Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ քննարկել է իրավիճակը Երասխում
Հուլիսի 20-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։
Հանդիպման առանցքային թեման Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակն էր, մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ինչպես նաև վերջին մեկ շաբաթվա ընթացքում լարվածության նոր օջախի ստեղծումը ՀՀ Արարատի մարզում՝ Երասխ բնակավայրի ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանը նշեց, որ այդ գործողություններին զուգահեռ պաշտոնական Բաքուն հանդես է գալիս Հայաստանի դեմ տարածքային և պատմական կեղծ պահանջներով, որոնք հստակորեն մատնանշում են Ադրբեջանի զավթողական նկրտումները Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ։ Շեշտվեց, որ Արցախի ժողովրդի դեմ ուժի կիրառումը, զանգվածային ոճրագործությունների, այդ թվում՝ էթնիկ զտումների հանդեպ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքն Ադրբեջանին քաջալերել են ուժի կիրառումը դարձնել քաղաքականության մշտական գործիք, ինչը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը: Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը հատուկ ընդգծեց. «Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը չի հանդուրժելու իր իրավունքների նման խախտումներ։ Այսօր ՀՀ Զինված ուժերը լիարժեքորեն կատարում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը երաշխավորելու իրենց պարտականությունները։ Հայաստանը գործի է դնելու իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը՝ համագործակցելով նաև համապատասխան երկկողմ և բազմակողմ ձևաչափերով»։
Արմեն Գրիգորյանն ընդգծեց, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների հստակ արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ ոտնահարումներին։
Առանձնահատուկ շեշտվեց, որ առանց ղարաբաղյան խաղաղ գործընթացի վերսկսման և, ի վերջո՝ հակամարտության հանգուցալուծման, տարածաշրջանը մշտապես բախվելու է անվտանգության խաթարման նոր փորձերի։
«Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկվող մոտեցումների հիման վրա, որոնք վերահաստատում են համանախագահության կողմից մշակված սկզբունքները, այդ թվում ինքնորոշման իրավունքը, ներգրավվելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում».- նշեց Արմեն Գրիգորյանը։