9.04.2026
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հայտնել է Պուտինի հետ հունիսի երկրորդ կեսին հանդիպման պայմանավորվածության մասին

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած աշխատանքային ճաշը գնահատում է «շատ հաջող» և ընդգծում, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում։ Այս մասին կառավարության ղեկավարը հայտարարեց ապրիլի 9-ի կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ։


Վարչապետի խոսքով՝ ՌԴ նախագահի հետ կուլիսային առանձնազրույց չի եղել, սակայն աշխատանքային ճաշի ընթացքում կողմերը բարեկամական մթնոլորտում զրուցել են և պայմանավորվել բարձր մակարդակով նոր հանդիպում անցկացնել հունիսի երկրորդ կեսին։


«Ոչ մի նոր բան ես Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում չեմ ասել։ Առնվազն այն, ինչ հնչել է այնտեղ, դուք ինձնից այստեղ կամ այլ ձևաչափով լսել եք. այսինքն՝ զրո նորություն»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ պաշտոնական Երևանը շարունակաբար պահելու է իր սկզբունքն ու դուրս չի գալու բարեկամական երկխոսության տրամաբանությունից։


Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության ուղղությամբ Հայաստանի վարած զուգահեռ քաղաքականությանը՝ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը կշարունակի համատեղել այդ երկու վեկտորները այնքան ժամանակ, քանի դեռ դա հնարավոր է։


«Քանի դեռ կա հնարավորություն համատեղելու այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք ԵԱՏՄ-ի և Միության ուղղությամբ, մենք կհամատեղենք։ Երբ կգա անհամատեղելիության պահը, մենք ժողովրդի հետ կկայացնենք որոշումներ»,- եզրափակել է նա։


Ի՞նչ է քննարկվել Փաշինյան-Պուտին հանդիպմանը


Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների վերջին շփումների առանցքում տնտեսական համագործակցության, ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցերն են։


Իշխանության դիրքորոշումը. Իշխող քաղաքական թիմը երկկողմ հարաբերությունների ներկայիս փուլը ներկայացնում է որպես «կառուցողական տրանսֆորմացիա»։ Ըստ իշխանությունների՝ Երևանը ձգտում է պահպանել պրագմատիկ և փոխշահավետ տնտեսական կապերը Մոսկվայի հետ՝ միաժամանակ դիվերսիֆիկացնելով երկրի անվտանգային ճարտարապետությունը և խորացնելով ինտեգրումը Եվրամիության հետ։


Ընդդիմության դիրքորոշումը. Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը խիստ քննադատության է ենթարկում այս մոտեցումը։ Ընդդիմադիր ուժերի պնդմամբ՝ իշխանությունների արտաքին քաղաքական մանևրումներն ու արևմտամետ հռետորաբանությունը վտանգում են պետության անվտանգությունը։ Նրանք կարծում են, որ Երևանը խաթարում է վստահությունը ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ՝ փոխարենը Արևմուտքից չստանալով անվտանգության հստակ ու կիրառական երաշխիքներ։

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Gazprom Armenia official site
09.04.2026
ՀՀ-ն պատրաստ է բոլոր սցենարներին. Փաշինյանը՝ գազի հնարավոր թանկացման մասին