24.11.2024
Տղամարդը կալանավորվել է՝ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու համար
prev Նախորդ նորություն

Հերոսների անունն անմահ է. մեկնարկել են Հավերժության պուրակի կառուցման շինաշխատանքները

Մեկնարկել ենք "Թովմասյան" հիմնադրամի նախաձեռնած Հավերժության պուրակի կառուցման շինարարական աշխատանքները:


Հավերժության պուրակում Արցախյան առաջին, Ապրիլյան և Արցախյան երկրորդ պատերազմներում զոհվածների հարազատները կկարողանան իրենց նահատակված հերոսների համար անվանական մեկ պտղատու ծառ տնկել և ամեն տարի բերք ստանալ այդ ծառից: 


Հատակագծով նախատեսված պուրակը հավերժության խորհրդանիշի տեսք ունի, որը կունենա նաև Խաչքարերի պուրակ, կահավորված կլինի նստարաններով:


"Այս այգու կառուցումը երախտագիտության նշան է, հայրենիքին կյանքը նվիրած անմահ հերոսների հանդեպ հարգանքի և ոգեկոչման ևս մեկ ձև: Ամեն անգամ Եռաբլուր այցելելիս տեսնում եմ շիրմաքարերի մոտ հեկեկացող մայրերին և հասկանում, թե որքան մենք պարտական ենք նրանց: Այս այգու կառուցումը նախաձեռնվել է այն մտայնությամբ, որ որդեկորույս մայրերը հնարավորություն ունենան մի ծառ տնկել և ամեն տարի ծաղկած տեսնեն իրենց որդու անվանական ծառը և գիտակցեն, որ իրենց հերոսի անունն անմահ է",- ասում է "Թովմասյան" հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը:


Նրա խոսքով՝ մենք պետք է ամեն րոպե արժևորենք ու գնահատենք մեր անմահ հերոսների սխրանքը, որոնք իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին։


Հիշեցնենք, այգին հիմնվում է Երևանից Ապարան տանող ճանապարհի հարակից վայրում՝ Տառերի պուրակի և Սուրբ Խաչի մոտ, որտեղ նաև Թովմասյանների ընտանիքը եկեղեցի է կառուցում: