Աշնանը Կառավարությունը մտադիր է կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանության շրջանակում Ազգային Ժողով ներկայացնել օրենսդրական փաթեթ, որում ի թիվս այլ հարցերի, կընդգրկվի նաև ապօրինի հարստացման քրեականացման գործիքակազմը: ԱԺ-ում այս մասին հայտարարած Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նաև նշել էր, որ հայտարարագրման ինստիտուտը ևս պետք է փոխվի:
Գաղափարի առումով այս նախաձեռնությունը, իհարկե, ոչ միայն անհրաժեշտ, այլև ուշացած քայլ է, բայց որևէ ռեալ մեխանիզմ ես չեմ տեսնում ապօրինի հարստացման դեմ պայքարելու համար: Սա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար
Նաիրա Զոհրաբյանի կարծիքն է.
«Բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանի նման փոքր ռեսուրսներ ունեցող երկրում նման աստղաբաշխական հարստություն ունեցող մարդիկ բոլորն էլ կամ գրեթե բոլորը իրենց հարստությունը կուտակել են, հասկանալի է, ապօրինի ճանապարհով: Որովհետև որևէ տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել, որ սակավ ռեսուրսներ ունեցող երկրում հնարավոր են նման թվով օրինական միլիոնատերեր, որոնք իրենց հայտարարագրերում բացեիբաց ներկայացնում են իրենց «օրինական» միլիոնները»,-
VERELQ-ի հետ զրույցում նշեց պատգամավորը:
Վերջինիս խոսքով, մեզանում կարծես սովորական է ընկալվում, որ հայտարարագիր ներկայացրած անձանց մեծամասնությունը դրանում հիմնավորում են տալիս, որ իրենց հարստացումը օրինական է և չգիտես ինչու բոլոր հարստացած պաշտոնյաները մեծագույն վաշխառուներ են հանդես գալիս՝ բոլորի հարստությունը կուտակվում է տոկոսով փող տալուց: Այս ամենը հաշվի առնելով, նկատեց Զոհրաբյանը, իր համար հասկանալի չեն այն մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան պայքարել ապօրինի հարստացման դեմ:
«Հայաստանում շատ զարգացած է հարուստ զոքանչների ինստիտուտը: Ես իհարկե ողջունում եմ, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները մեծագույն հավատ ունեն զոքանչների նկատմամբ, որ իրենց ունեցվածքի գերակշիռ մեծամասնությունը ձևակերպում են իրենց զոքանչների անունով, բայց կրկնում եմ՝ ես չեմ տեսնում այս պահին ռեալ մեխանիզմներ ապօրինի հարստացման դեմ պայքարելու: Գուցե երբ սեպտեմբերին, երբ խորհրդարան ներկայացվի հակակոռուպցիոն մեծ փաթեթ, այդ թվում և կեղծ հայտարարգրերի դեմ քրեական պատասխանատվության ու ապօրինի հարստացման դեմ օրենքները, մենք կտեսնենք՝ կա՞ն ռեալ գործիքներ, թե ոչ: Բայց այս պահին ես դա չեմ տեսնում»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը:
Իսկ ահա ՀՅԴ խմբակցության քարտուղար
Աղվան Վարդանյանի կարծիքով, ով ընդհանուր առմամբ ողջունում է այս նախաձեռնությունը, խնդիրը միայն մեկ լուծում ունենալ չի կարող: Պատգամավորը համոզված է՝ այդ ոլորտում համալիր խնդիր է, որը համալիր մոտեցում է պահանջում.
«Այստեղ շատ կարևոր նշանակություն ունի նաև Էթիկայի բարձրագույն հանձնաժողովի մասին նոր օրենսդրությունը, որն արմատական փոփոխության պետք է ենթարկվի ու այնպիսի մեխանիզմներ դրանում ներառվեն, որոնք հնարավորություն կտան բացահայտելու և՛ շահերի բախումը, և՛ հատկապես պետական պաշտոնյաների սխալ հայտարարգրումները: Այս ամենը իսկապես համալիր մոտեցում է պահանջում»,- նշեց նա:
Պատգամավորը հիշեցրեց, որ Դաշնակցությունը դեռ վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք, երբ հիմք էր դրվում կոռուպցիայի դեմ պայքարին, ներկայացրել է հայեցակարգ և ասել, որ ընդդիմությունը պետք է ղեկավարի այդ վերահսկողական մարմինն ու մեխանիզմները: Եվ այսօր էլ, իշխանական կոալիցիայի մաս կազմելով, Աղվան Վարդանյանը պնդեց՝ հակակոռուպցիոն մարմինը, որտեղ պետք է համամասնորեն ներկայացված լինի և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, և՛ քաղաքացիական հասարակությունը, այն պետք է ղեկավարի հենց ընդդիմությունը.
«Ի վերջո, կոռուպցիան իշխանությանն առնչվող խնդիրէ: Շատ ծանր ու բարդ աշխատանք է, կապրենք՝ կտեսնենք»,- հավելեց Վարդանյանը:
Իրավապաշտպան
Ավետիք Իշխանյանը հարցը լսելով ասաց, որ անտարբեր է այդ նախաձեռնությանը, իսկ այնուհետ բացատրեց, թե ինչու: «Իհարկե, ապօրինի հարստացման քերականացումը շատ կարևոր է, բայց ինչպես և շատ այլ օրենքներ, այնպես էլ այս մեկը, ես վստահ եմ, կկիրառվի ընտրողաբար և ըստ ցանկության»,- ասաց նա: Իշխանյանը պարզաբանեց, որ այդ օրենքը չի կիրառվի այնքանով, ինչքանով իշխանական համակարգի տարբեր մակարդակի չինովնիկները կամ գործարարները հավատարիմ են իշխանությանը: Եթե նրանք անհավատարմությունից կես քայլ էլ անգամ դուրս գան, ապա, նկատեց մեր զրուցակիցը, շատ հնարավոր է, որ օրենքը ազդեցություն ունենա.
«Ոչ իրավական պետության պարագայում կարևոր օրենքների առկայությունը ոչ միայն այնքան կարևոր չի, այլ երբեմն կարող է լինել գործիք ընդդիմության բերանը փակելու համար: Բոլորս ենք, կարծում եմ, հասկանում, որ այն երբեք չի կիրառվի յուրայինների նկատմամբ»,- կարծիք հայտնեց իրավապաշտպանը:
Ավետիք Իշխանյանը օրինակ բերեց իր ոլորտից, խոշտանգումների մասով՝ նշելով, որ դեռևս ՀՀ որևէ պաշտոնյա խոշտանգումների համար չի պատժվել: Նախկինում դա բացատրում էին նրանով, թե ՀՀ օրենսդրության խոշտանգումների մասին հոդվածը չի համապատասխանում ՄԱԿ-ի համապատասխան Կոնվենցիային: Անցած տարի, սակայն, այդ համապատասխանեցումը տեղի է ունեցել, բայց, ընդգծեց Իշխանյանը, մինչ օրս որևէ պաշտոնյայի նկատմամբ այդ հոդվածը չի կիրառվել.
«Խնդրեմ օրինակը: Համոզված եմ, որ նույն ճակատագիրն է սպասվում ապօրինի հասրտացման քրեականացման օրենքին»,- հավելեց նա:
Իր հերթին տնտեսագետ
Աշոտ Խուրշուդյանը մատնանշեց, որ Հայաստանը ժամանակին հրաժարվել ապօրինի հարստացման քրեականացումից: Մասնավորապես, ՀՀ-ն, անդամակցելով ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվենցիային, կոնկրետ այդ դրույթը չի ընդունել: Բայց, անշուշտ, կառավարության այս նախաձեռնությունը ցույց է տալիս մի դրական տեղաշարժ, այն է՝ Հայաստանը ի վերջո ընդունում է, որ պետք է քրեականացվի անօրինական հարստացումը.
«Պրակտիկ սա նշանակում է, որ եթե ինչ-որ մեկը գործարք է կատարում և չի կարողանում հիմնավորել, թե որն է եկամուտի աղբյուրը, ապա այն պետք է բռնագանձվի: Սա բավականին լուրջ գործիք է, բայց որպեսզի այդ գործիքը լիարժեք աշխատի, պետք է երկու բան արվի՝ վերանայվի հայտարարագրերի ինստիտուտը, որն ունի լուրջ թերություններ և վերականգնել այն դրույթը, որը սահմանում է, որ որոշակի շեմից հետո, իսկ նախկինում դա սահմանված էր 8 մլն դրամ, բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեն: Որովհետև եթե հայտարարագիր ներկայացնելու են միայն պետական պաշտոնյաները, ապա սողանցքները շատ են ու հնարավորություններն էլ, որ իրենց եկամուտները այլ անձանց միջոցով վայելեն, ինչն էլ անում են»,- նշեց տնտեսագետը:
Տնտեսագետը ևս կիսում է այն կարծիքը, որ միայն օրենքն ընդունելով խնդիր չի լուծվում, դրա համար ռեալ մեխանիզմներ ու գործիքակազմ է հարկավոր, այլապես այն կվերածվի ընտրովի մեխանիզմի, իսկ որոշ դեպքերում էլ նաև քաղաքական հաշվեհարդարի լծակ կդառնա իշխանության դեպքում:
Հեղինակ՝ ԼԻԱ Խոջոյան