24.11.2024
Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար
prev Նախորդ նորություն

ԼՂՀ արտգործնախարար. Առանց Ղարաբաղի մասնակցության բանակցային գործընթացում անհնար է լուրջ առաջընթաց գրանցել

Առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության բանակցային գործընթացում անհնար է լուրջ առաջընթաց գրանցել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը` ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումից հետո:

Նա նշել է, որ դա Լեռնային Ղարաբաղի պաշտոնական դիրքորոշումն է։ «Դա ոչ միայն ղարաբաղյան կողմի պահանջն է, այլև օբյեկտիվ իրականությունը: Առանց բանակցային գործընթացում Ղարաբաղի լիարժեք մասնակցության անհնար է լուրջ առաջընթաց գրանցել»,– նշել է Միրզոյանը։

ԼՂՀ արտգործնախարարը մատնանշել է, որ այդ դիրքորոշումը նորություն չէ ԵԱՀԿ համար և այդ մասին բազմիցս բարձրաձայնվել է:
«Անկախ բանակցային գործընթացում առկա իրավիճակից, անկախ նրանից` ստատուս քվոն պահպանվում է, թե ոչ, կան Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքներ, որոնք պետք է բավարարվեն։ Եվ ԵԱՀԿ–ն՝ որպես լրջագույն միջազգային կառույց, որի գործառույթների մեջ է մտնում դրա տարածքում ապրող ժողովուրդների հումանիտար հարցերի բավարարումը, պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ: Մինչդեռ հայտնի է, որ շրջափակման պատճառով ոտնահարվում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները»,– շեշտել է Կարեն Միրզոյանը: