Թուրքիացի հայտնի լրագրող, գրող Ջենգիզ Աքթարը Haberdar կայքի իր սյունակում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, Գերմանիայի Բունդեսթագի կողմից հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանն ու Թուրքիայում դրան հաջորդած հիստերիային ու «ամոթալի քայլերին», ներկայացնում է tert.am-ը մասնակի կրճատումներով։
«Հակառակը զարմանալի կլիներ։ Ազգայնականության տրավմայով ապրող այս հայրենիքում թուրք/սուննի տղամարդ չհանդիսացող յուրաքանչյուր անձ օտարվում է, և Հայկական հարցին առերեսվելը հնարավոր չէր։ Ապրիլի սկզբին «երկու պետություն՝ մեկ ազգի» մեր ազգակից Ադրբեջանի՝ Ղարաբաղի վրա հարձակվելուց հետո ակնհայտ կողմնակալություն դրսևորեցինք։ Անկարան, դիվանագիտական բոլոր կոնվենցիաներին հակադրվելով, Հայաստանին «կարգի հրավիրեց». Բաքվից բացի՝ ոչ մեկի կողմից չկարևորված հայտարարություններով հանդես եկավ։
Թուրքիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ ի հակադրություն Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի՝ Հարավային Կովկասում լուծում գտնելու հարցում ներդրում ունենալ չի կարող։ Անկարան մինչև Բաքվի (նաև Քաթարի ու Սաուդյան Արաբիայի) նավթի վերջանալը նրա հետ կապված է ապրելու և իր կողքին ուրիշ ոչ ոքի չի ունենալու։
Այնինչ ուր էինք հասել. 2003 թվականին Լիբանանի հանգուցյալ վարչապետ
Ռաֆիկ Հարիրիի նախաձեռնությամբ լիբանանահայերի հետ խորհրդակցությունները, 2008 թվականին
Աբդուլլահ Գյուլի ու
Սերժ Սարգսյանի գլխավորությամբ «ֆուտբոլային դիվանագիտությունը», 2009-ին Շվեյցարիայի գլխավորությամբ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի հովանու ներքո ստորագրված, այժմ արդեն տապալված Ցյուրիխյան համաձայնագիրը, 2001-2004 թթ.-ի բարեփոխումներով քաղաքացիական հասարակության կողմից կասկածի, հետաքրքրության, տեղեկանալու ժամանակահատվածը, պետության կողմից՝ հիշողության այդ աշխատանքներին չխոչընդոտելը, անգամ երբեմն, թեկուզ ցուցադրական, որոշ կառույցների վերակառուցման աշխատանքների մեկնարկը, Էրդողանի կողմից 2015 թվականին «ցավը կիսելը», Դավութօղլուի կողմից՝ ընդհանուր ցավից խոսելը...
Այսօր և հատկապես Բունդեսթագի որոշումից հետո իրադրությունը ողբերգական է։ Գերմանացիները, 2005 թվականին հիշեցնելով հրեաների ցեղասպանությունն իրենց կողմից ճանաչելու մասին, Հայաստանին ու Թուրքիային կոչ էին արել, սակայն այստեղից ոչ մի պատասխան չէին ստացել։ Անցյալ տարի հարյուրամյակի կապակցությամբ գերմանական կուսակցությունները համաձայնել էին բանաձևը քվեարկության դնել, սակայն կառավարության շահերից ելնելով, այսինքն՝ փախստականների հարցի պատճառով հետաձգվել էր։ Սակայն արդեն դանակը ոսկորին էր հասել։
Քրդերի հարցով զբաղված, նրանց դեմ կենտրոնացած և քրդերի հանդեպ ատելություն տարածող, մի քայլ ևս ցեղասպանության մոտեցող «Թուրքիան թուրքերինն է» գաղափարախոսությունը, Գերմանիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո, սկսեց անհեթեթություններ ասել, թե այստեղ ցեղասպանություն չի եղել։
Ամենաանմակարդակ արձագանքների մանրամասների մեջ խորանալ չեմ ցանկանում։ Գերմանիայի տարբեր կուսակցություններում ներառված թուրքական արմատներով 11 պատգամավորներին սպառնալուց ու վիրավորելուց, մյուս կողմից՝ Նամիբիայում 20-րդ դարասկզբին գերմանացիների իրականացրած ցեղասպանությունը խորհրդարան մտցնելու օրինագծի անմակարդակությունից փշաքաղվել կարելի է։
Այս հոդվածը գրելու փորձի ընթացքում մյուս կողմից էլ Ստամբուլից եկող երկրաշարժի, վթարի, զինված հարձակման լուրերն եմ դիտում։ Անպատիժ մնացած ցեղասպանության հանցագործությունը չհիշելն անհնար է։ Անպատիժ, մոռացության տրված, կեղծված, հարյուր տարի է՝ արդարությունը չվերականգնած, սակայն այդքան անեծքից փախուստ չունեցող ցեղասպանության հանցանքի...»։