Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամին դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել
Օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան։ Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը:
Նշվում է, որ Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարուցվել է քրեական գործ։
«Նախնական գնահատականով կատարվածը կարող է կապ ունենալ Արման Անտոնյանի ավագանու գործունեության հետ, այլ մանրամասներ այս պահին չենք ցանկանում հաղորդել, որպեսզի չխանգարենք նախաքննության ընթացքին։
«Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է կատարվածը և ակնկալում, որ իրավապահ մարմինները հնարավորինս սեղմ ժամկետներում կբացահայտեն կատարվածը, իսկ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»,- ասված է հայտարարության մեջ: