Դեմագոգիան և պոպուլիզմը ճանապարհ են դեպի փակուղի. Արմեն Սարգսյան
Արդյունավետ կառավարման էությունը ամենից առաջ ազնիվ և պատասխանատու լինելն է: Անշուշտ, պետք է լինել պրոֆեսիոնալ, աշխատասեր, կարգապահ և կազմակերպված, ունենալ տեսլական և ծրագիր: Ու նախ և առաջ պետք է լինել ազնիվ և պատասխանատու: Այս մասին ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
"Ցանկալին որպես իրականություն ներկայացնելու փորձերը, դեմագոգիան և պոպուլիզմը ճանապարհ են դեպի փակուղի",-ընդգծեց նա:
Նրա խոսքով, պետք է ազնիվ, բաց և ուղիղ խոսել առկա խնդիրների մասին, սթափ և սառնասրտորեն գնահատել իրական հնարավորությունները, խիզախություն ունենալ ընդունել թերություններն ու սխալները և պատասխան տալ դրանց համար:
"Յուրաքանչյո՛ւրս պետք է մեզ պատասխանատու զգանք մեր երկրի, մեր պետականության ապագայի համար: Եվ միայն ազնիվ ու արդար կառավարումը կարող է փոխել իրավիճակը՝ հաղթահարել հիասթափությունը, լավատեսություն սերմանել, վերականգնել և ամրապնդել կապը քաղաքացու և պետության միջև: Եկել է ժամանակը՝ ունենալ պետություն, որը ամենայն պատասխանատվությամբ է կատարում իր հիմնական գործառույթները",- ասաց նա՝ թվարկելով այդ գործառույթները՝ սահմանների և բնակչության անվտանգության ապահովումը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Արցախի հիմնահարցի արդար լուծումը, տնտեսության, գիտության և մշակույթի զարգացումը, արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը, մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորված պաշտպանությունը, քաղաքացիական համերաշխության ապահովումը, մարդկային ներուժի իրացման պայմանների ստեղծումը....
"Մեր ժողովուրդը և մեր երկիրը արժանի են դրան",-հավելեց նախագահը: