիպեն: Դասը լավ սերտած պատգամավորները լրագրողներին հորդորում են հարցերն իրենց ուղղել գրավոր: Գործարար պատգամավոր
Կարեն Շահմուրադյանը ևս երեկ հարկային օրենսգրքի մասին մեր հարցերին պատասխանելու փոխարեն հայտարարեց, որ կարող է մեզ տրամադրել իր էլեկտրոնային հասցեն, որպեսզի հետո գրավոր պատասխանի: «Ես կպատասխանեմ սեպտեմբերին: Հարկային օրենսգիրքը դեռ փոփոխությունների մեջ է, պետք չի որոշել, որ ոչ մի բան չպետք է փոխվի: Դիվիդենտների մասին պետք չէ խոսել, եկեք այդ հարցը ինձ ուղղեք գրավոր, ես կպատասխանեմ»: Մեզ չհաջողվեց ՀՅԴ քվոտայով պատգամավոր դարձաց պատգամավորից տեղեկանալ, թե փորձելո՞ւ է պատգամավոր դառնալ նաև հաջորդ խորհրդարանում և ո՞ր կուսակցության ռեյտինգային ցուցակին կցանկանար նախապատվություն տալ»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հատուկ ծառայությունների կատարած բացահայտումների պատճառով սրվել են ՀՀ նախագահի եւ պաշտպանության նախարարի հարաբերությունները: Պատերազմից հետո, երբ սկսեցին լրջորեն զբաղվել բանակում տիրող իրավիճակով, ջրի երես դուրս եկան բացթողումներ եւ յուրացումներ: ԱԱԾ-ն զեկուցագրեր է ներկայացրել նախագահին, ինչի արդյունքում էլ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ են հեռացվել, կալանավորվել: Մեր աղբյուրը պնդում է, որ այդ զեկուցագրերով «անցնում է» նաեւ նախարար
Սեյրան Օհանյանը, պարզապես նրան այժմ պաշտոնանկ չեն անում, քանի որ դա կնշանակի հրապարակավ խոստովանել, որ ՊՆ ոլորտում անտերություն ու ամենաթողություն է տիրել, եւ այդ թերացումների արդյունքում ենք կորուստներ ունեցել: Չի բացառվում, որ աղմուկը մարելուց հետո Սեյրան Օհանյանն էլ արժանանա իր ենթակաների բախտին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ
Վաչե Գաբրիելյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե Հայաստանը չանդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը, ապա մեր տնտեսության վիճակն ավելի վատ կլիներ: Նրա բերած հիմնական փաստարկներն այն են, որ վերջին երկու տարիներին հաստատված աշխարհաքաղաքական պայմաններում, միեւնույն է, Հայաստանի տնտեսության վիճակը վատ էր լինելու: «Որովհետեւ այն ազդեցությունը, որն ունի տնտեսական գործոնը, մասնավորապես էներգակրի գների նվազումը, դրա հետ կապված ԵՏՄ-ում բնակչության եկամուտների նվազումը եւ մնացած գործոնները՝ փոխանցումների նվազումները, անկախ նրանից՝ լինեինք ԵՏՄ-ում, թե ոչ, ազդելու էր Հայաստանի տնտեսության վրա: Այն փաստի շնորհիվ, որ մենք մտել ենք Եվրասիական տնտեսական միություն, այդ ազդեցությունը թուլացել է»,- ասել է Գաբրիելյանը: Բայց ողջ խնդիրն այն է, որ երբ ԵՏՄ-ի անդամակցությունը դեռ քննարկվում էր, ՀՀ իշխանությունները միաբերան պնդում էին, որ այդ քայլը մեր տնտեսությանը զարգացման մեծ խթան է տալու: Այն ժամանակ, թերեւս, նույն Վաչե Գաբրիելյանը դիտմամբ կամ պատահմամբ մոռացել էր էներգակիրների գների նվազման եւ դրա արդյունքում Ռուսաստանի բնակչության եկամուտների նվազման մասին: Բայց անգամ այս պայմաններում գործող իշխանությունները փորձում են արդարանալ, թե իբր, միեւնույն է, միանայինք-չմիանայինք, վիճակը վատ էր լինելու: Նկատենք, որ Հայաստանի քաղաքական կյանքի ամենամեծ խնդիրը ստախոսության՝ նման երեւույթներն են: Ի վերջո, ՀՀ պաշտոնյաները երբ պետք է գիտակցեն, որ իրենք պատասխանատվություն են կրում իրենց ասածների համար: Երբ ասում են, որ ԵՏՄ-ին անդամակցությունը տնտեսապես ձեռնտու է, բայց հետագայում հակառակն է ապացուցվում, պետք է բոլորով ասպարեզից հեռանան, այդպես ավելի ազնիվ է: Թեեւ մեր օրերում ազնվության մասին հիշատակումները հեքիաթների ժանրից են»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 9-ին նախատեսված է Հայաստանի նորաթուխ՝ «Ռեֆորմիստների կուսակցության» հիմնադիր համագումարը: Այս կուսակցությունը եւս «Բարգավաճ Հայաստան»-ից պոկված մի փոքր կտոր է: Նորաստեղծ կուսակցության ղեկավարը նախկինում «Հայաստանի երիտասարդական կուսակցության» նախագահ Վահան Բաբայանն է, որը մինչ այդ արմատական ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության անդամ էր: Ավելի ուշ դարձավ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան
Միքայել Մինասյանի կողմից փաստացի կառավարվող ՄԻԱԿ կուսակցության ներկայացուցիչ, որտեղից թռիչք կատարեց դեպի ԲՀԿ: Երիտասարդ գործիչը իր կողմից հիմնադրվելիք հերթական կուսակցության համագումարին մասնակցելու հրավեր է ուղարկել նաեւ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Այս լուրը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ ինքը՝ Բաբայանը՝ հավելելով, թե չի կարող ասել՝ կընդունե՞ն նրանք իր հրավերը, թե՞ ոչ»: