Արցախին տրամադրվող աջակցությունը կազմի շուրջ 180 մլրդ դրամ: Կառավարության հուլիսի 15-ի նիստում որոշվեց արցախցիներին սոցիալական աջակցության համար հատկացնել ևս 7,3 մլրդ դրամ:
Կառավարությունը որոշեց վերաբաշխում կատարել 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքում, որի նպատակն է 44-օրյա պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու համար Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակվող քաղաքացիներին սոցիալական օգնության տրամադրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապահովելը հունիս ամսվա համար։
«Խոսքը 68-հազարական դրամների մասին է: Պահանջվող գումարը կազմում է 7,3 մլն դրամ, որից պետական բյուջեից հատկացվող գումարը կազմում 5 մլրդ 864 մլն դրամ, իսկ պահուստային ֆոնդից պահանջվող գումարը՝ 2 մլրդ 200 մլն է, իսկ մնացած 3 մլրդ 684 մլն դրամը կտրվի նախարարության միջոցով իրականացվող միջոցառումների հաշվին», - նիստի ժամանակ հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանը:
Նա նշեց, որ Կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ հաստատվել է Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը։ Միջոցառման շրջանակներում դրամական օգնությունները շահառուներին արդեն իսկ վճարվել են մարտ-մայիս ամիների համար։
«Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը, որով ՀՀ 2021 թվականի պետական բյուջեից միջոցներ են հատկացվում խնդրո առարկա միջոցառման շրջանակներում շահառուներին վերջին՝ հունիս ամսվա, իսկ դրամական օգնության իրավունքը առաջին անգամ հունիս ամսին ձեռք բերած անձանց՝ նաև նախորդ ամիսների դրամական օգնությունը տրամադրելու համար»,- ասաց նա:
Արցախին հատկացվող սոցիալական աջակցության ծրագրերին անդրադառնալով՝ Նիկոլ փաշինյանը նշեց, որ պետք է Արցախում կամաց-կամաց անցում կատարել զարգացման ծրագրերին, տնտեսության ակտիվությունը խթանող ծրագրերին: Տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է նաև Արցախի նախագահի հետ:
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ միայն սոցիալական բլոկով կառավարությունը ծախսել է 61,8 մլրդ դրամ, որը հասնելու է 80 մլրդ դրամի: Նա նաև հավելեց, որ արցախցիներին բնակարաններով ապահովելու համար «Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ պետք է մոբիլիզացնեն 104 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ երեք տարվա կտրվածքով կառավարության ծախսը կկազմի 52 մլրդ դրամ:
Ամփոփելով՝ փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ սոցիալական բնույթի բոլոր միջոցառումներն ընթացքի մեջ են, բնակարանով ապահովելու միջոցառումը դեռևս մշակման փուլում է:
Կառավարությունն ընդունել է նաև «Ռազմական դրությամբ պայմանավորված` Սյունիքի մարզում ժամանակավորապես տեղավորված Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսավարողներին աջակցություն տրամադրելու մասին» որոշում:
Ըստ այդմ՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Սյունիքի մարզում Արցախի Հանրապետության քաղաքացիներին ժամանակավոր կացարաններ տրամադրած տնտեսավարողներին դրամաշնորհի տեսքով տրամադրել աջակցություն՝ վերջիններիս կողմից կացարանների տրամադրման արդյունքում կատարված ծախսերի և կրած վնասների մասնակի փոխհատուցման նպատակով։
Միջոցառման շահառու հանդիսանում են, մասնավորապես, այն հանգստյան տները, հյուրանոցները և հյուրատները, որոնք ընդգրկված են եղել կոմունալ ծառայությունների փոխհատուցման ծրագրի շահառուների ցանկում: