23.11.2024
Իրանի դեմ գործում է Լոնդոն-Անկարա-Բաքու-Թել-Ավիվ առանցքը. ի՞նչ կապ ունի Մեղրիի միջանցքը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Տիգրան Ավինյանը կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածո՞ւն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած նախատեսված 15-օրյա ժամկետին, հենց երեկ՝ վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո, Նիկոլ Փաշինյանն սկսել է կառավարության ձևավորման պրոցեսը: Արդեն պաշտոնապես հայտնի է, որ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգրկված չի լինի գործադիրում: Նրա անվան հետ կապված տարբեր լուրեր են շրջանառվում: «Փաստ» թերթը երեկ ստացել է տեղեկություն, որ, ամենայն հավանականությամբ, Ավինյանը կնշանակվի «Անիվ» ՈՒՎԿ-ի միակ բաժնետեր ու մասնակից՝ գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման «Անիվ» հիմնադրամի գործադիր տնօրեն: Ինչպես նշված է կազմակերպության կայքում, այս հիմնադրամը «հանդիսանում է «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն, որի գործունեությունն ուղղված է ՀՀ հեռավոր գուղական վայրերում գործող և նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտների տնտեսական գործունեության խթանմանը, և որի նպատակն է ՀՀ գյուղական բնակչության կենսամակարդակի բարելավումը, եկամուտների ավելացումը, գործազրկության և արտագաղթի կրճատումը»: Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ Ավինյանի քաղաքական կարիերան չի ավարտվում. առժամանակ նա կզբաղեցնի նշյալ «չեզոք» պաշտոնը, ապա Երևանի ավագանու ընտրություններին կգլխավորի իշխող կուսակցության ցուցակը, այսինքն, կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածուն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ օրենքի ուժով ՀՀ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը կառավարության ձեւավորման աշխատանքները սկսեց, որոնք դրսեւորվեցին նոր նշանակումներով: Ըստ այդմ, Արշակ Կարապետյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար, ինչպես տեղեկացրել էինք դեռ հուլիսի 20-ին։ Նկատենք` ուժային կառույցներում նշանակումները սկսվել էին Արգիշտի Քյարամյանին Քննչական կոմիտեի նախագահ նշանակելով։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցեցին, որ ՔԿ նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ կշարունակի պաշտոնավարել մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը, որը լրանում է հաջորդ տարի սեպտեմբերին. վարչապետը չի ցանկանում նրան հեռացնել պաշտոնից։ Այժմ քննարկվում է Զինվորական դատախազի հարցը, թե ով պետք է նշանակվի այդ պաշտոնում։ Հավանական թեկնածուն Վահե Հարությունյանն է, որը զինվորական դատախազի տեղակալն է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ-կիրակի «Քաղպայմանագրի» փակ նիստում որոշել են, որ իշխող խմբակցությունն ԱԺ մշտական հանձնաժողովները բաշխելիս նախ իր տնօրինության տակ կառնի պաշտպանության եւ պետաիրավական հանձնաժողովների նախագահությունը, ըստ այդմ՝ նախկին գումարման խորհրդարանում այդ հանձնաժողովների ղեկավարները կշարունակեն պաշտոնավարել, Անդրանիկ Քոչարյանը՝ պաշտպանության, Վլադիմիր Վարդանյանը՝ պետաիրավական հանձնաժողովում։ Ապա, ըստ Դոնթի բանաձեւի, մեկ հանձնաժողովի ընտրության հնարավորություն ունի «Հայաստան» դաշինքը։ Ենթադրվում էր, որ ընդդիմադիրները կնախընտրեն առանցքային նշանակություն ունեցող հանձնաժողովները, ընտրությունը, ի վերջո, կանգնել է տնտեսական հարցերի հանձնաժողովի վրա, որի նախագահ կառաջադրվի «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։ Ապա իշխանությունն իրեն կվերցնի մարդու իրավունքների եւ արտաքին կապերի հանձնաժողովները, առաջինի համար անցկացված ներկուսակցական քվեարկության արդյունքում 60 պատգամավորից ավելի քան 50-ն ընտրել է ազգությամբ եզդի իրավաբան Ռուստամ Բաքոյանին։ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը, առողջապահությանը՝ Նարեկ Զեյնալյանը։ Մեր տեղեկություններով, առողջապահությունից կառանձնացնեն սոցիալականը, եւ այն կնախագահի սորոսական Հերիքնազ Տիգրանյանը։ Ֆինանսավարկայինը հավանաբար կղեկավարի Բաբկեն Թունյանը։ Իշխանությունը Գեւորգ Պապոյանին էլ է հանձնաժողովի նախագահի պաշտոնում տեսնում, թեեւ դա կախված է նրանից, թե որ հանձնաժողովները կընտրի ընդդիմությունը, որին 3 հանձնաժողով է հասնում։ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ էլ ՔՊ-ից կառաջադրեն Վաղարշակ Հակոբյանին։ «Հայաստան» դաշինքին, ըստ ամենայնի, կանցնի տարածքային կառավարման հանձնաժողովը, որի նախագահ կդառնա ՀՅԴ-ական նախկին մարզպետներից մեկը՝ Արթուր Խաչատրյանը կամ Աշոտ Սիմոնյանը։ «Հայաստան» դաշինքը մեկ հանձնաժողով էլ կզիջի «Պատիվ ունեմ» դաշինքին, որի նախագահի թեկնածուն Տիգրան Աբրահամյանն է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ՝ նոր ձեւավորված խորհրդարանի անդրանիկ նիստին, իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքում, որպեսզի սահմանափակվի լրագրողների ազատ տեղաշարժը։ Իբրեւ թե անվտանգության նկատառումներից ելնելով։ Մեզ թույլ չէին տալիս գնալ ԱԺ նոր մասնաշենք, զբոսնել հայտնի «Լաչինի միջանցքով», մոտենալ իշխանական խմբակցության սենյակներին, լրագրողների համար նախատեսված օթյակ էլ գնում-գալիս էինք ոլոր-մոլոր, այլ ոչ թե կարճ ճանապարհով, որպեսզի հանկարծ չանցնենք ԱԺ փոխխոսնակների կաբինետների մոտով։ Անվտանգության աշխատակիցները, որոնց մի մասն ԱԺ-ում առաջին անգամ էր, դժգոհ էին այս վիճակից, մեզ խնդրում էին իրենց չմեղադրել՝ ինչ հրահանգել են, դա են կատարում։ Նման այլանդակ սահմանափակումներ անգամ հոկտեմբերի 27-ից հետո ԱԺ-ում չեն կիրառվել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ընդդիմությունը որոշել է դիմել ՍԴ՝ ԱԺ նախագահի ընտրության առնչությամբ, քանի որ ԱԺ նախագահի իրենց թեկնածուների ներկայությունը չի ապահովվել դահլիճում, եւ նրանք չեն մասնակցել առաջադրման գործընթացին։ Որպես նախադեպ՝ փորձելու են օգտվել Նաիրա Զոհրաբյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու եւ այդ առնչությամբ ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու փորձից։ Ճիշտ է՝ ԲՀԿ դիմումը մերժվել է, բայց նախադեպը ձեւավորվել է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նորընտիր Ազգային ժողովը երեկ սկսեց իր աշխատանքը: Ընդդիմադիր «Հայաստան» եւ մասամբ «Պատիվ ունեմ» խմբակցությունները որդեգրել էին երկրի թիվ մեկ ամբիոնը ամբողջությամբ օգտագործելու տակտիկան. նրանք անգամ միմյանց հարց տալու ձեւաչափով ամենատարբեր հարցերում քննադատության ենթարկեցին գործող ռեժիմին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել էր՝ ինչ էլ լինի, իրենք ընդդիմության ելույթներին չեն պատասխանի, իրավիճակը չեն սրի, կոնտակտի մեջ չեն մտնի, մինչեւ ԱԺ ղեկավար կազմն ընտրվի: Անգամ որոշել են, որ ինչ էլ լինի, ընտրեն առաջադրվող ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակին, միայն թե կարողանան ԱԺ բնականոն աշխատանքը շուտ սկսել: Բայց ամեն ինչ այդքան էլ հարթ չանցավ. ողջ օրը կարողացան միայն աշխատանքային օրվա ավարտից հետո, ԱԺ նիստ գումարելով, ԱԺ նախագահ ընտրել երկրորդ փորձից: Այսօր պիտի նախագահի տեղակալներին ու, եթե հասցնեն, նաեւ հանձնաժողովների նախագահներին ընտրեն:  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդպես էլ վերջնականապես չի կարողացել ԱԺ հանձնաժողովների բաժանում անել եւ խնդրի առջեւ է կանգնել: Իշխանական պատգամավորները սպասում են, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը կոնտակտի դուրս գա իրենց հետ եւ անձամբ ասի, թե որ հանձնաժողովն է ուզում ստանալ: Սակայն մինչեւ այս պահը դեռ անորոշ վիճակ է, եւ մինչեւ հանձնաժողովներ չունենա ընդդիմությունը, բարդ է որոշում կայացնել: Օրինակ՝ նախորդ տարիներին ընդդիմությունն ու իշխանությունը երկխոսել են եւ հանձնաժողովների բաժանման մասով որոշման հանգել, թե որ հանձնաժողովը որ ուժինը պետք է լինի, սակայն այս անգամ իրավիճակը բարդ է, քանի որ «Հայաստան» դաշինքը չի բանակցում իշխանությունների հետ եւ իր առջեւ խնդիր է դրել միայն կալանավորված պատգամավորներին ազատ արձակելու վերաբերյալ: Եվ որքան էլ երեկ եւ նախորդ օրը իշխանության ներսում թեժ քննարկումներ են եղել, եւ հանձնաժողովների նախագահներ են ընտրել, սակայն Դոնթի բանաձեւից ելնելով՝ չի բացառվում, որ իշխանական խմբակցությունը չհասցնի իր բոլոր ցանկացած հանձաժողովները վերցնել: Այնպես որ, դեռ անորոշ վիճակ է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդպես էլ վերջնականապես չի կարողացել ԱԺ հանձնաժողովների բաժանում անել եւ խնդրի առջեւ է կանգնել: Իշխանական պատգամավորները սպասում են, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը կոնտակտի դուրս գա իրենց հետ եւ մեսսիջներով ասի, թե որ հանձնաժողովն է ուզում ստանալ: Սակայն մինչեւ այս պահը դեռ անորոշ վիճակ է, եւ մինչեւ հանձնաժողովներ չունենա ընդդիմությունը, բարդ է լինելու իշխանության համար որոշում կայացնելը: Օրինակ՝ նախորդ տարիներին ընդդիմությունն ու իշխանությունը երկխոսել են եւ հանձնաժողովների բաժանման մասով որոշման հանգել, թե որ հանձնաժողովը որ ուժին պետք է բաժին հասնի, սակայն այս անգամ իրավիճակը բարդ է, քանի որ «Հայաստան» դաշինքը չի բանակցում իշխանությունների հետ եւ իր առջեւ խնդիր է դրել միայն կալանավորված պատգամավորներին ազատ արձակելու մասով: Եվ որքան էլ երեկ եւ նախորդ օրը իշխանության ներսում փակ քննարկումները թեժ են եղել, եւ հանձնաժողովների նախագահներ են ընտրել իրեց ներսում, այնուամենայնիվ, Դոնթի բանաձեւից ելնելով՝ չի բացառվում, որ իշխանական խմբակցությունը չհասցնի իր բոլոր ցանկացած հանձնաժողովները վերցնել: Այնպես որ, դեռ անորոշ վիճակ է խորհրդարանական կառավարման այդ օղակի մասով»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ «Հայաստան»  դաշինքի ոչ բոլոր պատգամավորներն էին անդրանիկ նիստին ներկայացել դաշինքի կալանավորված անդամների նկարներով շապիկներով։ Անդրանիկ Թեւանյանը, Արամ Վարդեւանյանը եւ Արեգնազ Մանուկյանը «Հայաստան» դաշինքի լոգոյով մուգ շապիկներով էին։ Թեւանյանը մեր լրագրողին ասել է, որ որեւէ խնդիր չկա՝ զուտ տեխնիկական պատճառներով չի հագել, հագուստի չափի հետ կապված խնդիր է առաջացել, որը հնարավոր չի եղել շտկել։ Իսկ նախկին փոխվարչապետ, բարեկեցիկ կյանքի սովոր Արմեն Գեւորգյանը երկրորդ ընդմիջումից հետո քարոզչական շապիկը հանել եւ ճերմակ վերնաշապիկ էր հագել։ Չդիմացա՞ք, սովոր եք Ձեր ճերմակօձիք վերնաշապիկների՞ն․ մեր լրագրողի հարցը Գեւորգյանն անպատասխան է թողել՝ շտապելով Սեյրան Օհանյանի աշխատասենյակ։  Ի դեպ, պատգամավորների աշխատասենյակների հարցը երեկվա դրությամբ դեռ չէր լուծվել, միայն հայտնի էր, թե որ խմբակցությունը, որ ֆոյեում ու հարկաբաժնում է տեղավորվելու։ Արթուր Վանեցյանն էլ մի պահ մոլորվել էր խորհրդարանի՝ լաբիրինթոս հիշեցնող միջանցքներում եւ հայտնվել Սեյրան Օհանյանի աշխատասենյակում։


 


«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ անվտանգության արտառոց ու աննախադեպ միջոցառումներով մեկնարկեց նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Նիստերին զուգահեռ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով վարչապետ նշանակվեց Նիկոլ Փաշինյանը: Երեք տարում՝ արդեն երրորդ անգամ: Նախագահը նաև մի շարք այլ հրամանագրեր է ստորագրել՝ տարբեր պաշտոններում նշանակումներ կատարելու մասին: «Փաստ» թերթի տեղեկություններով, «նոր» կարգավիճակում Փաշինյանի առաջին այցը, ամենայն հավանականությամբ, կլինի Ռուսաստանի Դաշնություն: Չի բացառվում, որ դա կլինի նոր եռակողմ բանակցությունների մեկնարկը: Մեր աղբյուրները նաև փոխանցում են, որ աշնանը Նիկոլ Փաշինյանը մտադիր է իրականացնել յուրատեսակ «համաշխարհային տուրնե», սակայն այդ այցերի գերակշիռ մասի նպատակը պարզապես լինելու է հայկական Սփյուռքի կենտրոններ այցելելը և սփյուռքահայության հետ հանդիպումները։ Մեր տեղեկություններով, Փաշինյանը նախատեսում է բավականին լուրջ պատվիրակության ուղեկցությամբ իրականացնել այդ շրջագայությունը՝ այդ քայլով սփյուռքահայության վստահությունը իր նկատմամբ վերականգնելու հույսով: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ ներկայումս քննարկվում է ձևաչափը: Միևնույն ժամանակ, դիվկորպուսին հանձնարարված է գտնել ուղիներ՝ այդ այցերի ժամանակ տվյալ երկրների որևէ պաշտոնյայի հետ հանդիպում ապահովելու համար»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ իշխանությունները խորհրդարանում լրագրողների տեղաշարժն են սահմանափակում, երեկ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն էլ իրեն ցանկալի լրատվամիջոցներին հրավիրել էր ասուլիսի ու դատական համակարգի փոփոխություններից էր խոսում: Ստացվում է, որ իշխանությունները իրենց ոչ ցանկալի լրատվամիջոցներին չեզոքացնելու գործընթաց են սկսել։ Այս իրավիճակին զուգահեռ ԲԴԽ նախագահը գտել է այն անձին, ում միջոցով վերահսկողության տակ է պահում դատավորներին մակագրվող գործերը եւ առհասարակ դատավորներին բռում պահելու գործընթացն է վերահսկում: Դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Ջհանգիրյանը իրեն խորհրդական է նշանակել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Վարդան Ստեփանյանին ու նրա միջոցով դատական համակարգը պահում է վերահսկողության տակ, թե որ գործը մտավ դատարան, ում է մակագրվել, կամ որ դատավորին ինչ հարցով են դիմել»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթը այս օրերին տեղեկություններ է ստանում, որ հանրապետությունում, մասնավորաբար Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում ցորենի և կարտոֆիլի ցածր բերք է սպասվում, քանի որ ցանքատարածությունները երաշտի պատճառով լուրջ վնասներ են կրել։ Ընդ որում, մեզ հետ զրույցում գյուղացիները նշում են, որ եթե ցորենի բերքը դեռ փոքր-ինչ տանելի է, ապա կարտոֆիլի դեպքում բավականին ծանր վիճակ է։ Նրանց խոսքով, կարտոֆիլի բերքը որակապես բավականին ցածր է, և իրենք կանխատեսվածից մի քանի անգամ վատ բերք են ակնկալում, ինչն իր հերթին նշանակում է, որ աշնանը կարտոֆիլի շուկայական գինը կարող է սովորականից նկատելի բարձր լինել, չնայած հիմա էլ ցածր չէ։ Իրավիճակի հետ կապված մասնագիտական կարծիք ստանալու համար թերթը դիմել է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանին: «Գնացե՛ք դաշտեր, ցորեն չկա, պետք է 4 տոննա ցորեն հավաքեին, հիմա 2 տոննա են հավաքում: Ե՛վ ցորենի, և՛ կարտոֆիլի բերքը ծանր վիճակում է: Բնականաբար, ավելի շատ ցորեն կներկրվի Հայաստան: Եթե Արցախից այն ժամանակ ներկրվող 100 հազար տոննա ցորենն էլ հաշվենք, ապա 200 հազար տոննա ցորեն պետք է ներկրենք Հայաստան: Կարտոֆիլի դեպքում պայքարում ենք: Ֆերմերները, ճիշտ է, բերք քիչ ունեն, բայց նրանցից առևտրականները անցած տարվա համեմատ մոտ երեսուն տոկոսով թանկ գնով կարտոֆիլ են տանում, միգուցե ֆերմերները կոմպենսացնեն իրենց ծախսերը: Այն, որ նրանց բերքը անցած տարվա համեմատ 30-40 տոկոսով քիչ է, միայն ու միայն երաշտի հետևանք է, չնայած մեր կառավարության որոշ անդամներ ասում են, թե երաշտ չէ, սակավաջրություն է»,-ասաց Բերբերյանը: