VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, ով հաճախ է Մոսկվա մեկնում, քանի որ դասախոսում է մոսկովյան բուհերից մեկում, նախօրեին կրկին մեկնել է Մոսկվա։ Սակայն նրա այցերը ոչ միայն զուտ աշխատանքային պարտականությունների շրջանակում են, այլեւ նա երբեմն քաղաքական հետաքրքիր հանդիպումներ է ունենում ռուսաստանյան եւ հայաստանյան քաղաքական դաշտի տարբեր դերակատարների հետ։ Օրերս նրան տեսել են Մոսկվայի Ararat Park Hyatt հյուրանոցի ռեստորանում սրճելիս՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ։ Նրանց նկատած մեր հայազգի հայրենակիցը, հավանաբար, չի թաքցրել իր հետաքրքրասիրությունը, եւ Վիկտոր Սողոմոնյանն ու Միքայել Մինասյանը, նկատելով, որ իրենց ճանաչել են, տեղափոխվել են ավելի ապահով տարածք։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սողոմոնյանից, թե ինչ թեմա են քննարկել ինքն ու Միքայել Մինասյանը, սակայն մեր նամակները մնացին անպատասխան։
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն չհաղթահարեց անցողիկ շեմը, սակայն կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում հեռանալ քաղաքական ասպարեզից: ԲՀԿ-ում կամաց հաղթահարում են հետընտրական շոկը, իսկ անցած շաբաթ Ծառուկյանը կուսակտիվին հորդորել է գնալ հանգստի, կհանդիպեն սեպտեմբերին ու կքննարկեն իրենց անելիքները։ ԲՀԿ-ում կարծում են, որ կուսակցությունն ակտիվ ներգրավված կլինի քաղաքական պրոցեսներին, բայց առայժմ պաուզա կվերցնեն։ Կուժեղացնեն «Կենտրոն» TV-ն, նախկին օրենսդիրները հաճախ կերեւան եթերում, կապը չեն խզի քաղաքացիների հետ, հնարավոր է անգամ փողոցային ակցիաների մասնակցեն»:
«Իրավունք» թերթը գրում է. «Ինչո՞ւ ընտրություններին մասնակցած «Ազատություն» կուսակցությունը չվիճարկեց ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում, չնայած նրան, որ կառավարությունում հերթ կանգնած Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմողների շարքում չէր կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Իրավունքը» այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ փորձեց պարզել հենց նրանից: Սակայն, պարոն Բագրատյանն ասաց, որ այս շրջանում հարցազրույցները բացառում է: Ավելին` մի քանի անավարտ գործ ունի եւ ավարտելուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում մեկնելու է երկրից: Համենայնդեպս, ամռանը նա առաջարկեց չանհանգստացնել իրեն»:
«Իրավունք» թերթը գրում է. «Ութերորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններում ձայների մոտ 54 տոկոսը ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ունենա պատգամավորական մանդատների 2/3-ը, այսինքն` կայուն սահմանադրական մեծամասնություն: Իսկ այն իշխանությանն անհրաժեշտ է հանրաքվե նշանակելու, սահմանադրական փոփոխություններ իրականացնելու կամ նախագահին պաշտոնանկ անելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած վերջնական արդյունքների համաձայն, ստացվել է 107 հոգանոց խորհրդարան, որտեղ «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 71 մանդատ, իսկ 71-ը 107-ի 2/3-ը չի կազմում: Ըստ էության, օդ ու ջրի պես ՔՊ-ականներին պետք է եւս մեկ մանդատ: «Իրավունքին» հասած լուրերի համաձայն, իշխանությունն ուշիուշով ուսումնասիրում է խորհրդարան անցած ընդդիմության պատգամավորացուներին` հասկանալու համար, թե ում կարող են գցել իրենց ջրերը, որպեսզի դառնա նոր խորհրդարանի «Բաբաջանյան Արման-2»-ը, այսինքն` դուրս գա իր խմբակցությունից, դառնա անկախ, բայց իշխանամերձ պատգամավոր, որը իր քվեարկությունները կիրականացնի իշխանության հետ համահունչ: Այս առումով` փնտրվում է ընդդիմության ամենաթույլ օղակը, ում հնարավոր կլինի եթե ոչ համոզելով, ապա նրա դեմ քրգործեր հարուցելով` ստիպել, որ Ազգային ժողով անցնելուն պես հրաժարվի ընդդիմադիր լինելու գաղափարից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցից Մոսկվա, որտեղ նա հանդիպելու Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Մեր տեղեկություններով՝ ի թիվս այլ հարցերի՝ երկու երկրների ղեկավարները քննարկելու են Հայաստանի սահմանին ռուս խաղաղապահներ տեղակայելու տարբերակները։ Նկատենք՝ Փաշինյանն այս տարբերակի մասին խոսել էր դեռ մայիսին։ Մասնավորապես, նա մայիսի 29-ին ՔՊ գրասենյակում նշեց, թե ովքեր կարող են տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում երկու երկրների զորքերի դուրսբերման դեպքում: «Եթե Ռուսաստանը համաձայն է այս գաղափարի հետ, ապա դա կարող են լինել ռուս սահմանապահներ կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական խմբեր, կամ էլ թե՛ սահմանապահներ, թե՛ դիտորդներ», – ասաց նա: Միաժամանակ նա հավելեց, որ սահմանին ներկա այդ ուժերը պետք է երաշխիքներ տան երկու կողմից զորքերը դուրս բերելու մասին: Եվ, ահա, Փաշինյանը իրագործում է իր այս ծրագիրը այժմ՝ վերարտադրվելուց հետո: Եվ, մեր տեղեկություններով, այսօր ոչ միայն այդ տարբերակն է քննարկվելու, այլեւ չի բացառվում՝ ստորագրվի փաստաթուղթ ՝ այդ դրույթներին համապատասխան։ Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը երեք ուղղություններով ՀՀ սահման է ներխուժել մայիսի 12-ից եւ մինչ օրս գտնվում է ՀՀ տարածքում: Իսկ թե որտեղ են տղակայվելու ռուսական ոժերը, ինչպես է գծվելու սահմանը, դեռ անհայտ է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Գորիս խոշորացված համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի ձերբակալության իրական նպատակը Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք կորզելն է։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրների վստահեցմամբ՝ քննիչներն ամեն գնով փորձելու են կատարել Նիկոլ Փաշինյանից ստացած ցուցումը, որպեսզի առաջիկայում չեզոքացնեն սյունյաց ըմբոստ համայնքապետերին։ Բանն այն է, որ մոսկովյան այցից հետո Նիկոլ Փաշինյանն ակտիվ թափով սկսելու է Մեղրիի միջանցքի «շինարարությունը», եւ որպեսզի գործընթացն անաղմուկ ու հարթ անցնի, Սյունիքի համայնքների ղեկավարների պաշտոններում պետք է լինեն յուրայիններ, որոնք չեն խանգարի այս պլանների իրականացմանը։ Նշենք, որ Լուսինե Ավետյանին ձերբակալել են ընտրություններին ընդառաջ սոցիալական աջակցություն բաժանելու եւ մարդկանց «Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցելուն հարկադրելու կասկածանքով, մի բան, որը համատարած արել են ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը՝ հօգուտ ՔՊ-ի։ Անգամ մարզպետարանների պաշտոնական էջերում բաց տեղեկություններ կան, թե ինչ մեծ քանակի աջակցություն է տրվել բնակչությանը, եւ ինչպես են մարզպետները կազմակերպել ՔՊ հանրահավաքին մարդկանց մասնակցությունը, բայց մինչ օրս որեւէ մեկին ո՛չ ձերբակալել են, ո՛չ էլ որեւէ քրգործ կա հարուցված»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին վերջերս սկսել է հաճախ այցելել Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանը: Ըստ ականատեսների՝ Գրիգորյանը գիշերային այցեր է իրականացնում, Փաշինյանին խորհուրդներ տալիս տարբեր իրավական հարցերի մասով: Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ Վահե Գրիգորյանի եւ Նիկոլ Փաշինյանի փոխհարաբերությունները մի քանի ամիս է, ինչ կարգավորվել են: Նշենք, որ հուլիսի 2-ին չորս քաղաքական ուժեր դիմել էին Սահմանադրական դատարան՝ արտահերթ ընտրությունները չեղարկելու պահանջով, ու այդ հարցում եւս Փաշինյանը խորհրդակցում է Վահե Գրիգորյանի հետ, ներսից նրան ինֆորմացիաներ է հասցնում: Դա է բացահայտել է «Հայաստան» դաշինքը, ինչի համար պահանջ են դրել, որ իրենց բողոք-դիմումի քննությանը Վահե Գրիգորյանը չմասնակցի: Սակայն ՍԴ-ն մերժեց այս միջնորդությունը, եւ հարցն այն է, որ Վահե Գրիգորյանը ՍԴ անդամ է, ու հիմնավոր փաստեր չկան նրան արգելելու նիստին մասնակցել: Մենք արդեն մի քանի օր է՝ փորձում ենք այս հարցերի շուրջ զրուցել Վահե Գրիգորյանի հետ, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չի պատասխանում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Զինվորական քննչական վարչությունում ազատումների շքերթ է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հայտնվել են խնդրի առջեւ, եւ դա է պատճառը, որ այլ ելք չունենալով՝ ազատման դիմումներ են գրում: Քննիչներն իրենց վարչության պետերին դիմում են ներկայացնում եւ հայտնում, որ այլեւս ուժ չունեն աշխատելու այս պայմաններում, քանի որ իրենց գլխին հազարավոր քրեական գործեր են, որ չեն հասցնում քննել: Կարճ ասած, քննիչի գործը անշնորհակալ աշխատանք է դարձել, ուստի մասնագետները գերադասում են լքել համակարգը: Օրերս ազատման դիմում է գրել Իջեւանի ՀԿԳ քննիչներից Հայկազ Մելքոնյանը, եւ որքան էլ նրան համոզել են մնալ, չի համաձայնել: Զինվորական քննիչներից շատերն էլ դիմում են գրել, տեղափոխվել են դատախազություն՝ դատախազի աշխատանքը համարելով առավել թեթեւ ու հանգիստ գործ: Ավելին՝ քննիչներն իրենց ղեկավարներին դժգոհել են, որ 10 օր որեւէ քրեական գործով գործողություններ չեն անում, դատախազությունը ծառայողական քննություն է նշանակում, ու երբ բացատրում են դատախազներին, որ չեն հասցնում, քանի որ հազարավոր գործեր կան իրենց վարույթում, դատախազները չեն լսում՝ հորդորելով դիմել կառավարություն, որ նոր հաստիքներ բացեն: Հասկանալի է, որ դա այնքան էլ իրատեսական չէ, հետեւաբար քննիչներն իրավիճակից դուրս գալու միակ ելք են համարում ազատման դիմում գրելը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ականապատ դաշտերի քարտեզները պետական գաղտնիք պարունակող ինֆորմացիաներ են՝ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը՝ նշելով, որ այդ քարտեզները գտնվում են ՊՆ տնօրինման ներքո։ Սակայն ե՛ւ նա, ե՛ւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հրաժարվեցին այս թեմայով խոսել՝ նշելով, որ այդ քարտեզներին «դոստուպ» ունեցել են միայն այն մարդիկ, ովքեր լիազորված են եղել տիրապետելու պետական գաղտնի ինֆորմացիայի։ Իսկ կա՞ իրավունք՝ դրանք հանձնելու թշնամուն։ «Ես չգիտեմ, հարցրեք ՊՆ-ին։ Դուք մտածում եք, որ ես գաղտնի ինֆորմացիայի մասին պիտի խոսե՞մ»,- ասաց Օհանյանը։ Հիշեցնենք․ անցած շաբաթ օրը հայ ռազմագերիների 15 հոգանոց խումբ վերադարձավ՝ կրկին ականապատման քարտեզների հանձնման դիմաց. այս անգամ՝ Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի, շաբաթներ առաջ էլ գերիների մի խմբի դիմաց ադրբեջանական կողմին էր հանձնվել Ակնայի քարտեզը։ Ի դեպ, մասնագետներն իշխանության այս քայլը գնահատում են որպես Քրեական օրենսգրքով նախատեսված պետական դավաճանություն՝ «թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը․․․ որը կատարել է ՀՀ քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության, պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»: Սակայն այս օրերին ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ Ֆրանսիայի կողմից հնչեցին հայտարարություններ, որտեղ նրանք «ողջունում են մարդասիրական ականազերծումը դյուրացնելու նպատակով Ադրբեջանին տեղեկություններ փոխանցելու Հայաստանի որոշումը»։