Կդատվեք, խմբերով ու տրցակներով. Փաշինյանը՝ «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ է արձագանքել Զագեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցներին ընտրակաշառք բաժանելու մասին լուրերին:
«Փաստեր կան, այդ փաստերով կզբաղվեն։ Ես հույս ունեմ, որ այս արձանագրումը չի հաստատվի, որովհետև եթե հաստատվեց, դա շատ ուրիշ բան կնշանակի, որը շատ ծանր հետևանքներ կունենա։ Եվ ես, ինչպես Զագեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համար եմ ասում, «Գազպրոմ Արմենիայի» ցանկացած աշխատող, ով այդպիսի գործունեությամբ կզբաղվի, մինչև հուլիսի 15-ն առնվազն ազատվելու է աշխատանքից։ Էլ չեմ խոսում քրեական պատասխանատվության մասին», - ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 16-ին, Վայոց Ձորի մարզում նախընտրական հանդիպման ժամանակ:
Փաշինյանը բորբոքվել ու հռետորական հարց է հնչեցրել. «Չհասկացա, Գազպրոմ Արմենիան կարա Հայաստանի կառավարության ու ժողովրդի դեմ աշխատի՞»։ Այնուհետև ինքն էլ պատասխանել է այդ հարցին. «Մտքներովդ չանցնի, կդատվեք հատ-հատ։ Էն, որ աշխատանքից կազատվեք, էդ ընդհանրապես քննարկման թեմա չի, բայց որ կդատվեք, խմբերով կդատվեք, տրցակներով կդատվեք։ Ինչ պրոմ ուզում ա լինի, ինքը թող իմանա, որ կպրոմացնենք, հանկած չշշկռվեն, զգուշացնում եմ ամենայն լրջությամբ»։
Հատկանշանակ է, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ից սկսած արտահերթ խորհրդարանական ընտրություների քարոզարշավի ժամանակ չէր անդրադարձել Հայաստանում ռուսական կապիտալով գործող որևէ ընկերությանը: «Գազպրոմ Արմնեիայ»-ում ընտրակաշառքի մասին լուրերին նրա կոշտ արձագանքը հետևեց «Հայաստան» դաշինքին այդ կազմակերպության նախկին ղեկավար, Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի աջակցությանը: