23.11.2024
Մամուլ. Տիգրան Ավինյանը կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածո՞ւն
prev Նախորդ նորություն

Մամուլ. Գրիգորյան, թե՞ Միրզոյան. ամենակարևոր պաշտոնյայի գտնել չեն կարողանում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստից չորս օր անց նախարարի մեկ աթոռ թափուր է. խոսքը ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնի մասին է։ Չնայած այս պահին Արմեն Գրիգորյանը նախարարի առաջին տեղակալ է, սակայն Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, չի շտապում նրան կամ մեկ ուրիշին նշանակել այդ պաշտոնին։ Սահմանադրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը հինգ օր ունի կառավարություն ձեւավորելու համար, այսինքն՝ այդ ժամկետը վաղը ավարտվում է, եւ պետք է որոշում կայացնել, սակայն դա այնքան էլ հեշտ չի ստացվելու։ Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ռուսական կողմը դեմ է, որպեսզի Արմեն Գրիգորյանը նշանակվի այդ պաշտոնին։ Այժմ իշխանությունների որոշումը կանգ է առել յոթերորդ գումարման խորհրդարանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա, որն ավելի ընդունելի թեկնածու է ռուսական կողմի համար, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Եվ չնայած կառավարության ամբողջական տեսքը գրեթե պատրաստ է, սակայն ամենակարեւոր պաշտոնյայի գտնել չեն կարողանում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս գրել էինք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը լուրջ փոփոխություններ է իրականացնում իրեն պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունում, որի արդյունքում Ծառուկյանի ամենահավատարիմ մարդկանցից մեկը՝ Իվետա Տոնոյանը, հեռացել է ՀԸ-ից, որտեղ կոորդինացնում էր լուրերի բաժինը։ Գրել էինք նաեւ, որ նոր պատասխանատուներ՝ ամուսիններ են հայտնվել «Կենտրոնում», որոնք էլ համակարգում են լուրերի բլոկը, քաղաքականություն թելադրում։   Հեռուստաընկերության աշխատակիցներից տեղեկացանք, որ ամուսիններից մեկը՝ Մարիամը, իրենց մոտ է տեղափոխվել Հանրայինից։ Նա իշխանությունների ներկայացուցիչն է Ծառուկյանի TV-ում, որը, ըստ ամենայնի, վերցրել են իրենց վերահսկողության ներքո։ Իվետա Տոնոյանը խորը ընդհատակ է անցել եւ չի պատասխանում զանգերին։ Մարիամն աշխատել է Հ2-ում, «Արմնյուզում», նրա ֆեյսբուքյան էջում, որպես գործող աշխատավայր, նշված է Առաջին ալիքը։ Ամուսինն Արա Քարամյանն է, որն աշխատել է Հ3-ում՝ որպես ադմինիստրատոր, «Արարատ TV»-ում եւ այլն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխան Սաղաթելյանի` ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրությունը երեկ չկայացավ, ելույթները չավարտվեցին: Սակայն մենք տեղեկացանք, որ իշխանությունը հակված չէ նրան ընտրել, առավել եւս՝ երեկվա «ոչ կառուցողական» ելույթից հետո: Ավելին, փորձել են այլընտրանքային «թեկնածուներ» գտնել 2 ընդդիմադիր խմբակցություններում եւ համոզել, որ 10 օր հետո, երբ նորից թեկնածու առաջադրեն, այլ անձ ներկայացնեն: Անգամ հավանական թեկնածուների վրա են «աշխատել», որ գայթակղեն։  Եթե ընդդիմությունից մի քանի հոգի Սաղաթելյանին ձայն չտա, նա չի ընտրվի։ Սակայն դաշինքներում իմացել են եւ կարծես թե կանխել են դավադրությունը: Հիմա իշխանությունը պետք է 25 ձայն տա, որ Իշխանն ընտրվի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ո՞վ կստանձնի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովների նախագահությունը․ առաջինում նախագահ կընտրեն Նարեկ Զեյնալյանին, երկրորդում՝ Հերիքնազ Տիգրանյանին։ 12 մշտական հանձնաժողովից 3-ի նախագահությունը կանցնի ընդդիմությանը․ «Հայաստան» դաշինքը բարի կամք է դրսեւորել եւ մի հանձնաժողովի նախագահի պոստը զիջում է «Պատիվ ունեմ» դաշինքին։ Թե որ հանձնաժողովները կանցնեն ընդդիմության վերահսկողության ներքո, երեկվա դրությամբ դեռ պարզ չէր, ընդդիմությունն ու իշխանությունը չեն կարողանում հաղթահարել իրենց միջեւ ձեւավորված անդունդը։ Առաջին քայլն Իշխան Սաղաթելյանի ընտրությունն է ԱԺ փոխնախագահի պաշտոնում․ եթե իշխանությունից մոտ 30 պատգամավոր չմիանա ընդդիմությանը, ընտրությունը չի կայանա, եւ կսկսվի առճակատման փուլը։ Իսկ եթե բարեհաջող անցնի, ապա իշխանությունը կվերցնի առաջին երկու հանձնաժողովները, «Հայաստան» դաշինքն առաջին ընտրությամբ մտադիր է վերցնել տնտեսական հանձնաժողովը։ Նշենք, որ այս անորոշությունն է նաեւ պատճառը, որ պատգամավորների մի մասը դեռ աշխատասենյակներ չի ստացել։ «Սպասում ենք հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների ընտրությանը, որից հետո հասկանալի կդառնա, թե ում քանի սենյականոց աշխատատեղ է հասնում եւ որտեղ»,- ասաց պատգամավորներից մեկը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում է սահմանել, որ նորընտիր Ազգային ժողովն ունենա 12 մշտական հանձնաժողով, եւ առաջարկում են նաեւ ստեղծել նոր՝ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով:  Հիմնավորման մեջ նշվում է. «Արցախի Հանրապետության ենթակառուցվածքների վերականգնման ու անվտանգության ապահովման լայնածավալ ծրագրերի մշակման ու իրագործման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրության լրամշակում, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հետ սերտ համագործակցություն: Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումների իրականացում միջազգային նորմերի ու պրակտիկայի կիրառմամբ: Այդ նպատակով անհրաժեշտ են ինստիտուցիոնալ լուծումներ, առաջին հերթին՝ ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ձեւավորում»:


Հետաքրքիր է, որ համանման մի նախագիծ է ներկայացրել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ առաջարկում է կրկին ստեղծել նոր հանձնաժողով, սակայն այլ ոլորտի: Նրանց նախագծի համաձայն՝ նոր խորհրդարանը կունենա 12 հանձնաժողով, որոնցից երկուսը՝ Առողջապահության հարցերի, ինչպես նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները ձեւավորվում են յոթերորդ գումարման Ազգային ժողովում գործող Առողջապահության եւ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ: Բայց ՔՊ-ն դա արել է, որպեսզի պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը եւս ԱԺ-ում պաշտոն ունենա: Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Եվ, ահա, ՔՊ-ի ներկայացված նախագծում նշվում է՝ հաշվի առնելով, որ ութերորդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 71 անդամ, «Հայաստան» խմբակցությունը՝ 29 անդամ, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 անդամ, նախագծով առաջարկվում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8, եւ այն հաշվարկով, որ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայաստան» խմբակցությունները մշտական հանձնաժողովներում ունենան իրենց անդամների ընդհանուր թվին հավասար թվով տեղեր, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Ազգային ժողովի յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում ունենա մեկ տեղ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կավելանա եւս մեկով։ Սակայն խորհրդարանի մեծամասնությունը ոչ թե որոշել է ընդառաջել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքին եւ Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծել, որի մասին անցած շաբաթ հայտարարեց խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, այլ որոշել է տրոհել արդեն գործող առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ու ձեւավորել 2 առանձին հանձնաժողով՝ առողջապահության հարցերով եւ սոցիալական հարցերով զբաղվող։ Նախագիծն ընդգրկված է առաջին նստաշրջանի օրակարգում եւ կքննարկվի առաջիկա օրերին։ «Այս կարգավորման հիմնական նպատակը նշված հանձնաժողովներից յուրաքանչյուրի նախնական քննարկմանը վերապահված օրենսդրական ակտերի քննարկման եւ խորհրդարանական վերահսկողության իրականացման ընթացքում աշխատանքների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է»,- իբրեւ թե հիմնավորել են ԱԺ իրավաբանները։ Իսկ իրականում, հանձնաժողովների թիվն ավելացնում են, որպեսզի, «օրենքի տառին համապատասխան», մերժեն ընդդիմության առաջարկը՝ Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Սա խոսում է այն մասին, որ այս իշխանությունը լուծված է համարում Արցախի հարցը եւ որեւէ պարտավորություն այս առումով չի զգում։ Հիշեցնենք․ նախորդ խորհրդարանում գործում էր 11 հանձնաժողով, ԱԺ կանոնակարգ-օրենքով՝ հանձնաժողովների թիվը չի կարող գերազանցել 12-ը։ Նկատենք նաեւ, որ ութ ամիս է անցել պատերազմից, սակայն Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից որեւէ մեկը ոտք չի դրել Արցախ։ Արցախի կարգավիճակի, անվտանգության եւ մնացյալ հարցերը մնում են անորոշ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոր ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանի առաջին երեք օրվա ընթացքում իշխանական ուժի ներկայացուցիչները պարբերաբար խոսում են հանդուրժողականության, կառուցողականության, համագործակցության, քաղաքական խոսույթի ու պայքարի մասին: Սակայն, դրան զուգահեռ, իրականացնում են հակառակ գործողություններ, մասնավորաբար կապված «Հայաստան» դաշինքի երկու պատգամավորների՝ Մխիթար Զաքարյանի ու Արթուր Սարգսյանի հետ: Եվ ոչ միայն: Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը միայն «ծաղիկներն» են: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս ընթացքում նոր «ծրագիր» է մշակվում ընդդիմադիր գործիչների դեմ: Ըստ այդմ, իշխանության վերին էշելոններից հրահանգ է իջեցվել ակտիվ ընդդիմադիր գործիչների, ինչպես նաև բանակի որոշ բարձրաստիճան սպաների նկատմամբ վարկաբեկման գործընթաց սկսել։ Հիմա ակտիվորեն քննարկվում են մեխանիզմները: Մեր ունեցած տեղեկություններով, քաղաքական նկատառումներով հարձակումների համար գերազանցապես որպես գործիքակազմ կկիրառվեն իրավական միջոցները, ինչպես եղել է անցած երեք տարում։ Ըստ իշխանական մեր աղբյուրների, փորձելու են մի կողմից «հարվածել» նախկինում որևէ պաշտոն ունեցած անձանց՝ նրանց պաշտոնավարման շրջանում որևէ «լ յապ», որևէ վրիպում գտնելու միջոցով, ոմանց դեպքում էլ որպես քաղաքական հաշվեհարդարի մահակ կիրառելու են ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը: Բնականաբար, այս ողջ գործընթացը զուգորդվելու է վարկաբեկման արշավով՝ դրա համար օգտագործելով իշխանական տեղեկատվական բոլոր հարթակները՝ կիրառվող գործիքների, ինչպես նաև միջոցների միջև խտրականություն չդնելով»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին բավական ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Մեր ունեցած տեղեկություններով, բացի իրավապահ և անվտանգային ոլորտի պաշտոնյաների հետ հանդիպումներից, որոնց մասին պաշտոնական հաղորդագրություններ են հրապարակվել, եղել են նաև մի շարք այլ հանդիպումներ։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին դեսպանը մասնավորաբար հանդիպումներ է ունեցել ՀԿ սեկտորի պրոռուսական որոշ ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ-ում գործունեություն ծավալող ռուսական կապիտալով մի քանի ընկերությունների ղեկավարների հետ։ Քննարկումների հիմնական թեման, ըստ մեզ հասած տեղեկությունների, ՌԴ կողմից նոր նախաձեռնություններ, դրամաշնորհային ծրագրեր, երիտասարդության շրջանում ներգրավվածություն ապահովելուն ուղղված քայլեր իրականացնելու հարցն է եղել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում մշակվելու են նոր նախագծեր, որոնք նպաստելու են հանրության շրջանում որոշ ուժերի կողմից ընդգծված հակառուսականության քարոզչությունը մեղմելուն և պրոռուսական տրամադրություններն առավել արմատավորելուն»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Թե՛ նախընտրական, թե՛, առավել ևս, հետընտրական շրջանում պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ պետական հաստատություններում պարտադրում են աշխատանքից ազատվել այն աշխատակիցներին, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն: Մասնավորաբար, 2021 թվականի հուլիսի 21-ին Հանրային հեռուսաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հարցազրույցի ժամանակ «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է. «Մեր թիմակիցներին ազատում են աշխատանքից քաղաքական հայացքների համար: Մեր թիմակիցներին, որոնք ընտրված համայնքի ղեկավար են, ստիպում են, որ հրաժարական ներկայացնեն» (հաղորդման 16-րդ րոպեից): Այնուհետ Ա. Վանեցյանը օրինակ է բերել, որ Վանաձորի հիվանդանոցում (խոսքը, ինչպես հետագայում պարզաբանվեց, Վանաձոր քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցի մասին է-խմբ.) աշխատող բուժքրոջը, որը եղել է «Պատիվ ունեմ» դաշինքի թիմակիցը, մարզպետի մակարդակով «կանչել, ասել են՝ դիմում գրի, գնա, որովհետև դու եղել ես «Հայրենիք» կուսակցության աջակից»:«Փաստ» թերթը հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով պատասխանել՝ արդյո՞ք դատախազությունը Ա. Վանեցյանի սույն հայտարարությունները դիտարկել է որպես հաղորդում հանցագործության մասին, և արդյո՞ք հարուցված է քրեական գործ: Դատախազությունից ստացվել է պատասխան, ուր մասնավորաբար նշված է. «ՀՀ գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյունքում ուսումնասիրվել է Հանրային հեռուստաընկերության եթերում «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ: Նշված հարցազրույցի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի դատախազին՝ Արթուր Վանեցյանի կողմից առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հայտարարությունները սահմանված կարգով ստուգելու համար»: Դիմեցինք նաև Լոռու մարզի դատախազություն, որտեղից ստացանք հետևյալ պատասխանը . «Քրեական դատավարության օրենսգրքի 180, 181 հոդվածների կարգով նյութեր են նախապատրաստվում: Վերջնական որոշում դեռևս չի կայացվել: Հսկող դատախազը մարզի դատախազի տեղակալ Վահե Դոլմազյանն է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին Սյունիքում կատարվող իրադարձություններից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ իշխանության ներկայացուցիչները տեղյակ են եղել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն աշխատել են նաեւ այլ քաղաքական ուժի օգտին: Եվ հենց դա է պատճառը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Սյունիքում իրավապահ համակարգի ներկայացուցիչների կադրային ջարդ է սկսվելու, որը հաջորդելու է Սյունիքի համայնքապետերի հանդեպ սկսված հետապնդումներին: Սա, ըստ էության, պողպատե մանդատը Սյունիքում ի ցույց դնելու երկրորդ փորձն է արդեն: Այսինքն՝ առաջիկայում Սյունիքում նոր կադրային փոփոխություններ են լինելու, եւ իրավապահ համակարգի ղեկավար կազմից ազատումներ են լինելու՝ իհարկե պայմանավորված հենց արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրանց գործունեությամբ: Հիշեցնենք, որ դեռ հուլիսի 26-ին «օրենքով գողերի» գործը քննած ՀԿԳ քննիչ Մարգարյանին նշանակել էին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական վարչության պետ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում խոզի մսի գինն է բարձրացել՝ հասնելով 4000 դրամի: Օրինակ՝ խոզի չալաղաջի մեկ կիլոգրամը 3700 դրամից թանկացել է՝ դառնալով 4000 դրամ, իսկ խոզի բդի մեկ կիլոգրամը 2900 դրամից դարձել է 3100 դրամ: Միաժամանակ տեղեկացնենք, որ այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում խոզի մսի արտադրության ծավալները նվազել են 3.4 տոկոսով: Մասնագետների խոսքերով՝ հենց սա է պատճառը, որ խոզի մսի գինը բարձրացել է: Բացի այդ, նախորդ տարի ավելի քիչ քանակությամբ խոզ է ներկրվել ՀՀ, քան 2019 թվականին: Սրան զուգահեռ նկատենք նաեւ, որ թանկացել է տավարի միսը. տավարի մսի մեկ կիլոգրամը 2900 դրամից դարձել է 3000 դրամ, իսկ գառան մսի մեկ կիլոգրամը գերազանցում է 4500 դրամ արժեքը: Փոխարենը ոչխարի մսի արտադրության ծավալներն են աճել. այս տարվա հունվար-մայիսին ոչխարի մսի արտադրության ծավալներն ավելացել են 5.1 տոկոսով: Բայց, չնայած սրան, ոչխարի միսը շարունակում է բարձր գնով վաճառվել: Սակայն մսամթերքի շուկայում թանկացումների ալիքը դեռ նոր է սկսվելու, քանի որ ֆերմերներն արդեն անասնակերի հայթայթման խնդիր ունեն։ Հանրապետությունում անասնակերի դեֆիցիտ է, եւ բազմաթիվ ֆերմերներ, չկարողանալով անասնակեր գտնել, մտադիր են մորթի ենթարկել իրենց կենդանիներին»: