«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրային դրույթներից է ապահովել Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական հանրապետության և այսպիսով ամբողջ աշխարհի հետ։ Այս մասին այսօրվա հանրահավաքում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ընդ որում, կրկին ու կրկին ուզում եմ ընդգծել, որ այս համատեքստում մեր կառավարությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային որևէ տրամաբանություն։ Այսինքն՝ կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքի կարգավիճակի փոփոխությունը բացառում ենք կատարելապես»,- հայտարարեց նա, հայտնում է Լրագիրը:
Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները՝ Հայաստանի տարածքով միջանցք ստանալու մասին, այլ բան, քան աբսուրդ, դժվար է անվանել։ «Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք շատ հստակ՝ տարածաշրջանի տնտեսական կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն։ Եվ այս իմաստով տարանցում, հաղորդակցության ուղիներ երկրները կստանան հավասարաչափ ու համաչափ, այնպես, ինչպես նկարագրված է Մոսկվայի՝ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ։ Եվ Հայաստանը տրամադրված է հետևողականորեն առաջ շարժվել այս հայտարարության դրույթները կյանքի կոչելու համար։ Եվ սա ռազմավարական նվաճում կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար՝ լայն դռներ բացելով խաղաղության, կայունության և երկարատև զարգացման համար»,- հավելեց Փաշինյանը։
Ըստ նրա՝ այսօր այս հեռանկարին խանգարում են Ադրբեջանի կողմից հնչող ագրեսիվ հայտարարությունները, նրա ապակառուցողական դիրքորոշումը, մասնավորապես, այն փաստը, որ Ադրբեջանը շարունակական նկրտումներ է ցուցաբերում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ և չի կատարում միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես, մեր գերիներին վերադրաձնելու մասով։
«Այնուամենայնիվ, մեր 15 գերիների վերադարձը, որը տեղի ունեցավ մի քանի օր առաջ, հույս է ներշնչում, որ առաջիկայում մենք կունենանք տարածաշրջանային մթնոլորտի էական փոփոխություն։ Որևէ կասկած չկա, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները շատ շուտով վերադառնալու են հայրենիք։ Բայց կարևոր է, որ հումանիտար հարցերում իրադարձությունները տեղի ունենան հնարավորինս արագ՝ օր առաջ՝ առանց հակահումանիստական ու հակամարդկային սակարկությունների։ Եվ Հայաստանն արտահայտում է իր պատրաստակամությունը նման քայլերով առաջ գնալու»,- նշեց նա։