Խաղաղապահները 172 ուխտավորների են ուղեկցել Ամարասի եւ Գանձասարի վանքեր այցելելիս
Լեռնային Ղարաբաղի ուխտավորները եւ տեղի բնակիչները ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ամարաս եւ Գանձասար վանքեր, հայտնում են ՌԴ ՊՆ-ի մամուլի ծառայությունից:
«Այսօր մենք ուխտավորներին ուղեկցել ենք Գանձասարի վանք, ապահովել նրանց անվտանգությունը եւ ծառայությունից հետո նրանց ուղեկցում ենք դեպի Ստեփանակերտ», - հայտնել է խաղաղապահ զորակազմի սպա Սերգեյ Վիտկոն:
Ուխտագնացների հավաքն իրականացվել է Ստեփանակերտ քաղաքում, որտեղից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 74 հոգանոց մեկ շարասյուն ուղևորվել է Ամարասի վանք, իսկ 98 հոգանոց երկրորդ շարասյունը՝ Գանձասար: Պատարագից հետո հավատացյալներին հետ են ուղեկցել։
Ռուսաստանի Դաշնության Նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: