Եթե ՌԴ-ն չմիջամտեր, շատ ավելի վատ հետևանքներ կունենայինք. Ռոբերտ Քոչարյան
Նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի գրեթե բոլոր կետերն արդեն կյանքի են կոչվել, բացի հարավային միջանցքից և գերիների վերադարձից։ Այս մասին իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
«Մենք կարող ենք քննարկել, թե ինչու է այս իշխանությունը այդ հայտարարությունը նման կերպ ընկալել։ Չենք կարող հետ պտտել անիվը և վերադառնալ նախկին իրավիճակին։ Այս մարդիկ ներկայացնում են այնպես, իբր ստորագրել են ոչ թե Հայաստանի համար, այլ՝ Ռուսաստանի։ Մինչդեռ Ռուսաստանի միջամտությունը բոլորովին այլ իրավիճակում է եղել, և եթե ՌԴ-ն չմիջամտեր, շատ ավելի վատ հետևանքներ կունենայինք»,- ասել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ իրավական հետևանքներ լինելու են։ Քոչարյանը նաև համոզմունք է հայտնել, որ կարելի էր որոշ հարցերի շուրջ բանակցել։
«Դեկտեմբերին ևս մի թուղթ ստորագրվեց, և դրա մասին ոչ ոք չգիտեր, չի բանակցել։ Սա գաղտնի գործարք է, որը հարվածի տակ է դրել ՀՀ անվտանգությունը, և այս ամենի համար մարդիկ պետք է պատասխան տան: Մենք ստիպված ենք լինելու հաշվի նստել եղած իրավիճակի հետ և փորձել այդ իրավիճակից բխող լուծումներ գտել։ Այն մարդիկ, որ այսօր չոքել են Ալիևի առաջ, հիմա տղամարդկությունից են խոսում»,- հավելել է Քոչարյանը: