Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ վարքագիծը. Մենենդեսը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Քերըն Դոնֆրայդի թեկնածության հաստատման լսումների ժամանակ իր մտահոգությունն է բարձրացրել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշման առնչությամբ: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
«Ադրբեջանն այժմ սահմանային վեճի արդյունքում ներխուժել է Հայաստանի ֆիզիկական տարածք, և ես կարծում եմ՝ նրանք կշարունակեն իրենց ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել այն մասին, որ դա անընդունելի է»,- նշել է Մենենդեսը:
Նշվում է, որ Դոնֆրայդը արձագանքել է, որ եթե այդ տեղեկությունը հաստատվի, ինքն այդ հարցով սերտորեն կհամագործակցի Մենենդեսի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ:
«Խիստ անհրաժեշտ է վստահ լինել, որ ցանկացած աջակցություն, որ մենք տրամադրում ենք Ադրբեջանին, որևէ կերպ չի խաթարում ուժերի հավասարակշռությունը, և որ մենք հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղի [խնդրի] կարգավորմանը»,- ասել է Դոնֆրայդը: