Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Շուշիի հռչակագիրը
Ռուսաստանը ճիշտ չի համարում երրորդ կողմերի հետ Ադրբեջանի կամ Հայաստանի երկկողմ հարաբերությունները Ղարաբաղի հարցի հետ խառնելը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ Շուշիի հռչակագրի ստորագրումը։
Զախարովայի կարծիքով, տարածաշրջանում երկկողմ հարաբերությունները, այդ թվում ռազմական, չպետք է կառուցվեն այլ երկրների դեմ: Մոսկվան աջակցում է Բաքվի եւ Երեւանի միջեւ երկխոսության կարգավորմանն ուղղված բոլոր քայլերին։
«Համագործակցությունը Հարավային Կովկասում պետք է զարգանա բարիդրացիության սկզբունքների հիման վրա եւ, իհարկե, հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը», — ընդգծել Է Զախարովան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունիսի 15-ին դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր են ստորագրել: Պատմական իրադարձությունը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահի ՝ Ադրբեջան կատարած երկօրյա այցի ընթացքում։
Ալիևի կարծիքով՝ Թուրքիան և Ադրբեջանը ցույց են տալիս աշխարհում Դաշնակցության եզակի օրինակը։ Նա հավելել է, որ Թուրքիայի հետ Շուշիի հռչակագիրը շոշափում է պաշտպանական ոլորտում փոխօգնության հարցերը։