23.11.2024
Էրդողանի հաշտեցման ժեստը, թե որքանով է այն լուրջ. Սերգեյ Մարկեդոնով
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ովքեր են Գյումրու քաղաքապետի թեկնածուները

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիում հոկտեմբերի 17-ին նշանակված քաղաքապետի համամասնական ընտրությունների համար առաջադրումները կսկսվեն սեպտեմբերի 2-ից։ Կուսակցություններն ու դաշինքները ավագանու անդամի թեկնածուների իրենց ցուցակները կարող են ներկայացնել մինչեւ սեպտեմբերի 12-ը։ Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի ղեկավարի ընտրությունները, ի զարմանս գյումրեցիների, քչերին են հետաքրքրում։ Մինչ այս պահը որեւէ քաղաքական ուժ, այդ թվում եւ իշխողը, պաշտոնապես չի հայտարարել ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մտադրության մասին։ Մամուլի տեղեկություններով, իշխանության թեկնածուն Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանն է։ Լուրեր տարածվեցին նաեւ, թե բարտեր է լինելու՝ ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանը կնշանակվի մարզպետ, մարզպետը՝ քաղաքապետ։ Սակայն Գյումրիում այլ սցենարի մասին էլ են խոսում․ Բալասանյանի թիմն ընտրություններին կմասնակցի որդու հիմնադրած «Գյումրեցու ոգի» կուսակցութամբ կամ գուցե այլ ուժով։ Նա իր շրջապատում հայտարարել է, որ իրենց նպատակն ավագանիում ծանրակշիռ ներկայություն ապահովելն է եւ քաղաքային խնդիրների լուծումը, այն է՝ գործող քաղաքապետին աջակցելը։ Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, քաղաքապետի պաշտոնի համար ջանքեր է գործադրել նաեւ ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանը, որը փորձել է եղբորը թեկնածու դարձնել, սակայն չի հաջողվել։ Որոշակիություն կա նաեւ ՀՀԿ-ի թեկնածուի մասով․ ՀՀԿ-ն մասնակցելու է միայնակ, քաղաքապետի նրա թեկնածուն ԱԺ նախկին պատգամավոր Արտյոմ Ղուկասյանն է՝ ԱԺ նախկին պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին։ ԲՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել, մտածում է ավագանու անդամներից մեկի շուրջ, որը գործարար է։ Իսկ քոչարյանական թեւը դեռ լռում է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Ազգային ժողովում պատգամավորների ծեծի դեպքով հարուցված քրեական գործի ընթացքից: Երեկվա համարում հրապարակել էինք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի տված ցուցմունքից որոշ հատվածներ: Պարզվում է՝ իրավապահներն արդեն գիտեն, թե ով է հրավածել Գեղամ Նազարյանի աչքին. նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն է, իսկ, ահա, Արթուր Ղազինյանին ծեծելու գործով գլխավոր դերում առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է եղել: Ավելին, մեր տեղեկություններով՝ իշխող ուժի պատգամավորների գործողությունների մասով մանրամասն տեղեկատվություն է փոխանցված իրավապահ մարմիններին: Ըստ այդմ, Վահագն Ալեքսանյանը 1 անգամ ոտքով հարվածել է Վահե Հակոբյանին եւ 2 անգամ ձեռքով՝ Գեղամ Նազարյանին, Վահե Ղալումյանն առնվազն 2 անգամ ձեռքով եւ առնվազն մեկ անգամ ծնկով հարվածել է Վահե Հակոբյանին, Նարեկ Գրիգորյանն առնվազն 1 անգամ ոտքով եւ առնվազն 2 անգամ ձեռքով հարվածել է Իշխան Սաղաթելյանին, Հայկ Սարգսյանը 1 անգամ ձեռքով հարվածել է Վահե Հակոբյանին, առնվազն 3 անգամ ձեռքով՝ Գեղամ Մանուկյանին, Արթուր Հովհաննիսյանն առնվազն 2 անգամ ձեռքով հարվածել է Իշխան Սաղաթելյանին, Հայկ Ցիրունյանն առնվազն 5 անգամ ձեռքով հարվածել է Իշխան Սաղաթելյանին, Կարեն Համբարձումյանը 1 անգամ ձեռքով եւ առնվազն 2 անգամ ոտքով հարվածել է Վահե Հակոբյանին, Նարեկ Բաբայանն էլ առնվազն 5 անգամ ձեռքով հարվածել է Իշխան Սաղաթելյանին եւ առնվազն 1 անգամ ոտքով՝ Վահե Հակոբյանին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների սեւ ցուցակ է կազմել եւ ակտիվորեն աշխատում է նրանց ուղղությամբ, որպեսզի օր առաջ խորհրդարանն ազատեն անցանկալիների ներկայությունից։ Խոսքը հատկապես «Հայաստան» դաշինքի պատգամավորների մասին է։ Օրինակ, չնայած Արմեն Գեւորգյանի հասցեին ԱԺ նիստի օրերին որոշ ՔՊ-ականների հրապարակային դրվատանքին՝ նրա զուսպ ու հավասարակշիռ պահվածքին, բովանդակային ելույթներին, Գեւորգյանն իշխանական սեւ ցուցակի սկզբնամասում է։ Թերեւս պատճառն այն է, որ նա Քոչարյանի ամենավստահելի մարդկանցից է եւ դրանով արդեն վտանգ է ներկայացնում իշխանության համար։ Հաջորդը պղնձամոլիբդենայինի սեփականատեր Վահե Հակոբյանն է, ում մասին խոսելիս Փաշինյանը չի թաքցնում ատելությունը, իսկ Ալեն Սիմոնյանն անգամ ասել է․ «Վահե Հակոբյանն այստեղ երկար չի մնա»։ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում մարսել սյունյաց ողջույնները եւ կարծում է, որ դրա կազմակերպիչը Հակոբյանն է։ Հաջորդը Արթուր Ղազինյանն է, որը շշերով պատերազմի ժամանակ պատահմամբ շիշ է նետել Փաշինյանի կողմը։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, շուտով ՀՀ գլխավոր դատախազն ԱԺ է մտնելու՝ Արմեն Գեւորգյանի հետեւից, որի հետ կապված ինչ-որ օֆշորային գործարք են մատնանշելու եւ որդու անունով մեծ գումարի փոխանցում՝ որպես ապօրինի հարստացում։ Իսկ Հակոբյանին պարզապես օրուարեւ չեն տալու, երրորդին մեկ այլ ձեւով են ստորացնելու։ Սեւ ցուցակի մյուս անդամի՝ «Պատիվ ունեմ»-ից Աննա Մկրտչյանի հոր՝ Քաղսիի համայնքապետ Արա Մկրտչյանի դեմ էլ քրեական գործն արդեն հարուցվել է՝ 154 հոդվածով․ ընտրողներին կաշառք տալ-ստանալը, ընտրություններին խոչընդոտելը։ Սական դրանով չեն բավարարվելու՝ իշխանական կանայք չեն թաքցնում ըմբոստ պատգամավորին ծեծելու բուռն ցանկությունը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արարատ Միրզոյանի՝ արտաքին գործերի նախարար նշանակվելուց 11 օր անց նա արդեն իր առաջին սայթաքումն է անում եւ այնպիսի հայտարարություններ հնչեցնում, որոնք հակասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեռեւս քարոզարշավի ժամանակ արված հայտարարություններից մեկին: Բանն այն է, որ ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանը ուղերձ էր հղել բռնի անհետացումների միջազգային օրվա կապակցությամբ եւ, մասնավորապես, նշել. «Ադրբեջանում գտնվող հայ գերիներն ու պատանդները ենթարկվում են խոշտանգումների, անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի: Արդեն արձանագրված են նաեւ նրանց կյանքի իրավունքից զրկելու դեպքեր: Շարունակվում են հայ ռազմագերիների ապօրինի եւ շինծու դատավարությունները»: Այսինքն՝ նորանշանակ նախարարն ընդունում է, որ հայ գերիներն Ադրբեջանում վատ վերաբերմունքի են արժանանում, այնինչ քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր. «Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, Հայաստանի ինքնիշխանության համար։ Նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավելի գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք, հանուն իրենց ազատության, զիջենք մեր երկրի անկախությունը»,-ասել է Փաշինյանը։ Ստացվում է՝ Փաշինյանը խնդրում էր տղաներին համբերել, իսկ Միրզոյանը խոսում է նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի փաստաթղթերի մասին եւ շեշտել․ «․․․խոսքը ոչ թե գործընթացի վերսկսման, այլ արդեն ստորագրվածի կատարման մասին է»։ Նաեւ ասել է․ «Մենք աջակցել ենք Հայաստանի քայլին, որը փոխանցել է ականապատ դաշտերի քարտեզը։ Կարծում ենք, նման քայլերով հնարավոր է միասին ապրել մեկ հողի վրա եւ շնչել մեկ օդով։ Մենք ամեն կերպ նպաստում ենք դրան»։ Տարակուսելի է, թե ինչու է Լավրովը կոչ անում Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ գերիներին, երբ ՌԴ-ն իր սեւ գործն արել է՝ քարտեզների միակողմանի տրամադրմանը նպաստելով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանը Շուշիում լայնածավալ շինարարություն է իրականացնում: Բացի ճանապարհներից ու թունելներից, նաեւ բարձրավոլտ հոսանքի ենթակայան է կառուցել: Դեռեւս սովետական տարիներին կառուցված՝ Շուշին սնուցող ենթակայանից ընդամենը մի քանի մետր այն կողմ` Շուշի գնացող ճանապարհին, մի քանի ամսում կառուցվել է այն, որը սնուցում եւ լուսավորում է քաղաքը: Ադրբեջանական լույսերով ողողված Շուշիի ճոխ լուսավորությունը երեւում է անգամ Ստեփանակերտից: Իսկ ճանապարհին ռուսական եւ ադրբեջանական սահմանապահ զորքերն են: Ռուսները ստուգում են Արցախ այցելողների անձնագրերը, որոնք Ստեփանակերտ են մտնում ադրբեջանցի զինվորների հայացքի ներքո»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շինարարության ծավալները 10.8%-ով աճել են, 2020 թվականի առաջին կիսամյակում գրանցվել էր 23.4% անկում։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ընթացիկ գներով 125.6 մլրդ դրամի շինարարություն է կատարվել։ 2021թ. հունիսին, 2020 թվականի հունիսի համեմատ, շինարարության ծավալներն աճել են ընդամենը 1.3%-ով։ Հաշվի առնելով, որ նախորդ տարվա այս ամիսներին շինարարությունը դեռեւս մեծ տեմպերով անկում էր ապրում, այս տարվա նույն ամիսների թույլ աճը վկայում է, որ ոլորտը դեռեւս չի վերականգնվել: Առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրողների միջոցներով Հայաստանում ընդամենը մոտ 7 մլրդ դրամի շինարարություն է իրականացվել։ Այս անգամ աճ կա պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարության գծով։ Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում պետական բյուջեի հաշվին իրականացվել է 36.3 մլրդ դրամի շինարարություն՝ նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ աճելով 43.8%-ով։ 2020-ի առաջին կիսամյակում գրանցվել էր 22.3% անկում։ Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին վեց ամիսներին հանրապետությունում իրականացված շինարարության 27.4%-ն էլ բնակչությունն է ապահովել։ Բնակչության միջոցներով կատարված շինարարության ծավալները կազմել են 34.5 մլրդ դրամ՝ աճելով 17.9%-ով։ Շինարարության մնացած փոքր հատվածը՝ 2.8%-ը, ապահովվել է մարդասիրական օգնության եւ համայնքների միջոցներով»։