23.11.2024
Մամուլ. Գրիգորյան, թե՞ Միրզոյան. ամենակարևոր պաշտոնյայի գտնել չեն կարողանում
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ո՞ւմ հետ է ուզում հարևանություն անել Փաշինյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքն առաջիկայում կտեղափոխվի կառավարական ամառանոց: Նախագահ ընտրվելուց հետո նա վարչապետ Փաշինյանից տեղափոխվելու առաջարկ է ստացել։ Ի դեպ, կառավարական առանձնատներում ոչ բոլոր պաշտոնյաներին է իրավունք տրված բնակվելու։ Այստեղ, վարչապետից բացի, կարող են բնակվել նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը եւ վարչապետի առաջարկությամբ ու ՀՀ նախագահի կարգադրությամբ նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք` իրենց ընտանիքներով: Սակայն, որպես կանոն, Պռոշյան փողոցի առանձնատներ տեղափոխվում են Նիկոլ Փաշինյանի հրավերը ստացած անձինք։ Սիմոնյանի ընտանիքը, ամենայն հավանականությամբ, կբնակվի այն առանձնատանը, որտեղ հեղափոխությունից հետո կարճ ժամանակ բնակվեց Փաշինյանների ընտանիքը, ապա վերանորոգեցին Սերժ Սարգսյանին պատկանող առանձնատունը եւ այժմ բնակվում են այնտեղ։ 2018-ից հետո, հիշեցնենք, ընդամենը 3 պաշտոնյա է բնակվել այստեղ՝ վարչապետը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ վարչապետի առաջարկությամբ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Ի դեպ, Արարատ Միրզոյանի ընտանիքը դեռեւս շարունակում է մնալ կառավարական առանձնատանը եւ, ըստ ամենայնի, դուրս չի գա, քանի որ լուրեր կան, որ Միրզոյանն առաջիկայում կնշանակվի արտգործնախարար։ Եթե անգամ այլ պաշտոնի անցնի, ապա Փաշինյանի առաջարկով կարող է մնալ առանձնատանը, քանի որ նոյեմբերի 9-ի միջադեպը Միրզոյանն ամիսներ անց էլ չի կարողանում հաղթահարել, իսկ պահպանվող ամառանոցում իրեն ապահով է զգում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում իսկական խառնաշփոթ էր. իշխանությունն ու ընդդիմությունը ԱԺ 3-րդ փոխնախագահին էին ընտրում, սակայն այդպես էլ չէր ստացվում: «Հայաստան» խմբակցությունից առաջադրված ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանին ընդդիմությունը երկու անգամ առաջադրեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում, սակայն երկու անգամ էլ Սաղաթելյանը չընտրվեց: «Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ «Հայաստան» խմբակցությունը իշխանությունից 22 ձայն է պահանջել, որպեսզի երկու ընդդիմադիր ֆրակցիաների պատգամավորների թվի հետ միասին Սաղաթելյանը կարողանա 54 ձայն ստանալ: Իշխանության պատգամավորները երեկ ամբիոնից կոկորդ պատռելով հավաստիացնում էին, որ իրենք իրենց խոստացածը կատարել են, ավելին՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անձամբ է զանգահարել գործընկերներին եւ ուղղորդել քվեարկության՝ հորդորելով՝ 1-22 համարների պատգամավորները մեկ մարդու նման Սաղաթելյանին ընտրեն։ Իշխանության մի հատվածն այն կարծիքին է, որ սա իշխանության պատիժն է Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությանը, որ խորհրդարանում օր ու արեւ չի տալու իշխանությանը: Սակայն, մյուս կողմից, իշխանությունը տեսակետ էր շրջանառում, թե դաշնակցական Սաղաթելյանին չի ընտրում «Պատիվ ունեմ» խմբակցությունը, քանի որ այդ պաշտոնը պետք է տրվեր իրենց, այլ ոչ թե «Հայաստան» խմբակցությանը: Երրորդ վարկածի համաձայն՝ «Հայաստան» խմբակցության ներսի խմորումների հետեւանք են Սաղաթելյանի քվեարկության ճակատագրական անվավեր քվեաթերթիկները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանություններն ամեն գնով փորձում են կոտրել Իշխան Սաղաթելյանին եւ կռիվ գցել ընդդիմության երկու թեւերի միջեւ։ Երեկ երկու անգամ անընդմեջ տապալվեց Սաղաթելյանի քվեարկությունը՝ ամեն անգամ մի քանի քվեաթերթիկ անվավեր էր քվեարկվում։ ՔՊ-ականները մեղքը բարդում էին ընդդիմության վրա, թե դավաճաններին ձեր մեջ փնտրեք։ Ապա սկսեցին գործարքներ առաջարկել՝ «դուք մի մասնակցեք քվեարկությանը, մենք անհրաժեշտ ձայներով կընտրենք ձեր թեկնածուին»։ Ընդդիմադիրների դեմքերից թեեւ զգացվում էր, որ նեղված են, բայց պնդեցին, որ չեն ընկրկելու ու թույլ չեն տալու իրենց դավադիր գործարքների մեջ ներքաշել եւ հստակ հայտարարեցին՝ քաղաքական սակարկության չենք գնա, ձեզնից քվե չենք մուրա, թեկնածուին չենք փոխի․ ուզում եք ընտրել՝ ընտրեք, չեք ուզում՝ ձեր մուրը ձեր գլուխը։ Իսկ իշխանության նպատակը մեկն է՝ հասնել նրան, որ ընդդիմությունն Իշխան Սաղաթելյանի փոխարեն այլ թեկնածու առաջադրի։ Իրենց այդ մտադրության մասին բերանից թռցրեց ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը՝ ասելով, թե ինքն այլ թեկնածու, օրինակ, Արամ Վարդեւանյանին կառաջադրեր այս պաշտոնում։ Բայց ընդդիմությունը հաստատակամ է․ մեզ ասացին, որ եթե տարիներով էլ ձգվի այս պրոցեսը, թեկնածուին չեն փոխի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պատիվ ունեմ» դաշինքը թեժ մարտեր է մղելու, որպեսզի ձեւավորվի իրենց առաջարկած Արցախի հարցով մշտական հանձնաժողովը։ Տեղեկացրել էինք, որ իշխանությունը «շուստրի» քայլի է գնացել՝ որոշել է արդեն գործող հանձնաժողովներից մեկը տրոհել 2 մասի՝ առողջապահության եւ սոցիալական հարցերի, որպեսզի խորհրդարանում լինեն օրենքով պահանջվող առավելագույն թվով հանձնաժողովներ։ Դրանով, իշխանությունն իր հաշվարկով, մի կրակոցով 2 նապաստակ կխփի․ կգոհացնեն ընդդիմությանը՝ նրանց հասանելիք հանձնաժողովների թիվը մեկով ավելացնելով, եւ կազատվեն գլխացավանքից՝ փակելով Արցախի խնդիրներն ԱԺ բերելու վտանգները։ Ի դեպ, անգամ 12 հանձնաժողովի պարագայում ՊՈՒ-ին հանձնաժողովի նախագահություն չի հասնում, սակայն «Հայաստան»-ում մտադիր են՝ 3 հանձնաժողովի պարագայում մեկի նախագահությունը զիջել ընդդիմադիր գործընկերներին։ Սակայն ՊՈՒ դաշինքում պնդում են, որ իրենց ոչ թե հանձնաժողովի նախագահությունն է հետաքրքրում, այլ կոնկրետ Արցախի հարցով հանձնաժողովի ձեւավորումը, եւ դեռեւս վերջնական որոշում չունեն՝ պետք է քննարկեն որեւէ այլ հանձնաժողովի նախագահությունը ստանձնելու նպատակահարմարությունը։ Ասում են՝ հնարավոր է նաեւ հրաժարվեն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը երեկ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ: Մասնավորապես, նա երեկ՝ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստին, հրամայել է ոչնչացնել ՀՀ սահմանը հատելու փորձ անող ադրբեջանցի զինվորականներին:  Այս հայտարարությունը ուշագրավ է իր խստությամբ. իհարկե, այս ընթացքում Պաշտպանության նախարարությունից եւս նմանատիպ հորդորներ եղել են, սակայն նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի մեղմ հայտարարություններով էին հանդես գալիս: Իսկ ինչո՞ւ հենց այժմ նման խիստ հայտարարություն անելու անհրաժեշտություն եղավ. նկատենք, որ այդ հայտարարությանը նախորդեց հուլիսի 27-ին Մոսկվայում տեղի ունեցած Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ Հայաստանի պաշտպանության նախարարի պարտականությունները կատարող Արշակ Կարապետյանի հանդիպմանը: Այսօր էլ ՊՆ-ն ընդունել է ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովին եւ քննարկել սահմանային իրավիճակը: Նկատենք, որ երեկ պարզ դարձավ՝ Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, եւ իրականացվում են շինաշխատանքներ սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով: Այսինքն՝ ՀՀ սահմանները կամաց-կամաց տրվում են Ռուսաստանին: Ու սա անում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որը օրումեջ բարձրաձայնում էր ՀՀ ինքնիշխանության մասին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 203 անձ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագրեր։ Սա նշանակում է, որ սահմանված ժամկետում հայտարարագրերը չներկայացնելու հիմքով հարուցվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ գործեր, որոնց արդյունքում կարող է կիրառվել վարչական տույժ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200 000 դրամի) չափով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայտարարագիր չներկայացրած անձանց թիվը այսքանով չի սահմանափակվում, եւ առաջիկայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նոր ցանկ է հրապարակելու։ Նշենք, որ 203 անձանց թվում հիմնականում համայնքների ղեկավարներ են կամ պաշտոնյաների օգնականներ եւ խորհրդականներ։ Հետաքրքիր է, որ հայտարարագիր չներկայացրած անձանց թվում նշված է նաեւ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի անունը, որը կալանավորված է կաշառք վերցնելու մեղադրանքով։ Սակայն սա միայն հայտարարագիր չներկայացրած անձանց առաջին խումբն է, եւ սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում կհրապարակվի մյուս ցանկը, եւ, մեր տեղեկություններով, այնտեղ արդեն ավելի բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք են, այդ թվում՝ պատգամավորներ։ Այս պահին նրանց ժամանակ է տրվել սխալները շտկելու համար։ Նկատենք՝ սա առաջին դեպքն է, երբ հայտարարագիր չներկայացրած պաշտոնյաների թիվն այդքան մեծ է, իսկ դա ենթադրում է , որ ինչքան էլ նոր մեխանիզմներ են ներդրվում թափանցիկությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմերը մեծացնելու համար, միեւնույնն է, դրանց անլուրջ են վերաբերվում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը 3 տարի շարունակ հերքել է իր՝ ԵՊՀ ռեկտոր դառնալու լուրերը։ Ծաղրել ու հեգնել է լրատվամիջոցներին այդ լուրերի համար, նրանց անվանել «իր երազանքները» գուշակողներ, «Քոչարյանի գրասենյակից սնվողներ», «փողոցում ճվճվացողներ», ԱԺ ամբիոնից Էդմոն Մարուքյանին մեղադրել է «ստահոդ լուրեր տարածելու համար»։ Բազմիցս հայտարարել է․ «Այդ տեղեկությունները սուտ են, նման թեմա չկա: Ես ցանկություն չունեմ առաջադրվելու: Ես չեմ հավակնում ռեկտորի պաշտոնին»: Երեկ նա նշանակվել է ԵՊՀ ռեկտորի ժՊ եւ, վստահաբար, մասնակցելու է ռեկտորի մրցույթին։ Հասկանալի չէ, թե ստելն ու լրատվամիջոցների տեղեկությունները հերքելն ինչ իմաստ ունեին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այս տարվա 6 ամիսներին ծնվածների թիվը ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին ծնվածների թիվը կազմել է 16 հազար 21, 2020-ին՝ 15 հազար 798, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն ավելացել է՝ դառնալով 17 հազար 211: Բացի այս, ավելացել է մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 199-ից հասնելով 236-ի: Մյուս նորությունն այն է, որ Հայաստանում սկսել են շատ ամուսնալուծվել: Պաշտոնական աղբյուրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին ամուսնալուծության դեպքերը կազմել են 2002, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծություններն ավելացել են 508-ով: Բայց, մյուս կողմից, ավելացել են ամուսնությունները՝ 2020-ի 6 ամիսներին՝ 5 հազար 258, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 8 հազար 130: Մի շարք մասնագետների խոսքով՝ այսօր երիտասարդները նախընտրում են քաղաքացիական ամուսնության տարբերակը»: